Գրքեր

Հոգեգալուստ

Մխիթարիչն Հոգին Սուրբ՝ զոր առաքեսցէ Հայր յանուն Իմ, Նա ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ և յիշեցուսցէ ձեզ։

Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, Որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ (Հովհաննես 14։26)։

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հոգեգալուստը, երբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտները հրեղեն լեզուների տեսքով ստացան Սուրբ Հոգուն։ Նրանք ստացան Մխիթարիչին։ Ով որ այս աշխարհում կասի, որ ինքը Սուրբ Հոգու կարիքը չի զգում և չունի, չարաչար սխալվում է և կդատապարտի ինքն իրեն դատարկ և ունայն կյանքի։ Այո՛, Աստծու տնօրինությամբ և նախախնամությամբ մարդիկ ծնվում-ապրում են, կրթություն են ստանում, աշխատում են, ընտանիք են կազմում, տարբեր գործեր են ձեռնարկում, ծրագրեր են կազմում իրենց կյանքի համար, ընթանում են իրենց ազատ կամքով, որովհետև Աստված մարդուն օժտել է ինքնուրույն գիտակցությամբ։ Աստված մարդուն տվել է ինքնուրույն ապրելու ազատություն, խելք, վտանգից խուսափելու կամ դուրս գալու լայն հնարավորություններ, տխրությունից՝ մխիթարություն, հիվանդությունից՝ բուժում և ապաքինում, սնանկությունից՝ հարստացում, փլուզումից՝ վերակառուցում, երաշտից հետո՝ բերքատվություն, քնից հետո՝ արթնություն, դատարկությունից հետո՝ լիություն, կարկուտից հետո՝ արև։ Թվում է, թե ոչ մի խնդիր չկա, մարդիկ ինքնուրույն գլուխ են հանում ամեն ինչից, որ իրենց անհրաժեշտ է, կյանքն առանց Աստծու անունը կանչելու էլ ընթանում է, և իրենք Սուրբ Հոգու կարիքը չունեն։ Զբաղմունքների, անելիքների, գործերի ու աշխատանքների պակաս չկա, և մարդիկ համարում են, որ նախնադարյան միամիտ պատկերացումների արդյունք է Աստծու նկատմամբ հավատքը, քանի որ աշխարհը զարգանում է մարդու խելքով և աշխատանքով, ուրեմն էլ ինչու հավատալ Աստծուն կան Սուրբ Հոգուն խնդրել, որ օգնի, զորացնի, մխիթարի, մեղքերից մաքրի, ների և կործանվելուց փրկի։

Իրականում Սուրբ Հոգու կարիքը յուրաքանչյո՛ւրն ունի, յուրաքանչյուր մարդ։ Միայն նրանք կարող են ասել, որ առանց Սուրբ Հոգու զորության ու շնորհների էլ հնարավոր է ապրել ու ստեղծագործել, ովքեր չեն ճաշակել Սուրբ Հոգու շնորհների քաղցրությունը, չեն զգացել դրանցով առաջնորդվելու բերկրանքը և դրանց պտուղների քաղցրությունը։ Այո՛, կյանքը հոսում և ընթանում է, բայց դա էլ Աստծու խոսքի զորության արդյունքն է։ Սակայն Սուրբ Հոգով լցված մարդը գիտի, որ ամեն ինչ այլ է, երբ իր հոգու, սրտի, մտքի առաջնորդը Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին մաքրագործում է այն ամենը, ինչ ծնվում է մարդկային մտքում, սրտում ու հոգում, սրբագործում է մարդկային գործերը։ Սուրբ Հոգով լցված և առաջնորդվող մարդը Երկնային Արքայության է վերածում իր շուրջբոլորը, իր աշխատանքային ու ընտանեկան հարաբերությունները, որովհետև Նա խաղաղեցնում է մեզ, մաքրում է մեղավոր խորհուրդներից, սերն է ավելացնում մեր հոգում ու սրտում, բացում է մեր հոգու աչքերը, մեր միտքն է լուսավորում, առաքինությունների բազում շնորհներ է պարգևում և մեզ փոխում է անճանաչելիորեն։ Մենք Սուրբ Հոգով ձեռք ենք բերում հոգու՝ անկարելի թվացող նոր ու լուսավոր որակներ։ Հաղթահարում ենք մեր մեղքերն ու հոգու արատավոր երևույթները, սեր մտցնում յուրաքանչյուր գործի մեջ, սիրո կրակով բորբոքվում, հավատի մեջ զորանում, հույսով գոտեպնդվում։ Նա վերափոխում ու վերակերտում է մեզ։ Երբ մարդը ամենից շատ է զգում օգնության կարիք և աջակցություն ակնկալում սպասում այլ մարդկանցից, հենարան է փնտրում, նրա համար անփոխարինելի ապավեն կարող է դառնալ միմիայն Սուրբ Հոգին։ Իրականում Սուրբ Հոգու կարիքը բոլորն ունեն, ուղղակի չեն գիտակցում և ըմբռնում դա։

Սուրբ Հոգին մեր զորությունն է ու ուժը, մեր համբերությունն է, մեր հոգու սիրո սերմն է։ Մենք մեղք գործելուց հետո փորձում ենք վերահաստատվել և անկումից բարձրանալ Սուրբ Հոգով։ Աշխարհում բազում փորձություններ կան՝ հարազատների մահ, հիվանդություններ, անհաշտություններ մտերիմների ու հարազատների շրջանում, դավաճանություն, ամուսնալուծություններ, խարդախություններ ու խաբեություն, բնական աղետներ, որոնք հաղթահարել հաճախ առանց Սուրբ Հոգու զորության շատ դժվար է։ Երբեմն մարդկային կորուստը կրկին կորուստ է բերում, հետևաբար մարդն իսկապես կարիք ունի Սուրբ Հոգով զորանալու, ընթանալու ու առաջնորդվելու, քանի որ Նա նաև մեր իմաստությունն է։

Նա նաև մեր միաբանությունն է։ Քանի որ սատանան կյանքում մարդկանց մեջ միայն բաժանումներ, գժտություն, պառակտում, հայհոյանք, թշնամանք, սպանություն, բամբասանք ու դավեր է մտցնում, ապա Սուրբ Հոգին մարդկանց միջից վերացնում է եսասիրությունն ու նրանից բխող բոլոր վատ հատկանիշները, մարդու սիրտը դարձնում է դեպի բարին և ըստ այդմ էլ միություն ու սեր է մտցնում մարդկանց մեջ։ Այդ բարության ու սիրո կարիքն է զգում աշխարհը և դրա պակասն ունի։ Այո՛, Աստծու ստեղծած աշխարհը զարգանում է ու գնում առաջ, կյանքը ընթանում է, բայց չարը ջանք չի խնայում մոլորեցնելու մարդկանց՝ Աստծուց հեռացնելով։ Չարի տիրապետությամբ՝ մարդիկ չեն զգում իրենց բռնած ճանապարհի կործանարար լինելը։

Մարդիկ ուզում են աշխարհի տարբեր հնարավորություններից օգտվել, անմասն չմնալ բարիքներից, ունենալ նորաձև հագուստ, արդուզարդ, բայց հարկ է, որ կարևորեն Սուրբ Հոգով հարստանալը և Նրա շնորհներով զարդարվելը։ Միայն շոշափելի զարդարանքները չէ, որ այս կյանքում պետք է փնտրել, այլ ավելի կարևոր է Սուրբ Հոգու շնորհներով զարդարվելն ու հարստանալը, որովհետև դրանք ունեցողը կցանկանա հարատևել այդ շնորհների մեջ, կզգա դրանց քաղցրությունը, կտեսնի իր իսկ վերափոխությունը։ Նրա համար առաջնային են դառնում «տալը, քան առնելը», զոհաբերությունը և ոչ թե նյութական հարստության տենչը, անմնացորդ սիրո գործերը և ոչ թե հաշվենկատությունը, ներումը և ոչ թե վրեժխնդրությունն ու հիշաչարությունը, խաղաղության պահպանումը և ոչ թե բարկությունը, քաղցրությունը և ոչ թե կոպտությունը, անձայն ողորմությունը և ոչ թե ցուցադրված բարիքը, հոգատարությունը և ոչ թե ութերորդ մահացու մեղք համարվող անտարբերությունը, համեստությունը և ոչ թե ճչացող արտաքինը։ Սուրբ Հոգով լցված մարդը հազարապատիկ ավելի հարուստ ու գեղեցիկ է, իսկ առանց դրանց՝  աղքատ։       

Սիրելինե՛ր, մաղթում եմ լցվել Սուրբ Հոգու շնորհներով, ոչ միայն լցվել, այլև հարստանալ նրանցով։ Ոչ միայն կատարել բարի գործեր, այլև կատարել դրանք ավետարանական պատգամների համաձայն։ Ոչ միայն քրիստոնյայի անուն ունենալ, այլ մաքուր էությամբ կատարել գործեր, որոնք կպատմեն Աստծու փառքը։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։ 


Տեր Վահան քհն. Առաքելյան

 

23.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․