Գրքեր

Հոգևոր աջակցություն հանուն հայրենիքի զոհված զինծառայողի մորը

Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնի օրը՝ հավարտ Ս. Պատարագի, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և Արցախում զոհված զինծառայող Հրաչյա Սարգսյանի մայրը՝ Աիդա Սարգսյանը, ԱՀԹ առաջնորդարանում հանդիպեցին առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին:

Տիկին Աիդան, Սրբազան Հոր օրհնությամբ և աջակցությամբ, այս տարվա ապրիլին մասնակցեց դեպի Երուսաղեմ ուխտագնացությանը, որ կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին:

Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց տիկին Աիդային, ով, անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենան Հայոց Հայրապետի հրավերին, մեկնեց Երուսաղեմ ուխտագնացության: «Քրիստոսակոխ և նվիրական վայրերում մարդը վերանորոգում կամ վերագտնում է իր հավատքը: Հավատքն ուժ ունի փարատելու մարդու ամենամեծ վիշտը, որովհետև հավիտենական կյանքի ճանապարհն է ցույց տալիս: Աստծո հետ կապը վերանորոգելով, հավատքը զորացնելով և հոգու խաղաղությունը վերագտնելով՝ ուխտավորը վերադառնում է իր տուն զորացած և լուսավորված: Հայոց ազգը՝ որպես Տիրոջ հավատարիմ ազգ, անցնելով դարերի փոթորիկների միջով, սուրբ հողի վրա պահպանել ու շարունակում է պահպանել իր իրավունքներն ու սրբությունները՝ զարգացնելով և հզորացնելով դրանք անկեղծ հավատքով և հայկական ինքնությամբ: Ոտք դնելով սուրբ հողի վրա՝ դուք միացաք հազարամյա ուխտավորների զորավոր և հոգենորոգ աղոթքին»,- ասաց Նավասարդ Սրբազանը:

Այնուհետև Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը հղեց քաջարի զինվորի մորը՝ տիկին Աիդային. «Հանուն հայրենիքի իրենց անձը զոհած մեր քաջարի հերոսները լուսեղեն ճանապարհ հարթեցին դեպի հայ մարդու վերակերտում, դեպի լուսավոր ապագա: Անպարտելի ժողովուրդը նա է, ով հավատում է իր հաղթանակին, և պարտված է նա, ով չի հավատում: Կյանքից կառչելով՝ կյանքը չեն փրկում: Խաղաղությունը նվեր չեն ստանում, այն ձեռք են բերում: Պաշտպանել հոգևոր անկախությունը, ուրիշների խաղաղ երկինքը՝ ամենամեծ պատիվն է, որ կարող է որևէ մարդ երազել: Բարի, հայրենասեր և ինքնազոհ մայրերը, մեր համոզմամբ, հայ մայրերն են, որ պատմության մեջ միշտ զրկանքներ կրելով՝ կարողացել են ոչ միայն սերունդ ապահովել, այլև հերոս զավակներ ծնել: Մեր նահատակ զավակները մեր հոգու լույսն են, որ պետք է միշտ բորբոք պահել: Փառավոր պատիվ է ընծայվել նաև ձեր որդուն: Նրան հիշելու ենք ոչ միայն մեր աղոթքներում, այլ նաև մեր գործերում: Մեր անկեղծ երախտագիտությունը ձեզ, որ նման հերոս զավակ ունեք: Թող նրա հոգին երկնքի լուսավոր անդաստանում խաղաղության մեջ հարատևի ՝ ի շնորհիվ ձեր և մեր հավատքի»:

Ինչպես պատմում էր տիկին Աիդան, դեռևս մեկ ամիս առաջ հաղորդ դառնալով Տերունական սրբավայրերին, կարողացավ վերագտնել իր հոգու խաղաղությունը: «Այնտեղ՝ Սուրբ Երկրում, ես հրաշքի ականատես եղա՝ զգացի որդուս ներկայությունը, հարության հույսը մխիթարեց խռովված հոգիս և որպես նոր մարդ՝ նորոգված և զորացած վերադարձա տուն»,- ասաց տիկին Աիդան և իր երախտագիտությունը հայտնեց Սրբազան Հորը, ով նպաստեց, որ իրականություն դառնա իր նվիրական երազանքը:

Հանդիպման ավարտին Տեր Գրիգորը ևս շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին՝ նշելով, որ Արարատյան Հայրապետական թեմում, Սրբազան Հոր օրհնությամբ, հայ զինվորին և նրա ընտանիքին նվիրված բազում ծրագրերին միացավ ևս մեկը, որը հոգևոր մեծ աջակցություն և մխիթարություն է հանուն հայրենիքի զոհված հերոս զինվորների մայրերին:

 

Կարինե Սուգիկյան

10.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․