Գրքեր

Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները

Դեկտեմբերի 7-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց աստվածաբան Շահանե Հարությունյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:

Սրբապատկերների ստեղծման պատմությանն անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ վաղ քրիստոնեության շրջանում աստվածաշնչյան պատումները մարդկանց էին փոխանցվում պատկերների միջոցով, քանի որ Սուրբ Գիրքը, ձեռագիր լինելու պատճառով, հասանելի չէր բոլորին և կային նաև ոչ գրաճանաչ մարդիկ: Պատկերագրության մեջ սկզբնավորվեցին կանոններ, որոնց հիման վրա, ուղղափառության շրջանակներում, պատկերվում էին սրբապատկերներ, որ ունեին իրենց գունային և սիմվոլային համակարգը: Վաղ քրիստոնեության շրջանից առ այսօր առաջ եկած աղանդավորական շարժումները ևս աստվածաշնչյան թեմաներ են պատկերում՝ քաջ գիտակցելով, որ մարդու ենթագիտակցության վրա պատկերն ավելի շուտ է ազդում, քան խոսքը, իսկ եթե խոսքի հետ համադրվում է պատկերը, ապա պատումը պատկերի միջոցով առավել է տպավորում: «Աղանդավորական պատկերները նպատակ ունեն ավերելու մարդու հոգուն հարազատ ուղղափառ պատկերագրությունը, խաթարելու Քրիստոսի և սրբերի ավանդական պատկերները և այդ պատկերներից բխող աղոթական ոգին: Նրանց պատկերներում ոչինչ պատահական չէ, իսկ գրառումներում առկա է աստվածաշնչյան բնագրի, Հայ եկեղեցու որոշ աղոթքների խեղաթյուրումներ, նաև ակնհայտ շահարկվում և առօրյականացվում է Քրիստոսի անունը»,- ասաց Շահանեն:

Բանախոսը նշեց ուղղափառ պատկերագրության և աղանդավորական պատկերների միջև առկա ակնառու տարբերություները. ուղղափառ պատկերագրության մեջ խաչը չի կարող ստվեր ունենալ, Քրիստոս պատկերվում է լուսապսակով, Նրա հայացքն անորոշ չէ, այլ ուղղված է պատկերը դիտողին, Նրա հագուստը չի կարող սև, մոխրագույն, շագանակագույն, բաց վարդագույն կամ կապույտ լինել, այլ պատկերվում է աստվածությունը խորհրդանշող սպիտակ կամ կարմիր ծիրանի գույներով: Աստվածածնի հագուստը պատկերվում է մանուշակագույն, կանաչ և բաց կարմիր գույներով: Ընդհանրապես նկարչության մեջ գոյություն ունի թունավոր գույներ հասկացությունը: Քրիստոս և սրբերը երբեք չեն պատկերվում կիսադեմ, կիսադեմ են պատկերվում միայն մեղավորները: Քրիստոսի ձեռքերը փակ դիրքում չեն, այլ օրհնող ժեստի դիրքն ունեն: Ս. Ծննդյան պատկերներում սովորաբար այծ չի պատկերվում, որ ըմբոստության և չար ոգու սիմվոլն ունի: Օրինակ՝ Եհովայի վկաներ աղանդավորական շարժումը աստվածանարգության նպատակով Քրիստոսի ոտքերի փոխարեն խոզի կճղակներ է պատկերում կամ ընդհանրապես չի պատկերում Քրիստոսի ոտքերը՝ շեշտադրելու համար, որ Նա հրեշտակ է և ոչ՝ Աստծո որդի:

Բանախոսը մատնանշեց սոց.ցանցերում առկա այն մանիպուլյացիային, երբ ինչ-որ երազանքի իրականացման համար մեկը մյուսին սրբապատկեր է ուղարկում՝ նշելով, որ նա էլ իր հերթին սրբապատկերն ուղարկի նշված թվաքանակով անձանց:

Բանախոսության ավարտին Շահանեն Հայ եկեղեցու հոգևոր կայքէջեր վարող և սոց.ցանցերից օգտվող անձանց հորդորեց աստվածաշնչյան որևէ պատկեր ընտրելիս զգոն լինել՝ տարբերակելու համար ուղղափառ պատկերագրությունը աղանդավորական պատկերից, պատկերին կից աստվածաշնչյան գրառումը ստուգելու միայն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կամ Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության կողմից տպագրված Աստվածաշնչերից:

«Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությունն ընթացավ ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխաններով և ավարտվեց Պահպանիչ աղոթքով:

 

Կարինե Սուգիկյան

07.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․