Գրքեր

Հոգևոր ծառայությունը արձագանք է Տիրոջ կանչին

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս ԻԸ 19, 20): Այս պատգամին հետևելով շուրջ մեկ տասնամյակ է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում հոգևոր ծառայություն է իրականացնում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նրա հետ զրուցել ենք աստվաճանաչողության, հոգևոր սպասավորություն դժվարին ճանապարհի և քահանայի կոչման մասին:

 

Տե՛ր հայր, պատմեք Ձեր մանկության մասին:

Ծնվել եմ Արմավիր քաղաքում, ազգային արժեքներ կրող խիստ ավանդական հայկական ընտանիքում, որտեղ մեծ տեղ էր գրավում ազգայինը, սակայն, ցավոք՝ ոչ հոգևորը: Գրիգորյանների մեծ ազգի առաջին արու թոռն եմ եղել, ուստի, շատ սիրված բոլորի կողմից: Սակայն, չնայած այդ փաստին, խիստ դաստիարակություն եմ ստացել և պատմում են, որ բավականին զուսպ ու համեստ երեխա եմ եղել: Մեր մեծ ընտանիքը՝ Սամվել պապս, իր չորս եղբայրներն իրենց զավակներով, հորեղբայրս, մեր ընտանիքը միշտ սիրո և համերաշխության մթնոլորտում է ապրել կողք-կողքի նույն թաղամասում, որն էլ նպաստել է, որպեսզի սիրեմ մեծ և կուռ ընտանիքը, և հիմա այդ մեծ ընտանիքը ինձ համար Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու իմ համայնքն է:

Որո՞նք են եղել առաջին քրիստոնեական դասերը և ումի՞ց եք այն ստացել:

Իմ առաջին ուսուցիչը եղել է մայրս: Նա է սովորեցրել ճիշտ ապրելու և ընտանիքի արվեստը, ինչպես նաև սերմանել քրիստոնեական արժեքները: Սովորեցրել է սիրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ապրել ու ծառայել Հայ եկեղեցու և հայ ազգի համար: 

Ինչպիսի՞ն է եղել դեպի աստվածճանաչողություն Ձեր ճանապարհը:

Աստվածճանաչողության ճանապարհը ևս ինձ համար մայրս է գծել, ում միջոցով ճանաչել ու սիրել եմ Տիրոջը, և ում արած ուխտի շնորհիվ էլ դարձել եմ հոգևորական:

Ինչպիսի՞ դժվարություններ եք հաղթահարել ուսումնառության տարիներին, երբ նոր էիք թրծվում որպես հոգևորական:

Եթե անկեղծ լինեմ, մեծ դժվարություններ չեմ ունեցել: Կարողացել եմ բոլոր ճեմարանականների հետ էլ եղբայրական ջերմ հարաբերություններ ունենալ: Չնայած Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվելուց առաջ ինքս էլ ընտրել էի հոգևորականի ուղին, սակայն, իմ առջև ավելի կարևոր խնդիր էր դրված՝ մորս ուխտի ի կատար ածումը, քանի որ նա էր ուխտել, որ արու զավակ ունենալու դեպքում նրան Եկեղեցուն է նվիրելու, ինչի մասին բազմիցս եմ պատմել, ուստի, նույնիսկ եթե դժվարություններ էլ եղել են, սիրով են տարվել և այժմ չեն հիշվում, որպեսզի մորս ուխտը դրժված չլիներ:

Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում՝ սարկավագ ձեռնադրումից մինչև հոգևոր հովվություն: Ինչպիսի՞ ճանապահ եք անցել:

Այս շրջանը իմ կյանքի ամենահետաքրքիր շրջանն է եղել, քանի որ Վեհափառ Հայրապետի կողմից ինձ վստահվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրընկալի պարտականությունները՝ հակառակ իմ երիտասարդ տարիքին: Սա մեծ պատիվ էր ինձ համար և մեծ փորձառություն, ինչի համար շնորհակալ եմ Վեհափառ Հորը: Աշխատանքը շատ պարտավորեցնող էր, բայց միևնույն ժամանակ՝ շատ հետաքրքիր: Երեք տարի շարունակ դիմավորել ու ճանապարհել եմ Հայ եկեղեցու գրեթե բոլոր բարձրաստիճան հոգևորականներին, քույր եկեղեցիների հոգևոր հովվապետներին, բարերարների, բարձրաստիճան պաշտոնյաների, և այս բոլոր մարդկանց հետ կարողացել եմ անձնական զրույց ու շփում ունենալ, ինչը մեծ ու կարևոր դիվանագիտական դաս է եղել ինձ համար, որն այժմ շատ է օգնում հովվության ասպարեզում: Այդ շրջանի միակ դժվարությունը ամուսնացյալ քահանա կամ կուսակրոն հոգևորական դառնալու ընտրությունն էր:

Տե՛ր հայր, ո՞րն է հայ քահանայի առաքելությունը և ի՞նչ է Ձեզ համար հոգևոր ծառայությունը:

Հոգևոր ծառայությունը կոչում է, սրտի անկեղծ արձագանքն է Տիրոջ քաղցրալուր կանչին: Արարիչ Աստված մարդկության ստեղծման պահից ի վեր չի դադարում Իր ամենախնամ հոգածությունն ու անեզր սերը տածել Իր անհնազանդ, մեղավոր, բայց սիրելի զավակների նկատմամբ, և այդ սիրո բարձրագույն դրսևորումը եղավ Գողգոթայի բարձունքին մարդացյալ Աստծո խաչելությունը, որով Նա ինքնակամորեն գնաց մահվան, որպեսզի մարդն ապրի: Տիեզերական նշանակության այս իրողությունը մի օր անպայման ցնցում է գիտակցությունդ, փոթորկում ներաշխարհդ, արթնացնում հույզերդ, և հանկարծ, երբ մի փոքր հանդարտվում է հոգուդ ալեկոծությունը, դարերի խորքից «մեղմ օդի ձայնով» Տերը խոսում է սրտիդ հետ. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: Եվ դու հասկանում ես, որ կոչված ես: Կոչված ես Բարձրյալին ծառայելու, Նրա ոտնահետքերով ընթանալու և մարդկանց առաջնորդելու դեպի Երկնային խաղաղ հանգրվան: Սա, անշուշտ, չափազանց պատասխանատու և բարդ ճանապարհ է, քանի որ Տերն իր հոտի ապահով ու անխոտոր ընթացքը քեզ է վստահում, և դու պատասխանատվություն ես կրում աստվածապատկեր յուրաքանչուր հոգու համար: Բայց միանշանակ նաև քաղցր է այս ուղին, քանի որ Տիրոջ մշտարթուն ներկայությունն ես զգում կողքիդ, Նրա պարգևած մխիթարության քաղցրությունը, հույսի ջերմությունն ու հավատի զորությունը: Եվ որպես հայ քահանա այս ամենին ավելանում է նաև ազգայինի պահպանումն ու սերմանումը հայ քրիստոնյայի հոգում: Քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի բոլոր ծայրերում գտնվող այն հոգևոր կառույցն է, որ լծված է հայապահպանության սրբազան գործին:

Տե՛ր հայր, գիտենք նաև, որ Ձեր գործունեության մեջ մեծ տեղ եք հատկացնում Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու բարենորոգչական աշխատանքներին, գրահրատարակչությանը, սոցիալական ծառայություններին, մասունքների պահպանությանը: Կպատմեք յուրաքանչյուրը ներկայումս ի՞նչ փուլում է, և ի՞նչ աշխատանքներ եք պլանավորում իրականացնել:

Ես միշտ ասում եմ, որ Աստված ինձ շատ է սիրում: Ուսանողական տարիներից սկսյալ մեծ հարգանք ու պատկառանք եմ ունեցել Նավասարդ Սրբազան հոգևորական և մարդ տեսակի նկատմամբ, և երազել հոգևոր ծառայություն ունենալ նրա հայրական խնամքի ներքո: Եվ Տիրոջ սերն իմ հանդեպ մեկ անգամ ևս փաստվեց, երբ հոգևոր ծառայության նշանակվեցի Արարատյան Հայրապետական Թեմում, որի Առաջնորդական փոխանորդն է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սրբազանի կողմից էլ 2013թ.-ին ինձ վստահվեց Երևանի սրտում գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվությունը:

Եկեղեցու և Սուրբ Անանիա առաքյալի մատուռի պատմությունը, վստահ եմ, բոլորին է հայտնի, կրկին չեմ անդրադառնա: Միայն նշեմ, որ այս տարիներին, Բարձրյալի օրհնությամբ, եկեղեցին ամբողջությամբ պարսպատվեց, վերականգնվեցին մուտքերի կամարները, այգին բարեկարգվեց ու կանաչապատվեց, Անանիա առաքյալի դամբարանը և եկեղեցին մասնակի վերանորոգվեցին: Բարեպաշտ հավատացյալների միջոցներով մեծ թվով գույք ավելացավ և շարունակում է ավելանալ եկեղեցում:

Ինչ վերաբերում է գրահրատարկչությանը, ապա, գիտեք որ Անանիայի անապատը Սուրբ Մովսես Գ Տաթևացի Հայրապետի օրոք գրչության հայտնի կենտրոն է եղել, և սա առիթ հանդիսացավ, որպեսզի այս կարևոր ավանդույթը շարունակվի, և այժմ արդեն մի քանի գիրք ունենք հրատարակված և մի քանիսն էլ նախատեսել ենք մյուս տարի տպագրելու:

Իսկ սոցիալական ծառայությունը Եկեղեցու հովվական ծառայության անբաժան մասն է: Ուստի, տերունական «սիրիր մերձավորիդ» պատվիրանին ընդառաջ, մեր կուռ ընտանիքի՝ եկեղեցու համայնքի միջոցներով մշտապես կանոնավոր կերպով աջակցում ենք մանկատներին, ծերանոցներին ու կարիքավոր ընտանիքներին՝ ջերմացնելով նրանց սրտերն ու թույլ չտալով, որպեսզի մեր սրտերից սերը ցամաքի:

Գալով եկեղեցում պահվող մասունքներին, ասեմ, որ երբ ծանոթացա եկեղեցու հարուստ պատմությանը, իմացա, որ ժամանակին մեր եկեղեցում է պահվել ժողովրդի մեջ մեծ ճանաչում վայելող «Զորավոր Ավետարանը», որ հետագայում տեղափոխվել և մինչ օրս պահվում է Մատենադարանում: Ծանոթացա նաև Սուրբ Անանիա առաքյալի մասունքների հրաշագործ զորության հետ կապված բժշկության բազմաթիվ դեպքերին: Այնուհետև Ամենակալի բարձրագույն ողորմությամբ Տիրոջ խաչափայտի մասունքը մեր եկեղեցու արժանավոր զավակներից մեկի կողմից նվիրաբերվեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն, իսկ անցյալ տարի էլ, կրկին Տիրոջ ողորմությամբ և նախախնամությամբ, գտանք Քրիստոսի խաչափայտի մեկ այլ մասունք, որ երկար տարիներ պահվել էր մեր եկեղեցում, սակայն տեղն անհայտ էր մնացել: Ահա, այս ամենը պատճառ հանդիսացավ, որպեսզի Սրբազան հոր թույլտվությամբ և օրհնությամբ չորս ուխտի օր հաստատվի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համար, որոնցից մեկի ժամանակ «Զորավոր Ավետարան»-ն է Մատենադարանից եկեղեցի բերվում՝ հավատացյալ ժողովրդի երկրպագության համար: Մյուսի ժամանակ Սուրբ Անանիա առաքյալի աջն ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում մեր եկեղեցի: Եվ մյուս երկուսի ժամանակ դուրս են բերվում Խաչափայտի մասունքները:

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում կատարել հոգևոր հովվի և ընտանիքի հոր պարտականությունները: Ինչպիսի՞ հայր, որդի, ամուսին է տեր Գրիգորը:

Յուրաքանչյուր տղամարդու և առավել ևս՝ հայ տղամարդու սուրբ պարտականությունն է պատվով կրել հոր, որդու և ամուսնու բարձր կոչումները՝ լինի հոգևոր հովիվ, բժիշկ, կառավարիչ, զինվորական թե հողագործ: Եվ մարդկանց մեծամասնության պես ես էլ եմ ձգտում առավելագույն չափով կատարելու իմ ստանձնած պարտականությունները, բայց թե որքանով է դա ինձ հաջողվում՝ թող դատեն ընտանքիս անդամներն ու հարազատներս: Կարծում եմ յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ ետադարձ ակնարկ կատարելով իր անկատար կյանքին, տեսնում է, որ որքան էլ ջանացել է համապատասխանել «լավ» որակավորմանը, միևնույն է, եղել են թերացումներ, բացթողումներ և կարող էր ավելին անել, քան արել է: Եվ խոսքս ավելի շատ հոգևոր, ոչ նյութական արժեքների մասին է՝ սիրո, ուշադրության, հոգատարության, ջերմության, ժամանակի… Տերն իմաստություն, խոնարհություն, համբերություն և ուժ պարգևի ամենքիս, որպեսզի հնարավորինս համապատասխանենք մարդ արարածի սկզբնական, աստվածադիր վեհ կոչմանը:

Տե՛ր հայր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը: Ինչպե՞ս պիտի այս մեծագույն տոնի խորհուրդը իր ներսում և հարաբերություններում դրսևորի քրիստոնյան:

Սուրբ Ծնունդն ու Սուրբ Հարության տոները քրիստոնեական Եկեղեցու երկու կարևորագույն տոներն են, և դրանց խորհուրդը դրսևորելու համար քրիստոնյան նախ պետք է հստակ ընկալի դրանք, որպեսզի տոնը լոկ արտաքին ծեսի բնույթ չստանա: Իրեն քրիստոնյա համարող մարդը, Քրիստոսի սուրբ անունը կրող մարդը պիտի հաշիվ տա իրեն, որ սովորական ծնունդ չի նշում, այլ հենց Սուրբ, և սրբությանն արժանի ակնածանքով ու երկյուղածությամբ մոտենա այդ տոնին: Քրիստոնյան պիտի հասկանա, որ Ամենակարող Աստված, Ամենայնի Արարիչն ամենևին էլ կարիք չուներ թողնելու Երկնքի անհուններն ու սահմանափակվելու մարդկային մարմնի մեջ: Դա րոպեական քմահաճույք կամ սին հետաքրքրասիրություն չէր, այլ՝ կատարյալ զոհաբերություն, անձնազոհ սիրո և անսահման խոնարհության մեծագույն դրսևորում: Աստված ծնունդ առավ Սուրբ Կույսից, որպեսզի մեռնի և Իր սուրբ արյամբ գծի բոլորիս փրկության ճանապարհը: Քրիստոս՝ Իր սուրբ արյամբ, ոչ միայն սրբեց մեզ նախամարդուց ժառանգած մեղքից, այլև հաշտեցրեց Հայր Աստծո հետ և որդեգրության առնելով՝ մի մեծ ընտանիք պարգևեց, որի հետ պիտի ընթանանք դեպի հավիտենական փրկություն: Ուստի, այս սրբասուրբ խորհրդի գիտակցումը պիտի առաջնորդի քրիստոնյային իր կյանքում և հարաբերություններում:

Ինչպիսի՞ դեր պետք է ունենա քահանան, որպեսզի այս մեծ տոնը հայ քրիստոնյայի մոտ չսահմանափակվի միայն տոնը նշելու արտաքին դրսևորումներով:

Քահանան իր օծության պահին ստանում է Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային լույսով վառված Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորհրդանշական կանթեղը, որը լուսավորում է նրա ու նրա հոտի ողջ հետագա ընթացքը: Նա իր սեփական օրինակով, իր քարոզներով, խորհուրդներով ու խրատներով օգնում է հավատացյալին ճանաչել ու սիրել միակ ճշմարիտ Աստծուն: Օգնում է կարգավորել Ծնող-զավակ հարաբերությունները, որն էլ իր հերթին նպաստում է, որպեսզի հավատի միայն արտաքին դրսևորումները տեղափոխվեն ներաշխարհ, և մարդը սովորի իր հոգևոր փորձը նախ և առաջ սրտում ու հոգում վերապրել՝ թույլ տալով, որ մանուկ Քրիստոս նախ և առաջ իր հոգում ծնվի: Միայն այս կերպ քրիստոնյան կկարողանա այս մեծախորհուրդ տոնի լիարժեք մասնակիցը դառնալ:

Ձեր սուրբծննդյան բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

«Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը. երանելի է այն մարդը, որ հույսը դրել է նրա վրա»,- երգում է սաղմոսերգուն, և ես մաղթում եմ, որպեսզի ընթերցողներն էլ ճաշակեն Տիրոջ քաղցրությունը, որ մոռացնել է տալիս կյանքի դառնությունն ու վիշտը: Մաղթում եմ, որպեսզի սուրբծննդյան խնդությունը բոլոր հայ օջախներից ներս մտնի և ավետի փրկության ու հավիտենական կյանքի մասին: Թող Աստվածորդու Սուրբ Ծննդյան տոնը նշվի առ Աստված ունեցած անսահման երախտագիտության անկեղծ զգացումով:

Տեր Հիսուս Քրիստոս ծնվեց մսուրում, ապրեց՝ գլուխը դնելու տեղ չունենալով և մահացավ խաչի վրա: Եվ ես մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուր ընթերցողի սրտում տեղ գտնվի Տիրոջ ամենաօրհնյալ ծնունդի և հավիտյան բնակության համար, որպեսզի այդ մեծ պատվի և ուրախության արձագանքը ելևէջվի յուրաքնչյուրի շուրթերից հնչած ավետիսով՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»: 

 

Պատրաստեց՝ Լուսինե Օհանյանը

Սկզբնաղբյուր՝ Շողակն Արարատյան երկշաբաթաթերթ

 

03.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․