Գրքեր

Հունգարացի ուսանող Պիտեր Քիշշի հանդիպումը «Զորավոր» երիտասարդաց միության հետ

Սեպտեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորչի դերը Տրանսիլվանիայի հայ համայնքի կյանքում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ուսանող Պիտեր Քիշշը: Նշենք, որ Պիտերը հայագիտությունն ուսումնասիրելու նպատակով, Պ. Պազմանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում, ութ ամիս է, որ Հայաստանում է և արդեն վարժ տիրապետում է հայերենին, մասամբ էլ՝ գրաբարին: Նրա համար հարազատ մի սրբավայր է դարձել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ուր ամեն կիրակի Ս. Պատարագին մասնակցելով՝ լիարժեք ծանոթացել է ծեսին:

Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Երիտասարդ բանախոսը, անդրադառնալով բանախոսության թեմային, ներկայացրեց, որ հայերը մի քանի փուլերով են գաղթել Հունգարիա և երկրորդ փուլի ժամանակ՝ 1672թ.-ին, Տրանսիլվանիայի իշխանի պաշտոնական թույլտվությամբ, 3000 հայ ընտանիքներ, որոնք անեցիների ժառանգներ են եղել, բնակվել են Տրանսիլվանիայում, ստեղծել հայկական չորս քաղաքներ՝ նպաստելով այդ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը: Պիտերը նշեց, որ տրանսիլվանահայերն այսօր հայերեն չեն խոսում, բայց պահպանում են իրենց հայկական ինքնությունը, մշակույթը, կրոնը և հայ կաթոլիկ եկեղեցին, տոն օրերին մասնակցում են հունգարախոս հայածես Ս. Պատարագին: Տրանսիլվանահայերն ամեն անգամ մեծ հուզմունք են ապրում՝ լսելով Ս. Գրիգոր Լուսավորչի և Անի քաղաքի անունները. նրանք ամեն տարի հունիս ամսին մեծ շուքով, երեքից չորս օր տոնում են Ս. Գրիգոր Լուսավորչի տոնը, և Հայ եկեղեցու առաջին հայրապետի տոնը Տրանսիլվանիայում համախմբում է աշխարհով մեկ ցրված մի քանի հազար տրանսիլվանահայերի: Պիտերն անդրադարձավ նաև Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս հայաքաղաքում (ներկայումս՝ Դումբրվեն, Ռումինիա) ծնված հայազգի պատմաբան-հայագետ Ավետիք Լուկաչի (Ավետիքյան Ղուկաս, 1847-1909թթ.) հայագիտական աշխատություններից երկուսին՝ «Քրիստոնեության մուտքը Հայոց մոտ» և «Հովհաննես Ոսկեբերանի ներբողյանը Սուրբ Գրիգոր Լուսավորչին»։

Բանախոսության միջոցով երիտասարդաց միության անդամները տեղեկացան, որ Տրանսիլվանիայի հայ հին գաթղօջախի համար Ս. Գրիգոր Լուսավորիչը մեծ դերակատարում է ունեցել ոչ միայն գիտական իմաստով, այլ ազգային ինքնության պահպանման առումով: Բանախոսության ավարտին Տեր Վահանը և երիտասարդաց միության անդամները շնորհակալություն հայտնեցին Պիտեր Քիշշին՝ մաղթելով մեծ հաջողություններ և բացահայտումներ հայագիտության ասպարեզում:

 

Կարինե Սուգիկյա

01.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․