Գրքեր

«Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ուխտագնացությունների շարքը Մեծ պահքի ընթացքում

Ութ տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս գործում է սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Ամեն տարի Մեծ պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին, տիկնանց օժանդակ միությունը մասնակցում է Արևագալի ժամերգությանը, որին այս տարի՝ մարտի 4-ին, 11-ին և 18-ին, մասնակցեց՝ ուխտի մեկնելով Մխչյանի Ս. Հովհաննես, Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց և Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցիներ: Ամեն մի սրբավայրում տիկնանց միության անդամները ժամերգության ընթացքում շարականներ երգեցին, իսկ արարողության ավարտին հոգևորականի քարոզխոսությամբ հաղորդ դարձան տվյալ կիրակիի խորհրդին: Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում արարողության ավարտին  ուխտավորներն այցելեցին հերոս նահատակների շիրիմներին՝ իրենց աղոթքը վերառաքելով առ Տեր նահատակների հոգիների  հանգստության և աշխարհի խաղաղության համար: 
Տիկնանց միության վերջին ուխտագնացությունը նվիրված էր մայրերին, քանի որ, ավանդույթի համաձայն, ամեն տարի՝ մարտի 21-ին, սիրիահայերը նշում են մայրերի տոնը: Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցում Արևագալի ժամերգության ավարտին ուխտավորները, Աստվածամոր և Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությանը դիմելով, աղոթք վերառաքեցին առ Տեր ողջ աշխարհի խաղաղության և հայ մայրերի համար, առավել ևս Տիրոջից ուժ և համբերություն խնդրելով այն հերոսածին մայրերի համար, որոնց որդիներն արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: 
Ժամերգության ավարտին Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը և խորհրդակատար Տեր Հայկազ քահանա Մասոյանը հոգեհանգստյան կարգ կատարեցին Սիրիայի Հալեպ քաղաքում վախճանված հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Պերպերյանի հոգու հանգստության համար: Այնուհետև Տեր Հարությունը զրուցեց ուխտավորների հետ՝ անդրադառնալով Մեծ պահքի Տնտեսի կիրակիի խորհրդին: Ապա երիցատան դահլիճում «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը սիրո ճաշ և մայրերին նվիրված ցերեկույթ ունեցան: Տեր Հայկազը շնորհավորեց մայրերին՝ իր բարեմաղթանքը հղելով նրանց: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը մայրերին շնորհավորական բացիկներ և վարդեր նվիրեց՝ Աստվածաշնչի Առակներ գրքի խրատական համարներով: Մայրերից մեկն արժանացավ «Առաքինի մայր» կոչմանը: Հետաքրքիր խաղերի միջոցով ընտրվեց արագաշարժ և աշխատասեր մայրը, ստուգվեց նաև ներկաների իմացությունը Աստվածաշնչի Առակներ գրքի վերաբերյալ: Այնուհետև տիկնանց միության անդամները ասմունքեցին, երգեցին: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը հոգեպես նորոգված ու զորացած վերադարձավ Երևան:

 

Կարինե Սուգիկյան

 

19.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․