Գրքեր

Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք

«Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց» (Հովհ. 6:28, 29):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,

Երբևէ մրջնաբույն տեսե՞լ եք: Տեսե՞լ եք, թե ինչպիսի եռուզեռ է տիրում այդ փոքրիկ միջատների կյանքում. անդադար շարժում է, անդադար ինչ-որ բան են տեղից տեղ տանում, անընդհատ կառուցում են, դուրս ու ներս անում: Թվում է, թե այդ ռիթմն անվերջ է, շարժումը ոչ մի վայրկյան կանգ չի առնում Աստծու այդ փոքրիկ արարածների կյանքում: Կարծում եմ՝ մեր երկրագունդն էլ վերևից դիտելիս, մեծ մրջնանոցի է նմանվում, որտեղ ևս շարժն անդադար է: Եթե երկրագնդի մի հատվածում մարդիկ քնած են, մյուսում՝ նոր են արթնանում, երրորդում՝ օրը եռում է: Մի տեղ ձմեռ է, մյուսում՝ ամառ ու մարդիկ՝ անընդհատ շարժման մեջ: Բոլորը շտապում են, բոլորն ընթացքի մեջ են, բայց ի տարբերություն աշխատասեր մրջյունների, մարդկանց ընթացքը հաճախ աննպատակ է, փակուղային կամ խաբուսիկ ու փուչ նպատակի է ուղղված:

Այսօրվա ավետարանական ընթերցվածքի մարդիկ ևս շարժման մեջ են. նախ Քրիստոսի հետևից Տիբերիական ծովի հանդիպակաց կողմն են անցնում, քանի որ Նրա կատարած բազում նշաններ էին տեսել՝ ամենազանազան բժշկություններից մինչև դևերի հալածում: Այնուհետև հինգ հացի ու երկու ձկան հրաշալի բազմացումն ու դրանցով հինգ հազարի կերակրումն են տեսնում: Դա էլ պատճառ է լինում, որպեսզի կրկին շարունակեն իրենց ընթացքն ու հետևեն Քրիստոսին. այս անգամ դեպի Կափառնայում: Եվ երբ Քրիստոս հանդիմանում է նրանց, որ Իրեն հետևում են ոչ թե Իր գործած նշանների պատճառով, այլ իրենց որովայնը կշտացնելու, նրանք հարցնում են. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»:

Իրականում սա շատ կարևոր հարց է, սիրելինե՛ր: Սա այն պարտադիր հարցն է, որ Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդ պիտի հարցնի. «Իսկ ե՛ս ի՞նչ անեմ, որպեսզի հաճելի լինեմ Աստծուն: Աստված ինձնից ի՞նչ է ակնկալում»: Չէ՞ որ մարդ-Աստված հարաբերությունը միայն Աստծուն ուղղված անդադար «տո՛ւր»-ը չէ կամ կեղծ «արդարի» մեծամիտ, չեզոք-կրավորական կեցվածքը. դա ոչ մի դեպքում չի կարող առողջ հարաբերություն համարվել, որովհետև այդ պարագայում մենք չենք փոխվում, որն ուղղակի անհրաժեշտ պայման է մեր փրկության համար, այլ, կրկին դառնում ենք դեպի մեր նույն մեղավոր ընթացքն ու նույն կոտրած տաշտակի առջև հայտնվում: Իսկ Քրիստոս ասում է. «Սովորեք Ինձանից» (Մտթ. 11:29) և «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մտթ. 5:48): Ուստի մեզնից յուրաքանչյուրը պիտի հարց տա իրեն՝ իսկ ե՛ս ի՞նչ կարող եմ, ի՞նչ պետք է տամ, ի՞նչ անեմ, որպեսզի Աստծու հետ ճշմարիտ հարաբերության մեջ լինեմ, որպեսզի համապատասխանեմ իմ կոչմանը, որպեսզի գոնե չնչին չափով պատասխանեմ այն անթիվ ու անհամար բարիքներին, որ իմ Երկնավոր Հայրն է, իմ Արարիչն է ինձ համար արել ու անում: Եվ վերջապես՝ ի՞նչ պիտի անեմ, որպեսզի ժառանգեմ ինձ խոստացված Արքայությունը:

Ավետարանական այսօրվա հարց ու պատասխանից պարզ է դառնում, որ հարցնողների նպատակն ամենևին էլ ստացած պատասխանի իրագործումը չէր: Նրանք միմիայն իրենց երկրային շահն էին փնտրում: Կարծում էին, թե այդ հարցի միջոցով Վարդապետին սիրաշահելով՝ կլուծեն իրենց երկրային բազմաթիվ խնդիրները, որ ունեին Հռոմի տիրապետության ներքո: Ի դեմս Քրիստոսի՝ փորձում էին տեսնել այն սպասված հզոր արքային, որը կլուծեր իրենց օրվա հացի և օտարի գերությունից ազատելու խնդիրները: Քրիստոս բաց ափի մեջ էր տեսնում նրանց մտադրությունները: Ուստի և միանգամից հարցը փակում է՝ նյութական դաշտից այն տեղափոխելով հոգևոր. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»: «Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար… Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հովհ. 6:1-38):

Մարդը մշտապես հավատի կարիք ունի, սիրելինե՛ր: Նա իր ողջ կյանքում հավատ է փնտրում: Մեկը հավատում է, որ Աստված կա, մյուսը հավատում է, որ չկա: Այս «չկա»-ից ծնվում է հավատը դեպի սեփական «ես»-ը, փողը, փառքը, գիտությունը, մեկ այլ մարդը: «Կա»-ի սխալ մեկնաբանությունից ծնվում են Աստծու ճշմարիտ պատկերը, կամքն ու վարդապետությունը խեղաթյուրող կրոնները, աղանդները, փիլիսոփայությունները և այլն: Եվ այս ճշմարիտ կամ կեղծ հավատն է, որ ուղղորդում է մարդուն, ձևավորում նրա էությունը, կառուցում հարաբերությունները: Իսկ ամբողջ աշխարհը ողջ ուժով լծված է կեղծ «հավատի» քարոզին և ամեն միջոց դրան է ուղղում: Տեսեք, թե ինչպիսի՜ ազդեցիկ քարոզ է իրականացվում ժամանակակից երաժշտության ու գրականության, կինեմատոգրաֆիայի ու հեռուստատեսության, գովազդների, տարատեսակ թրեյնինգների, խաղերի և այլնի միջոցով: Խեղճ ժամանակակից մարդը մշտապես, օրնիբուն ենթարկվում է ամեն կողմից գրոհող քարոզներին և եթե մենք՝ առաքելահաստատ եկեղեցու զավակներս՝ հոգևորական ու հավատացյալ, Ավետարանի բարի լուրը չենք հասցնում նրանց՝ նրանց հավատը ճշմարիտ հունով ուղղորդելով, ապա, ցավոք, հակառակ ճանապարհով տանողները երբեք չեն ուշանում:

Պողոս առաքյալն ասում է. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1): Իսկ մենք ի՞նչ հույսեր ունենք, ի՞նչ է մեր հավատը, ո՞րն է այն բարի լուրը, որ բերեց մարդացյալ Աստված և մեզ էլ պատգամեց տարածել: Կյանքի վայրիվերումների, փորձությունների ու տագնապների մեջ հաճախ ենք մոռանում, որ դա մեր փրկության սքանչելի, գեղեցկագույն ավետիսն է, որին հավատում ենք, քանի որ լսեցինք մեռելներից հրաշալիորեն հարություն առած Աստվածորդու սուրբ շուրթերից: Իսկ Քրիստոս մեզ բերեց ամենաբարի, ամենահրաշալի, ամենաապրեցնող լուրը, որ երբևէ կարող էինք լսել: Նա մեզնից հեռու վանեց հուսահատությունն ու մահվան վախը՝ պատմելով, որ Արարիչ Աստված մեզ անմահության համար է ստեղծել, որ մեր հոգին անմահ է և մահն ու գերեզմանը միայն դարպաս են այս երկրային դառն ու կարճատև կյանքից հավիտենականին անցնելու համար: Պատմեց, որ այս կյանքը պիտի որպես նախապատրաստություն ապրել՝ հավիտենությունը՝ իրական կյանքն ընդունելու համար, և այն գործերը, որ կգործենք այստեղ, իրենց վերջնական հատուցումը կստանան Երկնքում՝ Ահեղ Դատաստանի ժամանակ, որի ընթացքում էլ կորոշվի, թե ինչպիսի հավիտենության մեջ ենք ապրելու՝ երանավե՞տ, թե՞ տանջալի: Քրիստոս մեզ պատմեց և մենք էլ հավատում ենք, որ Արարիչ Աստված՝ կատարյալ սեր ու կատարյալ բարի, Իր սուրբ կամքով մեզ միմիայն փրկության է ուղղորդում, ուստի և մեր շահերից է բխում ամեն ինչում Տիրոջ կամքը փնտրելը, Նրա Սուրբ խոսքի միջոցով այն գտնելն ու դրանով ընթանալը: Քրիստոս ավետեց, որ Հայրը մեզանից յուրաքանչյուրին որդեգրության է կանչում և հրավիրում Իր Արքայության ժառանգորդները դառնալու: Իսկ դրա առաջին քայլը, անհրաժեշտ պայմանը կենդանի հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոս, ըստ որի էլ պիտի ուղղվեն մեր քայլերն ու որի մասին պիտի պատմենք այն բոլոր մարդկանց, որոնք կան ու դեռ կհանդիպեն դեպի Արքայություն մեր ճանապարհին: Մի՞թե դրանից ավելի կարևոր, ավելի բաղձալի ու ավելի ուրախալի բան կարող ենք պատկերացնել մեր կյանքում: Իհա՛րկե ոչ: Պարզապես խենթանալ կարելի է այն գիտակցումից, թե Ամենակարող Աստված ինչպիսի՜ պատիվների է արժանացնում մեզ նման տկար ու մեղավոր արարածներին, ինչպիսի՜ ժառանգություն է խոստանում, ինչպիսի՜ երանություն: Եվ ուղղակի հարկ է, որպեսզի մենք մշտապես, ամեն ժամ հիշենք դրա մասին, պատմենք մեր սիրելիներին, մեզ շրջապատող մարդկանց, ապրենք այդ հիշողությամբ, մեր սիրով, մեր հավատով, առ Աստված վստահությամբ ու հույսով վարակենք բոլորին՝ Ավետարանի կենարար լույսը տարածողներ դառնալով: Ամեն ջանք գործադրենք Երկնքին մոտենալու, ժառանգությանն արժանանալու և մեզ այնքան սիրող Հորն արդեն այստեղ՝ Երկրի վրա միավորվելու համար: Հավատացե՛ք, սիրելինե՛ր, որ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու միջոցներն ունենք՝ ի վերուստ տրված, և միայն մեր ազատ կամքն ու ցանկությունն է անհրաժեշտ, որպեսզի գործենք այն գործը, որ Աստված է կամենում:

Նայե՛ք Երկնքին, սիրելի՛ հավատացյալներ և զմայլվե՛ք սրբերի այն ծաղկաբույլով, որով զարդարվել է Տիրոջ Արքայությունը: Աստծու այդ երանելիներն այս կյանքում կարողացան ճանաչել Արարչի կամքն ու կատարել այն: Կարողացան ճշմարտությունը գերադասել կեղծիքից, հավիտենականը՝ ժամանակավորից, առաջնայինը՝ երկրորդականից, երկնայինը՝ երկրայինից: Նրանք ընտրեցին խաչի ճանապարհն ու չսխալվեցին: Նրանք մերժեցին մեղքը՝ ընտրելով անձնազոհությունն ու Երկինքը շահեցին: Աստված Իր հայրական սիրող գիրկն առավ նրանց ու բնակեցրեց Իր փառքի լույսերի մեջ: Սակայն մեզ համար ևս տեղ կա այնտեղ, ինչպես որ Տեր Հիսուս ասաց. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան» (Հովհ. 14:2) և դրանք մեզնից յուրաքանչյուրին են սպասում, սիրելի՛ հավատացյալներ: Ուստի վա՛ռ պահեք ձեր սրտում այս խոստումը և ամեն ջանք գործադրե՛ք ձեր Երկավոր Հորը գոհացնելու ու Նրա Արքայությունը ժառանգելու համար: Եվ թող մեր երկնավոր սուրբ հայրերն էլ ամեն ժամ բարեխոս լինեն մեր հոգու փրկության համար՝ իրենց սուրբ աղոթքները միահյուսելով մեր սրտաբուխ աղերսներին.

«Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս,

Արժանավորի՜ր իմ հոգուն կոչման օրը

Ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը

Եվ բարիքների հույսով բնակվել արդարների օթևաններում

Մինչև Քո գալստյան մեծ օրը.

Եվ ողորմի՜ր Քո արարածներին

Եվ ինձ՝ բազմամեղիս». ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

31.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․