Գրքեր

Ինչպես երեխաները սիրեն ծնողներին սեփական ընտանիքը ստեղծելուց հետո

Բարեգութ Աստված այնպես է դասավորել, որ այր ու կին այնպիսի սիրով են կապվում, որ նույնիսկ իրենց ծնողներին են թողնում: Եթե այդ սերը չլիներ, ապա մարդիկ չէին կարողանա սեփական ընտանիքը կազմել: Հենց որ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում (կամ վանական են դառնում)՝ ծնողների խնդիրն ավարտվում է: Դրանից հետո երեխաները ծնողներին միայն երկու բան են պարտական՝ մեծ հարգանք և այնքան սեր, որքան պետք է տածել ծնողների հանդեպ: Ես չեմ ասում, թե ամուսինն ու կինը չպետք է սիրեն իրենց ծնողներին: Ո՛չ: Բայց նրանք նախ՝ պետք է միմյանց հանդեպ մեծ սեր ունենան և (միայն) հետո՝ սիրեն իրենց ծնողներին: Ամուսիններն այնքան ուժգին պետք է սիրեն միմյանց, որ նրանց սերն ափերից դուրս ելնի: Եվ արդեն ամուսնական սիրո այդ գերդրսևորումից պետք է ցուցաբերեն ամբողջ հարգանքն ու երախտագիտությունը իրենց ծնողների հանդեպ: Ամուսինների սերը պետք է վեհանձն լինի, այնպես, որ ամուսիններից յուրաքանչյուրը հնարավորինս շատ հոգ տանի իր կողակցի ծնողների հանդեպ:

Ահա թե ինչը կօգնի, որպեսզի ընտանիքում խաղաղություն ու համերաշխություն տիրի. ամուսինը պետք է իր կնոջն ավելի շատ սիրի՝ քան մորը, և ավելի շատ՝ քան իր մտերիմներից ու հարազատներից որևէ մեկին: Ծնողների նկատմամբ ամուսնու սերը պետք է իր կնոջ միջոցով տարածվի: Իհարկե, կինն էլ պետք է նույն կերպ վարվի:

Ես ընտանիքներ գիտեմ, որ ամուսնական կյանքի սկզբում կինն ու ամուսինը խնդիրներ ու անհամաձայնություններ ունեին, որովհետև ամուսիններից մեկն իր մորը չափազանց էր սիրում: Այդ սերը, որ որդին կամ դուստրն ունեն, բարեշնորհությունից է սկսվում՝ մոր հանդեպ մեծագույն երախտագիտության զգացումից: Սակայն հետզհետե, երբ ամուսինները կապվում են միմյանց, այդ խնդիրն անհետանում է: Որովհետև եթե հարսանիքից անմիջապես հետո ամուսիններից մեկը մյուսին այնպիսի սեր նվիրեր, որ կլրացներ մայրական սերը, ուղղակի անբնական կլիներ:

Եթե ամուսինը հարգում է զոքանչին ու աներոջը, ապա դա պատիվ է բերում նրան, ճիշտ այնպես, ինչպես հարսին է պատիվ բերում սկեսրոջ հանդեպ տածած սերը, որը ծնել է իր ամուսնուն, մեծացրել նրան և այժմ նա իր ամուսինն է, իր ուրախությունը: Եթե ամուսինն ու կինն այդպիսի զգացմունքներ ու մտքեր ունեն, այդ ամենը նաև նրանց սեփական երեխաների հոգիներն է մեղմորեն խրատում:

Մինչև որդու ամուսնությունը, մայրը նրա սիրո մեջ բավականին սփոփանք էր գտնում: Բայց տարեցները կրկին մանուկ են դառնում: Որդուն ամուսնացնելուց հետո մայրն իրեն այն ավագ երեխայի պես է զգում, որն իր մոր գրկում նորածին մանուկ է տեսնում: Տե՛ս, թե ինչպես է. եթե մարդն իր կրքերից չազատվի պատանեկության շրջանում, ապա տարիների հետ նրա կամքի ուժը կթուլանա, և կրքերն ավելի ուժգին կդառնան: Սակայն հարսը չպետք է վիրավորվի դրանից: Իսկ եթե նա նաև խնամում է իր տարեց սկեսրոջը, ապա թող մի փոքր համբերի, որպեսզի չկորցնի այն վարձքը, որն իր հաշվին է գրվում՝ սկեսրոջ հանդեպ ցուցաբերած այդ հոգատարության համար: Եթե այժմ նա համբերությամբ է հոգ տանում իր սկեսրոջ մասին, ապա հետո, երբ բոլոր վշտերն անցյալում մնան, նա կուրախանա այն բարությամբ, որ արել է:

Բայց, իհարկե, սկեսուրն էլ սեփական դուստրերի պես պետք է հարսներին սիրի: Իմ հորական տատիկը մորս ավելի շատ էր սիրում, քան հորս: Երբ եղբայրներս ամուսնանում էին, հարևան կանայք, գլուխներն օրորելով, վախեցնում էին մորս. «Այ հիմա կհավաքվե՜ն հարսիկները…»: Իսկ մայրս պատասխանում էր. «Ինչո՞ւ եք այդպես ասում: Սկեսուրս ինձ իր աղջկանից շատ էր սիրում: Ուրեմն ես ինչո՞ւ չպետք է իմ հարսներին սիրեմ»: Եվ իսկապես, նա նրանց իր դուստրերի պես էր սիրում:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

20.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․