Գրքեր

«Ինձ համար կարևոր էր ընտրել այն ճանապարհը, որը ի բարին կգործածվեր»

Հարցազրույց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանի հետ:

 

Արարիչն Աստված, ամենուր լինելով, սիրում է բնակվել Իր արարածների սրտերում՝ իրենց իսկ կամքի համաձայն: Ե՞րբ Տիրոջ առջև բացեցիք Ձեր հավատքի դուռը:

Դեռ վաղ տարիքից ծնողներս են իմ սրտում հավատքի սերմեր սերմանել: Հիշում եմ, երբ դեռ տառաճանաչ չէի, առաջին գիրքը, որ գնեց մայրս ինձ համար, Աստվածաշունչն էր: Իսկ երբ երեք տարեկան էի և Սևանավանք էինք գնացել, ծնողներս ինձ կորցրին: Փնտրելուց հետո նրանք ինձ գտան եկեղեցում աղոթելիս: Վեց տարեկան հասակում հիվանդացա, և բժիշկները չէին հասկանում հիվանդությանս պատճառը: Երազ տեսա, որ կոչում էր մայրիկիս չհետաձգել իմ մկրտությունը: Մկրտվելով՝ ամբողջապես ապաքինվեցի, և հոգևոր այդ կարևորագույն ծնունդն իմ կյանքում մեծ փոփոխությունների հիմք հանդիսացավ: Առ այսօր ուսումնասիրում եմ Ավետարանը՝ հավատքի տարբեր փուլեր ապրելով:

 

Հավատքի հզոր ուժը ճաշակե՞լ եք Տիրոջ այն խոսքի համաձայն՝ թե՝ քո հավատի համաձայն, թող քեզ տրվի:

Այո՛, ճաշակել և ճաշակում եմ՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, թե՝ Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ (Բ Կորնթացիներ 12:9): Եվ այս փորձառությունն ունենալով՝ հասկանում ես, որ մինչև տկար չլինես, չես զգա Աստծո հզոր ուժը: Հավատալով և վստահելով Աստծուն՝ իմ կյանքում անհնարինը դարձել է հնարավոր: Փորձում եմ Աստծո պարգևած յուրաքանչյուր օրը լավատեսորեն ապրել և հավատքիս համաձայն՝ Տերը օրհնում և լուսավորում է ուղիս:

 

Որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ՝ նշեք խնդրեմ, թե ի՞նչ ասել է՝ ներգրավված լինել եկեղեցական համայնքային կյանքին:

Երկու տարի է, ինչ Մոսկվայից ընտանիքով Հայաստան ենք վերադարձել և Տիրոջ կամոք մեր բնակության վայրն ընտրեցինք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, որը շատ ոգևորեց ինձ և ընտանիքիս: Հայրենիք վերադառնալուց ի վեր՝ հաճախում ենք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելով եկեղեցական արարողություններին, ուխտագնացություններին: Ամեն անգամ, մասնակցելով ընդհանրական աղոթքին, զորանում ես՝ տեսնելով արարողությանը ներկա յուրաքանչյուր մասնակցի անկեղծ աղոթքը: Համայնքի անդամներն իրենց հավատքով և օրինակով ամրապնդում են միմյանց: Մենք մեր հոգևոր կյանքն առավել կերպով կարողանում ենք իրագործել համայնքային կյանքից ներս՝ մեկս մյուսի հանդեպ ունենալով սիրո և պատասխանատվության զգացում:

Մեզ հիացնում է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի անմիջական կերպարը, եռանդն ու հոգեշահ գործունեությունը: Եկեղեցու հոգևոր առողջ մթնոլորտը նպաստեց, որ անմիջապես ներգրավվենք համայնքային կյանքին՝ անդամագրվելով արդեն իսկ մեզ հարազատ դարձած եկեղեցու մեծ ընտանիքին: Հոգևոր մեծ լիցքերով զորացած՝ ակամայից սկսում ես այդ զորեղ արմատը և լույսը փոխանցել նաև քո միջավայրին:

 

Ձեր ընտրած մասնագիտությունն ու աշխատանքը ծառայություն է մարդուն: Ինչպե՞ս սկզբնավորվեց այդ ծառայության ուղին:

Աստծո կամքով ձևավորվեց այս ուղին. մկրտությանս անմիջապես հետևեց նկարելու մեծ փափագը: Նկարելու շնորհը, որ ունեի իմ մեջ, զարգացում ապրեց և վերածվեց մանրանկարչության: Մինչ Մոսկվայում բնակություն հաստատելը՝ մոտ երեք տարի, ստեղծագործում էի միայն աստվածաշնչյան թեմաներով: Այդ ընթացքում դիմացինի աշխատանքը գնահատելն ու արժևորելը օգնեց ինձ, որ խոնարհությամբ և աշխատասիրությամբ ստեղծագործեմ: Այնուհետև արդեն Մոսկվայում սկսեցի զբաղվել հագուստի մոդելավորմամբ: Հագուստի մոդելավորող դառնալու հստակ որոշումս իրականություն դարձրի՝ հաղթահարելով ընդունելության, ուսումնառության բարդ շրջանները, նաև իմ ազգանվան հետ կապված մեծ խոչընդոտները: Ուսումնառության ընթացքում անսպասելի, բայց կրկին Տիրոջ կամոք փոխեցի մասնագիտական ուղղվածությունս՝ ընտրելով կոշիկի և պայուսակի դիզայնը: Ինձ համար կարևոր էր ընտրել այն ճանապարհը, որը ի բարին կգործածվեր և կծառայեր մարդկանց:

 

Ո՞րն է Ձեր գործունեության կարևորագույն սկզբունքը:

Աստված ինձ տվել է գործելու և ծառայելու մեծ հնարավորություն, ինչը պարտավորեցնող է և պատասխանատու: Ինձ համար որակը գեղեցկություն է, հարմարավետություն և առողջ կենսակերպ, այսինքն՝ մաքուր աշխատանք: Գնահատելով այսօրվա արտադրանքը, որն ուղղակիորեն վնասում է մարդու առողջությանը, ինձ համար անհրաժեշտություն և կարևորագույն սկզբունք դարձավ ունենալ կոշիկի և պայուսակի այնպիսի արտադրանք, որը չի վնասի մարդու առողջությանը:

 

Ի՞նչը խթան հանդիսացավ, որ, երկար տարիներ ապրելով և գործելով արտերկրում, վերադառնաք Հայաստան՝ այստեղ ևս ներկայացնելով By Lili ապրանքանիշը:

Հայաստան վերադարձը ընտանեկան որոշում էր, խթան ունենալով այն, որ By Lili ապրանքանիշը պետք է արմատավորվի հայրենիքում, որտեղից էլ կճյուղավորվի այլ երկրներ՝ ներկայանալով որպես հայկական բրենդ: Տարիները ցույց տվեցին, որ արտերկրում հային այնպես չեն ճանաչում, ինչպիսին նա կա: Մեծ նպատակ ունեմ մեր երկրում հիմնել մի դպրոց, որը կպատրաստի մասնագետներ, ովքեր դիզայնի և մտքի ճիշտ կիրառողները կդառնան աշխարհի շուկայում: Արդյունքում՝ Հայաստանում կզարգանա դիզայնը, ինչի շնորհիվ մեր երկիրը կճանաչվի որպես դիզայնի և ոչ կատարող երկիր, քանի որ այսօր միտքն է արժևորվում և գնահատվում: Այս ուղին, դժվարին լինելով, պահանջում է երկարատև աշխատանք, ֆինանս և համբերություն, բայց խոստանում է լավագույն արդյունք:

 

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս զուգակցել և ներդաշնակել աշխարհիկն ու հոգևորը:

Աշխարհիկի և հոգևորի ներդաշնակումը պայքարի մի ընթացք է, որի հաղթահարումն ամեն անգամ պահանջում է համբերություն և խոնարհություն: Այս պայքարը շատ բան է փոխել իմ կյանքում, բայց չի հուսահատեցրել ինձ: Կարևոր է չվախենալ մեղքերից և սխալներից, այլ մեղանչելուց հետո անհրաժեշտ է անկեղծ զղջումով խոնարհվել Տիրոջ առջև՝ ճաշակելով Նրա ողորմությունը:

 

Հուսալ առ Աստված, Ձեզ համար նշանակում է…

Անմնացորդ վստահել Աստծուն, ինչպես նորածինն է իր մորը վստահում:

 

Ի՞նչ կմաղթեք մեր կայքի ընթերցողներին:

Համարձակություն ունենալ լինելու անկեղծ և համարձակություն ունենալ լինելու աղավնու նման մաքուր և օձի պես խորագետ՝ չվատնելու և ճիշտ գործածելու համար Տիրոջ պարգևած շնորհները:

 

Զրուցեց Կարինե Սուգիկյանը

07.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․