Գրքեր

Իրական երջանկությունը մշտատև է

Ոմանք կարծում են, թե երջանկությունը մարմնավոր բարիքների մեջ է, ոմանք՝ արտաքին բարիքների, իսկ ողջամիտներն ու բարոյականության ուսուցիչ Արիստոտելն ապացուցում են, որ ճշմարիտ երջանկությունը հոգու բարիքների մեջ է: Իսկական երջանկությունը հոգու առաքինության պտուղն է:

Առաջին հայացքից, միգուցե, ճոխությունը, հարստությունը, առողջությունը մարդու մարմնի համար օգտակար միջոցներ են, բայց մարդուն մշտական երջանկության մեջ պահելու երաշխիք չեն տալիս, և այդ երջանկությունը կեղծ բերկրություն է և ոչ իրական: Քանի որ իրական երջանկությունը մշտատև է:

Ինչպե՞ս կարող ենք, օրինակ, մեր ունեցվածքով երջանիկ լինել, եթե այն մերը չէ: Ինչպե՞ս կարող ենք ասել այն մերն է, եթե մեր մեջ հաստատված չէ: Հարստությունը հարուստի հետ կապ չունի, քանի որ, ըստ եկեղեցու հայրերի՝ այն անհաստատության մեջ է հաստատված:

Ուրեմն, հարստությունը երջանկություն չի համարվում, այլ միայն երջանկության առաջնորդելու միջոց է, եթե այն ի բարին գործադրվի:

Ոմանք էլ կարծում են, թե երջանկությունը բարձր պաշտոններ զբաղեցնելու մեջ է, սակայն երբ հասնում են այդ աստիճանին, երջանիկ լինելու փոխարեն, ապերջանկության են հասնում: Այսպիսի պարագաներում կարծում են, թե երջանկության են հասել, սակայն իրականում հեռացած են դրանից: Կյանքի փորձառությունն էլ ցույց է տալիս, որ երջանկության փոխարեն ավելի շատ թշվառությունն է իրենց վիճակը:

Այսպես է նաև առողջության պարագան, այն կարող է խաթարվել, կարող է վերականգնվել: Մեր ամբողջ կյանքը փոփոխական է. մեկի ծնունդն է բերում, մյուսի՝ մահը: Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք երջանկություն փնտրել այն բարիքների մեջ, որոնք մարդուն չեն պատկանում: Հոբ երանելին ասել է. «Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, Տերն էլ հետ առավ: Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:21-22):

Ուրեմն ճշմարիտ երջանկությունը հոգու բարիքների մեջ է, քանի որ այն մարդու սեփականությունն է, ինչը մարդ ստանում է իր ազատ ինքնիշխանությամբ, և որևէ մեկը չի կարող նրա ձեռքից հափշտակել, քանի որ հոգու հետ անբաժանելի կապված է:

Իմաստասերներից մեկն ասել է, որ հոգու բարիքն աշխարհի ամեն բարիքներից գերազանց է, քանի որ անցավորի և հավիտենականի միջև անսահման տարբերություն կա: Ենթադրենք, թե մարդ վայելում է այս աշխարհի բարիքները։ Նա այն վայելում է մինչև գերեզման, սակայն, միևնույն է, երջանիկ չէ, քանի որ աշխարհի բարիքները եղծվում ու ապականվում են, հոգու բարիքներն են, որ երջանկացնում են մարդուն:

Երջանկություն գտնելը դժվար է, բայց առավել դժվար է գտնելուց հետո այն պահելը:

Երբեմն, երբ մարդիկ հասնում են իրենց ցանկացածին, մի պահ կարծում են, թե կատարյալ երջանիկ են, սակայն, երբ այդ ուրախությանը հաջորդում է տրտմություն կամ ցավ, հասկանում են, որ իրենց ունեցածը կատարյալ երջանկություն չէ:

Մայր Թերեզան ասել է. «Երջանիկ եղիր, որ Աստված սիրում է քեզ», նաև՝ «Երջանկությունը Աստծուն սիրելն է», քանի որ երջանկությունը սեր է:

Երջանկահիշատակ Գարեգին Ա-ն Ջովաննի Գուայտայի հետ զրույցում, այն հարցին, թե՝ ի՞նչ է երջանկությունը և արդյո՞ք երջանիկ եք, պատասխանել է. «Մարդու կյանքում երջանկությունը նվաճում է. կասկածի, հուսահատության, փորձությունների հաղթահարում… Եթե այդպես է, ապա այո՛, ես երջանիկ եմ, որովհետև մտածում եմ, որ Աստծու օգնությամբ կարողացել եմ հաղթահարել ուխտազանցությունը, անկման պահերը: Նրանք են երջանիկ, ովքեր իրենց մեջ, իրենց կյանքում չեն կորցնում Աստծու ներկայության զգացումը… Աստծուն մերձ լինելու, ամբողջապես Նրան պատկանելու զգացումն է կազմում մարդու երջանկությունը: Երջանիկ լինել՝ նշանակում է հաղթահարել թուլությունները, խղճի խայթերը: Երջանիկ լինելու համար պետք չէ խույս տալ պատասխանատվությունից, պարտավորությունից կամ տառապանքից»: Վեհափառը երջանկության պայմանը համարում է տառապանքի ինքնակամ ընդունումը՝ հանուն ուրիշների ուրախության:

Ջանանք մեր հոգում կառուցել իրական և մշտատև երջանկությունը՝ հիմք ունենալով հոգու բարիքները, Աստվածային սերը և դժվարությունների ու տկարությունների հաղթահարումը՝ Տիրոջ օգնությամբ:

 

Գայանե Սուգիկյան

03.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․