«Ժամանակի ըմբռնումը հեթանոսության, վաղ քրիստոնեության և արդի ժամանակաշրջաններում» թեմայի շուրջ էր դեկտեմբերի 14-ի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Օրվա բանախոսը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողուհի Աստղիկ Գասպարյանը, երիտասարդներին ներկայացրեց, թե ժամանակն ինչպիսի զարգացում է ապրել Քրիստոսից առաջ և հետո:
Բանախոսը, անդրադառնալով հեթանոսության ժամանակաշրջանի մարդկանց, նշեց, որ նրանք ժամանակի մասին լիարժեք պատկերացում չկազմելով, չեն արժևորել այն: Նրանք ավելի շուտ ըմբռնել են տարածությունը, քան ժամանակը: Այդ շրջանում ժամանակը ցիկլային բնույթ է ունեցել և իրենից ներկայացրել է որպես ներփակ հասկացություն. որտեղից սկսվել է, այնտեղ էլ ավարտվել է: Մարդիկ չէին պատկերացնում այդ սահմանից դուրս զարգացում և առաջընթաց:
Քրիստոսից հետո ժամանակը հետևյալ փոփոխությունները կրեց՝ Քրիստոսի ծննդյան, Նրա կյանքի և գործունեության հետ կապված ժամանակագրական տեղեկությունները կոնկրետ և հստակ են: Քրիստոսի ծննդյամբ ժամանակը գծային բնույթ՝ վեկտորի տեսք ստացավ: Մինչ Քրիստոսի ծնունդն ընկած ժամանակաշրջանը մարդիկ համարել են Նրա գալստյան նախապատրաստական ժամանակաշրջան, իսկ ծնունդից հետո՝ Նրա երկրորդ Գալստյան պատրաստության շրջան: Քրիստոնեության շնորհիվ ցիկլային պատկերացումն իր տեղը զիջեց գծային պատկերացմանը, ինչը մարդիկ աստիճանաբար ընկալեցին:
Բանախոսը ներկայացրեց նաև վաղ միջնադարյան ժամանակաշրջանի պատկերը Հայաստանում. «Մարդիկ ինչ-որ չափով սկսեցին արժևորել ժամանակը՝ այն հիմնականում կապելով եկեղեցու հետ, որտեղ ծիսակատարությունները կատարվում էին կանոնակարգված ժամանակահատվածում: Այդ պատճառով միջնադարում ժամանակի հաշվման բարդությունը եկեղեցին էր կրում և զուր չէ, որ «եկեղեցի» բառն ասոցացվել է «ժամ» բառի հետ: Գնանք ժամ, այսինքն՝ գնանք ծիսակատարության: Հետագայում ժամանակը որոշելու համար եկեղեցիներին կից կառուցվեցին զանգակատներ»:
Այնուհետև ժամանակաշրջանը թևակոխում է վաճառականների ժամանակաշրջանը, որի ընթացքում ագրարային հասարակարգը քայքայվելով՝ իր տեղն է զիջում քաղաքային հասարակությանը: Նոր ժամանակաշրջանն այնքան արագ է զարգանում, որ ներկայումս շատ մեծ քաղաքներ չեն հասցնում ապրել, նման քաղաքներում առկա բիզնես կենտրոնները չեն հասցնում իրենց պլաններն իրագործել, իսկ մարդիկ էլ ժամանակ չունեն, քանի որ դարձել են բազմաֆունկցիոնալ:
Իր խոսքը եզրափակելով՝ Աստղիկն ասաց. «Հետագայում, թե ժամանակային ինչ փոփոխություններ կլինեն, այդքան էլ էական չէ, քանի որ մենք ապրում ենք այս ժամանակաշրջանում՝ վստահ լինելով, որ բոլոր ժամանակաշրջանների տնօրինողը Աստված է»:
Բանախոսության ավարտին Տեր Վահանն իր խոսքն ուղղեց երիտասարդներին՝ ասելով. «Ժամանակը լայն հասկացողություն է, ինչը պետք է կարողանալ արժևորել: Արդեն Աստղիկն իր խոսքի մեջ կարևորեց, թե եկեղեցին ինչ դերակատարում է ունեցել ժամանակը շեշտելու կամ իմաստավորելու մեջ: Եկեղեցին ժամակարգություն ունի, ինչն օգնում է մեզ, որ տարբեր ժամերի աղոթքի կանգնելով՝ իմաստավորենք և արժևորենք ժամանակը: Յուրաքանչյուր ժամերգությանը հնչում է այդ ժամին համահունչ աղոթք: Քրիստոսի ծնունդից հետո վեկտորի տեսք ունեցող ժամանակը շատ կարևոր է մեզ համար: Շրջափուլից դուրս գալով՝ այժմ սլաքի ուղղությամբ առաջ ենք ընթանում, ընթացք, որ մեզ համար խրատ է և ուսուցում միևնույն տեղում չդոփելու, այլ դեպի առաջ՝ դեպի հավիտենություն ընթանալու: Աստված մեզ առաջնորդում է դեպի հավիտենականություն, բայց սահմանափակ հոգևոր գիտելիքներով, միայն «Հայր մեր» աղոթքն իմանալով և տարին մի քանի անգամ եկեղեցի գնալով և միայն մոմ վառելով՝ չենք կարող շրջափուլից դուրս գալ և սլաքի ուղղությամբ առաջ ընթանալ: Ժամանակի անվերջության մեջ Աստված մեզ ժամանակից մի կտոր է պարգևել՝ որպես սեփականություն, որ մի օր ավարտվելու է և որի համար մենք հաշիվ ենք տալու Աստծուն: Կարևոր է, որ խորհենք, թե ինչպե՞ս ենք օգտագործում այդ սեփականությունը»:
Ժամանակի վերաբերյալ բանախոսությունն ավարտվեց Պահպանիչ աղոթքով:
Կարինե Սուգիկյան