Գրքեր

Կատարենք մեր բարի պարտքը և ձեռք մեկնենք փոքրիկ Հայկին

Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էր այցելել սոցիալապես անապահով Եղիազարյան ընտանիքը: Դեռևս ամիսներ առաջ ընտանիքը, տեղեկանալով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրագործվող սոցիալական ծրագրերի մասին, օգնության խնդրանքով դիմել էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանին: Ի արձագանք խնդրանքի՝ Սրբազան հոր օրհնությամբ համայնքը փորձեց հոգևոր և նյութական իր աջակցությունը բերել դժվար կացության մեջ հայտնված Եղիազարյան ընտանիքին: Այս ամիսների ընթացքում միայն համայնքի կողմից կարիքավոր ընտանիքին տրամադրվել է 600 000 դրամ: Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 2/13 հասցեում բնակվող Եղիազարյան ընտանիքն արդեն կես տարի է, ինչ մեծ խնդրի առջև է կանգնել. ընտանիքի փոքրիկ անդամի՝ 3.5-ամյա Հայկ Եղիազարյանի մոտ հայտնաբերել են գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն: Ըստ բուժստուգումների արդյունքների՝ երեխային անհրաժեշտ է նախնական և անհապաղ վիրահատություն Մոսկվա քաղաքում, բայց ընտանիքը չունի վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Նշենք, որ բազմանդամ ընտանիքում ոչ ոք չունի հիմնական աշխատանք: Այս ամիսների ընթացքում Եղիազարյան ընտանիքն օգնության խնդրանքով դիմել է բազմաթիվ անձանց և կազմակերպությունների, բայց մնացել է անարձագանք:

«Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից և Տեր Գրիգորից, ովքեր առ այսօր փորձում են աջակից լինել մեր ընտանիքին՝ նպաստելով, որ մեծ թվով մարդիկ իրենց լուման բերեն որդուս ապաքինմանը»,- ասաց Հայկի մայրը՝ Թանգանուշ Սարգսյանը:

Հայկը շատ է սիրում եկեղեցի այցելել և մոմ վառել: Եվ ամեն անգամ մոմ վառելիս աղոթում է. «Աստված պապիկ, ինձ առողջություն տուր»: Նոյեմբերի 23-ին, երբ Եղիազարյան ընտանիքն այցելել էր եկեղեցի, Տեր Գրիգորը Հայկի հետ միասին աղոթեցին նաև եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում: Տեր Հայրն օրհնեց փոքրիկին և բժշկության աղոթք կարդաց նրա համար, այնուհետև Հայկի ծնողներին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներ Մոնթե Գրիգորյանը և Մարի Գուլարյանը:

«Ամիսներ առաջ Հայկը մկրտությամբ ստացավ Աստծո որդեգրությունը: Ի ուրախություն բոլորիս՝ մկրտությունից հետո մասնագետները Հայկի մոտ ուռուցքի աճի կանգ են նկատել: Այժմ, քան երբևէ այս փոքրիկը մեր միասնական օգնության կարիքն ունի: Կատարելության ձգտելու, Աստծո պատկերն ու նմանությունը մեր մեջ դրոշմելու, աստվածահաճո ընթացք ունենալու համար հարկ է, որ ողորմած լինենք մեր նմանի նկատմամբ: Սուրբ Գիրքը պատգամում է ծառայել մերձավորին: Այն, ինչ ձեռք է բերում մարդը, պետք է օգտագործի նաև ուրիշներին օգնելու համար. «Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք Առաքելոց 20:35): Մարդիկ դատվելու են ըստ իրենց գործերի: Տերն ամենից առաջ նրանց կհարցնի ոչ թե ինչպես են հավատացել, այլ՝ ինչպե՞ս են վարվել իրենց եղբայրների հետ, կերակրե՞լ են քաղցածներին, այցելե՞լ են հիվանդներին և փորձանքի մեջ հայտնվածներին (Մատթեոս 25:31-46)»,- ասաց Տեր Գրիգորը:

Մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 28-ին, Եղիազարյան ընտանիքը մասնակցել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Եթե բոլորը…» սոցիալական հաղորդաշարին, որի արդյունքում, բարի մարդկանց արձագանքի շնորհիվ հավաքված գումարը, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի նվիրաբերած գումարի հետ միասին, կազմում է վիրահատության համար անհրաժեշտ գումարի՝ 6 000 000 մլն դրամի կեսը: Հայկի կյանքի համար այդքան որոշիչ վիրահատության համար պակասում է ևս 3 000 000 մլն դրամ: Տիրավանդ պատգամ է՝ սիրիր մերձավորիդ, ինչպես քո անձը (Ղուկաս 10:27), և ի սեր պատվիրանի՝ ձեռք մեկնենք Եղիազարյան ընտանիքին՝ մեր կարողության չափով: Քանի որ, երբ մեր գանձն օգտագործենք, համաձայն Բարձրյալի պատվիրանների, դա մեզ օգուտ կլինի ոսկուց ավելի (Սիրաքի իմաստություն 29:12-14):

Ուստի արձագանքենք այս մարդասիրական կոչին և զորավիգ լինենք Եղիազարյան ընտանիքին՝ դրամական փոխանցում կատարելով Հայկի մոր՝ Թանգանուշ Սարգսյանի անունով «Ինեկոբանկ»-ում բացված հետևյալ հաշվեհամարներին՝

 

2052353430481001 AMD

2052353430481041 RUR

2052353430481020 USD

2052353430481040 EUR

094816977 հայր՝ Նարեկ Եղիազարյան

055122120 մայր՝ Թանգանուշ Սարգսյան

 

 

Կարինե Սուգիկյան

23.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․