Գրքեր

Կայացավ «Գողգոթայի հաղթանակը» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ «Գողգոթայի հաղթանակը» գրքի շնորհանդեսը: Երեկոն սկսվեց «Տերունական աղոթք»-ով:

Շնորհանդեսին հյուրընկալվել էին հոգևորականներ, մշակույթի գործիչներ: Ներկաները նախ ծանոթացան գրքի հեղինակի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անժելա Խաչատրյանի կենսագրությանը: Երաժշտական կրթություն, հետագայում քիմիկ-տեխնոլոգի, ապա բանասեր-մանկավարժի որակավորումներ ստացած Անժելան իր ողջ ուժերը նվիրաբերել և ներդրել է հոգևոր ոլորտում: Նա երկար տարիներ թղթակցել է ԱՀԹ-ի «Շողակն Արարատյան», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան», Արագածոտնի թեմի «Արագածոտն» պաշտոնաթերթերին, Հանրային Ռադիոյի ուղիղ եթերում լուսահոգի մշակութաբան, լրագրող Հայկ Կարապետյանի հետ վարել է ԱՀԹ-ի «Շողական Արարատյան» ռադիոծրագիրը, իսկ վերջին չորս տարիներին աշխատել է ԱՀԹ-ի «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթում՝ որպես պատասխանատու քարտուղար:

«Գողգոթայի հաղթանակը» գիրքը վերջին մեկուկես տասնամյակում հեղինակի կողմից հրապարակված բազում հոդվածների, քարոզխոսական նյութերի, հարցազրույցների և ռադիոհաղորդումների ծաղկաքաղն է և նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: «Գողգոթայի հաղթանակը» գիրքը տրամաբանական շարունակությունն է լուսահոգի մշակութաբան, լրագրող Հայկ Կարապետյանի «Ճշմարիտ գանձ» գրքի, որ լույս է ընծայվել երկու տարի առաջ և որի հրատարակման գործում իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Անժելա Խաչատրյանը:

Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հրատարակվել է «Գողգոթայի հաղթանակը» գիրքը, շնորհակալություն հայտնեց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ միջոցառումը հյուրընկալ հարկի ներքո կազմակերպելու և աջակցելու համար և այն բոլոր անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստել են գրքի կյանքի կոչմանը:

Իսկ թե ինչ նպատակով և ինչ թեմաներ են ծաղկաքաղվել «Գողգոթայի հաղթանակը» գրքում, հեղինակը պատասխանեց. «Գրքի լույս ընծայման նպատակը Աստծո կենարար խոսքի տարածումն է, իսկ թեմաները խիստ արդիական են, ունեն այժմեական հնչեղություն և արծարծում են մի շարք հարցեր՝ քրիստոնեական բարոյականությանը, ընտանեկան սուրբ արժեքների, առօրյա կյանքում հանդիպող արատավոր ու մտահոգիչ երևույթների վերաբերյալ: Ընթերցողը հարցազրույցների և հոդվածների միջոցով կծանոթանա նաև սուրբ հայրերի և սուրբգրային մեկնություններին, եկեղեցական տոների, ծեսերի ու խորհուրդների բացատրություններին: Պատահական չէ նաև թեմաների հաջորդականությունը. գիրքը սկսվում է ապաշխարություն թեմայի շուրջ հարցազրույցով և ավարտվում՝ Տիրոջ արդար Դատաստանի վերաբերյալ հոդվածով»: Գրքի «Գողգոթայի հաղթանակը» վերնագրի վերաբերյալ Անժելան նշեց, որ տիրեզերական պատմության ամենանշանակալի իրադարձությունն է Գողգոթայի հաղթանակը, որը մարդկանց ուժ և կարողություն է շնորհում՝ կյանքում քաջությամբ և Քրիստոսի օրինակով ոտք դնելու արդեն իրենց Գեթսեմանիի պարտեզ և բարձրանալ իրենց Գողգոթան, քանզի առանց խաչելության չկա հարություն և կյանք, իսկ Գողգոթայի հաղթանակը յուրաքանչյուր քրիստոնյայի հաղթանակն է:

«Գողգոթայի հաղթանակը» գրքի հեղինակի կատարած շնորհակալ աշխատանքի մասին բարձր գնահատանքի և շնորհավորանքի խոսք ասաց Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը: Տեր Հայրը, անդրադառնալով գրքի վերնագրին և բովանդակությանը, մասնավորաբար ասաց. «Գողգոթայի հաղթանակի շնորհիվ մարդկային հոգին փրկության և հավիտենական կյանքի արժանացավ: Գողգոթայում պարտվեց մահը, և հաղթանակեց Կյանքը: Գրքի յուրաքանչյուր էջում հանդիպում ենք այս փառահեղ հաղթանակի բացատրությանը: Անչափ կարևոր էր այս գրքի լույս ընծայումը, որն ավելի պարզ կերպով ներկայացնում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մաքուր և անաղարտ վարդապետությունը: Այս ամենից վեր է մեր եկեղեցու հայրերի ժառանգությունը, որը մեծամասամբ գրաբար է և ոչ ամբողջությամբ հրատարակված: Բացի այդ, մարդիկ այսօր ցանկանություն ունեն լսելու ու կարդալու իրենց սերնդակից մարդկանց խոսքն ու գիրը, քանի որ սերնդի մեջ կան ընդհանուր ընկալումներ: «Գողգոթայի հաղթանակը» գիրքը մեծ նվեր է նախ մեզ՝ քահանաներիս, ապա՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներին»:

Այնուհետև Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորելով Անժելա Խաչատրյանին, նշեց, որ «Գողգոթայի հաղթանակը» գիրքը նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ձեռքբերումներից է: Շնորհավորանքի և գնահատանքի խոսքերով հանդես եկան նաև Կոտայքի թեմի Ս. Աստվածածին և Ս. Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը, Անժելա Խաչատրյանի ամուսինը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը և լուսահոգի Հայկ Կարապետյանի կինը՝ Սվետլանա Սահակյանը:

 

Կարինե Սուգիկյան

19.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․