Գրքեր

Խաչքարի օրհնության կարգ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ապրիլի 5-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը օրհնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան բակում տեղադրված խաչքարը, որ կանգնեցվել էր եկեղեցու համայնքի անդամ Արամ Ֆրանկյանի բարերարությամբ՝ ի հիշատակ իր սիրասուն ծնողների՝ Հայկ Ֆրանկյանի ու Ֆենյա Կարապետյանի և Արցախի գոյամարտում նահատակված մեր քաջարի զինվորների: Ասեղնագործ նրբությամբ քանդակված խաչքարը քարգործ վարպետ Պողոսի կերտած Գոշավանքի խաչքարի (13-րդ դ.) կրկնօրինակն է, որի քանդակազարդ վարդյակից վեր Կենաց ծառն է:

Սաղմոսացության, Ավետարանի ընթերցանության և Սուրբ Խաչին նվիրված շարականների երգեցողության ընթացքում Տեր Գրիգորը ջրով ու գինով լվաց խաչքարը, ապա տեղի ունեցավ օրհնության կարգ, որի ավարտին Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը, ապա իր գնահատանքի խոսքն ուղղելով Արամ Ֆրանկյանին՝ անդրադարձավ այն հոգևոր և նյութական ներդրումներին, որ արել է նա ինչպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու, այնպես էլ բազմաթիվ այլ եկեղեցիների համար. «Մեզ համար կարևոր է այս խաչքարի ներկայությունն այստեղ: Խաչը մեզ համար խոնարհության, սիրո, հույսի, փրկության և հարության խորհրդանիշ է: Եկեղեցի այցելողներն անցնելով և կարդալով, թե ինչու համար է դրվել խաչքարը, մեկ անգամ ևս պիտի վստահ լինեն և հավատան, որ անցավորներն ու պատերազմում նահատակված մեր զինվորները պիտի հարություն առնեն և Տիրոջ մոտ բարեխոս լինեն մեր ազգի համար: Ամեն անգամ խաչքարի մոտով անցնելիս մեր խոնարհումը պիտի բերենք և մեր աղոթքը վերառաքելով առ Տեր՝ հարության հույսով մասնակիցը լինենք Սուրբ և Անմահ Պատարագին»:

Այնուհետև Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց խաչքարագործ վարպետներին՝ Արամ Բաբայանին և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին: Վերջինս, գոհանալով Աստծուց, իր երախտագիտությունը հայտնեց Արամ Ֆրանկյանին՝ ընձեռնված հնարավորության համար, ինչի շնորհիվ իրենք կարողացան կերտել խաչքար՝ իրենց փոքրիկ ծառայությունն ու խոնարհումը բերելով Ֆրանկյան ընտանիքի անցավորներին և նահատակ զինվորներին: «Այս խաչքարը ևս մեկ անգամ գալիս է հավաստելու, որ նրանք, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի ու հավատի, անմահանում են, և այս խաչքարը նրանց անմահության խորհրդանիշն է»,- ասաց Տեր Վազգենը:

Եվս մեկ խաչքար զարդարեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը, որ որպես փրկագործության խորհրդանիշ մշտապես հիշեցնելու է Խաչյալին, իսկ բողբոջներով և Կենաց ծառով՝ Քրիստոսի Հարությունը, քանի որ Քրիստոս չմնաց խաչի վրա, այլ հարություն առավ: Եվ ինչպես Քրիստոսի խաչելությանը հետևեց հաղթական Հարությունը, այնպես էլ Տիրոջը հավատարիմ քրիստոնյայի խաչն է ի վերջո պսակվելու փառքով ու հաղթանակով:

 

Կարինե Սուգիկյան

05.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․