Գրքեր

Խաղաղություն ավետող Ս. Ծննդյան մսուրը զարդարեց եկեղեցու բակը

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը հոգևոր դասի և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների ջանքերով զարդարվեց տոնի խորհրդանիշ Ս. Ծննդյան մսուրով: Ժամանակի լրումին՝ մի խաղաղ ու սուրբ գիշեր, երբ ծնվեց աշխարհի Փրկիչը, Սուրբ Կույսը մանկանը, խանձարարուրի մեջ փաթաթելով, դրեց մսուրի մեջ, որ աստվածահայտնության հրաշալի խորհուրդն ունի: Մսուրը թեև փոքրիկ էր ու նեղ, բայց ընդունեց Անպարագրելիին:

Աշխարհի Փրկչի Ծննդյան մասին պատմող մսուրը եկեղեցի այցելողներին հնարավորություն է տալիս վերապրելու Ս. Ծննդյան մեծ ու սքանչելի խորհուրդը, հիշել ողջ մարդկությանն ուղղված երկնային զորքերի ավետիսն ու օրհնաբանությունը. «Մի՛ վախեցեք, ես մի ավետիս եմ տալու ձեզ, որ մեծ ուրախություն պիտի պատճառի ամբողջ ժողովրդին. այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր Փրկիչը, որ Օծյալ Տերն է», «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, խաղաղությո՜ն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ» (Ղուկ. 2:10-11;14): Սուրբ մսուրը հնարավորություն է տալիս նաև հիշելու, թե ինչպես էին հովիվներն ու մոգերը շտապում տեսնելու մանուկ Քրիստոսին, Ում միջոցով մեղավոր մարդը կարող է փրկվել ու հավիտենական կյանք ունենալ:

Բեթղեհեմյան սուրբ այրը հիշեցնող Ս. Ծննդյան մսուրի վերաբերյալ եկեղեցու հայրերը հետևյալ մեկնաբանություններն են տվել. «Մսուրից ձախ գրաստն ու ավանակն են, որ խորհրդանշում են հրեաներին ու հեթանոսներին: Մսուրն ու խանձարուրը ունեն զոհաբերության խորհուրդ: Մսուրը զոհասեղան է, որտեղ դրված է բանական Զոհը՝ Քրիստոս: Նորածին Հիսուսով սրբագործված մսուրը խորհրդաբանորեն կերակրվելու տեղ է՝ քանզի սնվելով Քրիստոսի Մարմնից, ժողովուրդները ստացան ճշմարիտ հոգևոր գիտությունը, և գերեզման է, որի կապանքները՝ որպես խանձարուր (պատանք) վերցնելով իր վրա, քանդեց Հիսուս: Մսուրի հոգևոր սնարան լինելու ըմբռնումը միահյուսվում է Բեթղեհեմ անվամբ, որ սուրբ հայրերի վկայությամբ՝ եբրայերեն նշանակում է հացի տուն և Բեթղեհեմում գտնվող մսուրը, որտեղ դրվեց Փրկիչը, այս քաղաքը վերածեց հոգևոր հացատան: Բեթղեհեմյան այս սուրբ այրը հանդես է գալիս որպես տեսանելի խորան, սրբություն սրբոց, որտեղ կատարվում են աստվածային խորախորհուրդ հայտնությունները: Այսպիսով քարայրը խորհրդանշում է Բեթղեհեմը՝ հացի տունը, այդ տանը ծնվեց ու կենդանիների սնարանում՝ մսուրում, դրվեց բանական Հացը, ինչպես Քրիստոս ասաց Ինքն Իր մասին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»»:

Քրիստոնյայի ջերմագին աղոթքն ու մեծ ցանկությունն է, որ ճշմարիտ հոգևոր գիտություն պարգևող սուրբ այրից աստվածային լույսն ու խաղաղությունը սփռվի ողջ մարդկությանը, և Տերն Իր բարեգթությամբ խռովված աշխարհին շնորհի Բեթղեհեմի երկնակամարի վրա ավետված խաղաղությունն ու մարդկանց մեջ հաշտությունը: «Քրիստոս ծնվեց խաղաղության մեծ պատգամով, ապրեց՝ խաղաղություն և սեր քարոզելով, Հիսուս երկինք համբարձվեց՝ մարդկանց ու աշխարհին թողնելով մեծ կտակը Իր խաղաղության: Աստվածորդու ծնունդը նոր, կենդանի շունչ փչեց մարդու հողեղեն շինվածքին, լուսավորեց նրան ճշմարտության լույսով, զորացրեց արդարության զրահով, գեղեցկացրեց բարության հոգով, ջերմացրեց սիրո կրակով, ազնվացրեց խաղաղության տենչով: Նրա ծնունդով կնքվեց կենաց և խաղաղության ուխտը Աստծու և մարդու միջև»,- ասել է երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետը:

 

Կարինե Սուգիկյան

 

29.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․