Գրքեր

Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը

Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի վերջին զատկական ընթրիքը կոչվում է Խորհրդավոր: Այն անվանվում է նաև Վերջին ընթրիք: Հրեական բաղարջակերաց տոնի օրը Հիսուս Քրիստոս Իր տասներկու առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Չորս ավետարանները, միմյանց լրացնելով, պատմում են Խորհրդավոր ընթրիքի մասին (Մատթեոս 26:17-30; Մարկոս 14: 12-25; Ղուկաս 22:7-23; Հովհաննես 13:21-30): Այս մասին հիշատակում է նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 11:17-34): Հրեական Զատիկը հիշատակումն էր հրեա ժողովրդի՝ եգիպտական գերությունից ազատվելու: Այս տոնին հրեա ամեն մի ընտանիքում ճաշակում էին բաղարջ և կատարում գառան զոհաբերություն (Ելք 12:1-28):

Աշակերտները, համաձայն Հիսուսի պատվերի, պատրաստեցին զատկական ընթրիքը, որի ընթացքում Քրիստոս լվաց Իր աշակերտների ոտքերը, պատվիրաններ տվեց, ապա մարգարեացավ Հուդայի մատնության մասին և հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը: Մատթեոս ավետարանիչը գրում է. «Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն Ինձ մատնելու է»: Եվ նրանք խիստ տխրեցին: Նրանցից յուրաքանչյուրն սկսեց ասել Նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ով իր ձեռքն Ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է Ինձ մատնելու: Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես Նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի Մարդու Որդին: Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հուդան, որ մատնելու էր Նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր» (Մատթեոս 26:21-25):

Մեր Տերը վերցրեց հացը, օրհնեց, կիսեց և տալով աշակերտներին՝ ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը», այնուհետև գինու բաժակը տալով՝ ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»: Հիսուս և Իր աշակերտները, չխախտելով Մովսիսական օրենքը, նույնպես նշեցին Զատիկը, սակայն, հակառակ հրեական արտաքին ծեսի, կատարվեց հոգևոր զոհաբերություն: Աստծո Որդին՝ Գառն Աստծո, առաքյալներին բաժանելով ճաշակելիք հացն ու գինին, խորհրդաբանորեն դրանք ներկայացրեց որպես Իր Անձի զոհաբերություն՝ հացը և գինին վերածելով Իր Մարմնի և Արյան:

Քրիստոնեական արվեստում «Վերջին ընթրիքի» պատկերները պահպանվել են 5-րդ դարից: Հայկական արվեստում այն հայտնի է 11-րդ դարի պատկերազարդ Ավետարաններից («Մուղնիի Ավետարան», ՄՄ № 7736, 1038 թվականի Ավետարան, ՄՄ № 6201 և այլն):

«Խորհրդավոր ընթրիք» գեղարվեստական կոմպոզիցիան կազմվում է հետևյալ կերպ. սեղանի ձախ մասում, որը ամենապատվավոր տեղն էր համարվում, պատկերվում է Հիսուս՝ աշակերտներով շրջապատված, աջում՝ Պետրոս առաքյալը, Հիսուսից ձախ՝ Հովհաննեսը: Մյուս առաքյալները նստած են սեղանի ետնամասում: Տեսարանն ըստ երևույթին պատկերում է այն պահը, երբ Հիսուսը հայտնում է, թե Իրեն մատնել են, քանի որ առաքյալների կեցվածքը շփոթմունք է արտահայտում, նրանց դեմքերին կարելի է կարդալ այն հոգեկան ապրումները, որ կարող են առաջ գալ նման հանգամանքներում՝ զարմանք, վարանում, կասկած և այլն: Սեղանի վրա պատկերվում են պնակներով հաց, գինու սկահակներ, զատկական գառը, նաև ձկներ, քանի որ ձուկը Քրիստոսի և քրիստոնեության խորհրդանիշն էր առաջին դարերում: Առաջին քրիստոնյաները ձկան նշան էին կրում՝ այն դրոշմելով իրենց հավաքատեղիներում, որովհետև հունարեն ձուկ՝ «իխտիս» բառը իր տառերով կազմում էր հետևյալ ակրոստիքոսը. Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ: Եվ ինչպես Լ. Ուսպենսկին է գրում. «Ձուկը երբեք չի կիրառվում Հաղորդության խորհրդի ժամանակ: Նա միայն ցույց է տալիս հացի և գինու նշանակությունը»: Խորհրդավոր ընթրիքի սեղանին պատկերվում է դառը մի բուսատեսակ, որը հիշեցնում է եգիպտական գերությունը: Սեղանին պատկերվում է նաև երկու դանակներ հետևյալ՝ «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա» (Ղուկաս 22:38) խոսքի հետևողությամբ:

Տեսարանի պատկերագրության մեջ ընթրիքի սեղանը կամ էլիպսաձև է, կամ ուղղագիծ կիսաշրջանաձև, կամ էլ ուղղանկյուն: Հանդիպում են նաև նշված սեղանաձևերի այլ տարբերակներ պատկերազարդ և ոճական մշակման յուրահատուկ դրսևորումներով: Վերածնության շրջանից սեղանն ուղղանկյուն պատկերվեց, քանի որ վերածնության վարպետները ցանկանում էին դիմագծերի միջոցով ներկայացնել առաքյալներից յուրաքանչյուրի հոգեվիճակը, իսկ կլոր սեղանների դեպքում բոլորը չէ, որ դիտողին դիմահայաց են:

Միջնադարյան նկարիչները, ստեղծելով այս թեմայի պատկերագրությունը, շեշտադրում էին հետևյալ խորհրդանիշ պատկերները՝ ճարտարապետական կառույցը, աստղազարդ երկինքը, սեղանը: Կերպարների մեջ առանձնանում են Քրիստոս, Հովհաննեսը, Պետրոսը, Հուդան:

Վերնատունը երբեմն պատկերվում է եկեղեցու տեսքով. սեղանը դառնում է եկեղեցու բեմ, որտեղ մատուցվում է Պատարագ: Հայկական մի շարք մանրանկարներում դա առավել շեշտվում է կամարաձև խորաններով, որոնց ներքո Պատարագի սեղանն է: Հիսուս հաճախ ներկայացվում է քահանայական հանդերձներով՝ որպես պատարագիչ քահանա: Վերնատան պատկերներում իրենց արտացոլումն են գտել նաև հայկական ճարտարապետության տվյալ ժամանակին բնորոշ ձևերը: Օրինակ՝ 1038թ-ի ավետարանում մանրանկարի երկու խորանները, ինչպես գրում է Տատյանա Իզմայլովան, հիշեցնում են նույն այս շրջանում կառուցված Սանահինի վանքի կամարները, իսկ լուսավորությունը կատարվում է հայկական ավանդական կանթեղների միջոցով:

Համաձայն Հովհաննեսի ավետարանի (Հովհաննես 13:21-26)՝ սեղանի շուրջ Հիսուսին բոլորից մոտ նստած են Հովհաննես ավետարանիչը, Պետրոս առաքյալը և Հուդան: Ըստ Մատթեոս և Մարկոս ավետարանիչների՝ Հիսուս ասում է. «Ում ձեռքն Իր ձեռքի հետ ափսեում է, նա էլ մատնելու է Նրան», իսկ ըստ Հովհաննեսի՝ Հիսուս ասում է, թե՝ «Ում Ես կտամ թաթախյալ կտորը, նա էլ կմատնի Ինձ»: Այն նկարիչները, ովքեր հետևում են Մատթեոս և Մարկոս ավետարանիչներին, Հուդային ներկայացնում են ձեռքը դեպի ափսեն պարզած, իսկ ովքեր Հովհաննեսին՝ Հիսուսից պատառն ընդունելու պահը: Զաքարիա Ձագեցին, անդրադառնալով այն հարցին, թե Հիսուս ինչո՞ւ պատառը թաթախեց և նոր տվեց Հուդային, գրում է, որ պատառը թրջելով ջրի մեջ՝ նրա վրայից ջնջեց այն օրհնությունը, որով այս հացը բաշխվելու էր որպես հաղորդություն: 12-րդ դարի կիլիկյան մեկնիչ Բարսեղ Մաշկևորցին այն հարցին,  թե եթե Քրիստոս գիտեր, որ Հուդան մատնելու է Իրեն, ինչո՞ւ թույլ տվեց, որ նա մասնակցի այս ընթրիքին, պատասխանում է, որ հացակից դառնալով՝ հաց կիսելով միմյանց հետ՝ մարդիկ սիրով են լցվում իրար հանդեպ, որ սեղանի շուրջ անգամ թշնամությունն է վերանում, և գազաններն իսկ ընտանի են դառնում, երբ նրանց կերակրում են, ուստի Հիսուս ջանում է մեղմացնել Հուդայի՝ որպես մի չար գազանի սիրտը և նրան փրկել կորստյան մատնվելուց: Շարունակելով խոսքը՝ ասում է, որ Քրիստոս, ճիշտ է, թեև գիտեր, որ Հուդան ետ չի դառնա իր ճանապարհից, սակայն նրան Վերջին ընթրիքին և Ոտնլվային մասնակից դարձնելով մեզ սովորեցրեց, որ մինչև վերջ պետք է աշխատենք փրկել մեղքի մեջ ընկածին: Բարսեղ Շնորհալին նաև ասում է, թե անվանապես Հուդայի անունը չի տալիս՝ նրան ընձեռելով ապաշխարության և դարձի հնարավորություն:

Երբեմն Հուդայի ձեռքը սև է պատկերվում: Հուդան առաջին հերթին ճանաչվում է ձեռքի քսակով: Վերջինիս կերպարանքը, որ միշտ պատկերվել է կիսադեմ, մեկ աչքով և կիսված դեմքով, հաճախ առանց լուսապսակի կամ կես լուսապսակով, ագահության կնիք ունի դեմքին և հանցագործի տիպն է մարմնավորում: Հովհաննես ավետարանիչը նաև ասում է, թե մատնության պահին սատանան մտավ Հուդայի մեջ: Այս խոսքերի հետևողությամբ՝ արևմտաեվրոպական արվեստում Հուդայի թիկունքում երբեմն սատանան է, որ սապատավոր քթով ու այծի մորուքով է ներկայացվում: Մյուս առաքյալներից տարբերվելու համար Հուդան նաև ներկայացվում է մեկուսի, սեղանի հակառակ կողմում կամ էլ սև, մուգ ու խամրած շրջանակով: Հուդան նկարներում ներկայացվում է ագահաբար ձուկ (Քրիստոսի խորհրդանշանը) վերցնելիս: Հուդայի այդ շարժումը կարելի է ընդունել որպես Ուսուցչին մատնելու վերջնական որոշում:

Հուդան խորհրդանշում է այս աշխարհի մեղքի և մահվան գաղափարը: Այդ է պատճառը, որ մանրանկարներում պատկերվող երկինքն արտացոլում է այն խավարածին իրականությունը, որը չընդունեց Աստծո ուղարկած Լույսը՝ Հիսուս Քրիստոսին: Հովհաննես ավետարանչի «Եվ գիշեր էր..» (Հովհաննես 13:30) խոսքի հետևողությամբ՝ Խորհրդավոր ընթրիքի տեսարանում հաճախ պատկերվում է մոմ կամ վերևից կախված կանթեղ՝ խորհրդանշելով, որ այս ընթրիքը կատարվեց երեկոյան:

Խորհրդավոր ընթրիքի նկարներում սովորաբար պատկերվում է այն պահը, երբ Հիսուս ասում է, թե ներկաներից մեկը մատնելու է Իրեն, Հիսուսի սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը, Տիրոջ կրծքովն է ընկնում ու ասում Նրան. «Տեր, ո՞վ է»: Ինչպես Մատթեոս ավետարանիչն է գրում, աշակերտները շփոթահար իրար են նայում՝ ասելով. «Մի՞թե ես եմ, Տեր»: Պատկերներում Հիսուսի հայացքը հաճախ ուղղված է հենց Իր սիրելի աշակերտին՝ Հովհաննեսին: Նա առաքյալներից ամենաերիտասարդն է և մյուս առաքյալներից առանձնանում է երիտասարդ և անմորուս լինելով: Հովհաննեսի կողքին Պետրոս առաքյալն է՝ իրեն բնորոշ դեմքի արտահայտությամբ: Թեև, ըստ ավետարանիչների նկարագրության, նա Հիսուսի մոտ է նստած՝ Հովհաննեսի կողքին, սակայն, հաճախ պատկերվում է սեղանի եզրին նստած, երբեմն մեկուսի և այնտեղից նայում է Հիսուսին: Խորհրդավոր ընթրիքին հաջորդեց մատնությունը, իսկ մատնությանն էլ՝ Պետրոսի ուրացումը: Առաքյալի հայացքը լի է մտահոգությամբ ու տագնապով. նրա այս հայացքում ասես արտացոլվել է նրա ուրացումն ու հրաժարումը, համաձայն Տիրոջ այն խոսքերի, թե՝ «Մինչ աքաղաղի կանչելը՝ երեք անգամ պետք է ուրանաս Ինձ» (Մատթեոս 26:34; Մարկոս 14:30; Ղուկաս 22:34; Հովհաննես 13:38): Այս խոսքերի հետևողությամբ, վերնատան վերևում երբեմն պատկերվում են այդ ուրացումը խորհրդանշող աքաղաղներ (Մուղնիի Ավետարան, 11-րդ դար): Պետրոսը մյուս առաքյալներից տարբերվում է նաև ձկնորսներին բնորոշ կարմիր դեմքով, քանի որ մինչ Հիսուսի կողմից առաքելության կոչվելը, նա ձկնորսությամբ էր զբաղվում:

Վերածնության շրջանում, սակայն, նկարիչներն իրենց առջև խնդիր են դնում նոր շրջանի մտածողությանը բնորոշ ձևով՝ անհատապես ներկայացնել առաքյալներից յուրաքանչյուրին, քանի որ վերածննդի արվեստի հիմքում մարդկային անհատականությունն ու զգացմունքներն են ընկած: Նաև այս պատճառով է, որ այդ շրջանում այնքան շատ են դիմել Խորհրդավոր ընթրիքի պատկերմանը: «Խորհրդավոր ընթրիքը» պատկերը ստեղծագործական յուրօրինակ զարգացում ապրելով՝ իր բարձրակետին  հասավ Լեոնարդո Դա Վինչիի Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի միաբանական սեղանատան պատին կատարված որմնանկարում (1497թ.): Այս հանճարեղ նկարն իրենից ներկայացնում է մարդկային զգացմունքների հավաքական մի արտահայտություն՝ ամենաբազմազան դրսևորումներով, որոնք, սակայն, բոլորն էլ հակազդեցություն են մատնությանը և դավաճանությանը, որն արտահայտվում է շարժումների և հատկապես՝ ձեռքերի շարժումների միջոցով: Գյոթեն գրում է, որ նման նկար միայն իտալացին կարող էր ստեղծել, քանի որ իտալացիների մոտ է առանձնակի կատարելության հասել ձեռքերի լեզուն, որով առանց խոսքերի տարբեր մտքեր և կապակցություններ են արտահայտվում:

Լեոնարդոն պատկերել է ուղղանկյունաձև, երկար սեղան, որի առջև նստած են առաքյալները, իսկ կենտրոնում Քրիստոսն է: Տերը նոր է ասել. «Ձեզանից մեկը մատնելու է Ինձ» և այս խոսքերն ասես խոցել են առաքյալների հոգիները՝ արտացոլվելով նրանց շարժումներում: Հուդան պատկերված է ետ քաշված՝ ձեռքում պինդ պահած մատնության վարձը խորհրդանշող քսակը: Առաքյալների դեմքերը լուսավորված են՝ բացառությամբ Հուդայի: Նրա դեմքը պատկերված է խավարի մեջ, ինչպես որ միջնադարում խավարի մեջ էր ներկայացվում նրա առաջ պարզած ձեռքը: Նա թեև Հիսուսի մոտ է, սակայն ետ քաշվելուց թեքված հայացքը նրան առանձնացնում է Հիսուսից: Առաքյալները սեղանի շուրջ խմբված են եռյակներով և թվում է, թե չորս ալիք է ծփում սեղանի երկու կողմերից՝ գալով դեպի Հիսուս: Մատթեոս ավետարանիչը գրում է, որ լսելով մատնության մասին Հիսուսի խոսքերը, առաքյալներից յուրաքանչյուրը հարցրեց. «Մի՞թե ես եմ, Տեր»: Քրիստոսի ձախ կողմում Հովհաննես առաքյալն է: Ի տարբերություն միջնադարյան ավանդույթի՝ նա պատկերված է ոչ թե Տիրոջ կրծքին ընկած, այլ իրեն բնորոշ հուզականությամբ՝ Հիսուսի խոսքերից խորապես ցնցված, ետ ընկած դիրքով, վշտից քարացած: Պետրոսը սեղանին հենված ձեռքում նաև մի դանակ է պահել, որի կոթն ուղղված է Հուդայի թիկունքին: Այս դանակը մի կողմից ցույց է տալիս, որ նա իմացել է, թե ով է մատնիչը և մյուս կողմից խորհրդանշում է այն դանակը, որով առաքյալն այնուհետև կտրելու էր Մաղքոս հարյուրապետի ականջը: Հիսուսի ասված խոսքերին բոլորից ուժեղ արձագանքում են Պետրոսն ու Հովհաննեսը. առաջինը բանականությամբ մնացյալին կոչ է անում հակազդեցության, իսկ երկրորդն, իրեն բնորոշ զգացմունքայնությամբ, քարացել է վշտից: Միաժամանակ, ինչպես նշում են արվեստի տեսաբանները, Լեոնարդոն նաև որսացել և պատկերել է այն պահը, երբ Հիսուսի խոսքերի առաջ բերած հուզումը, բացի Պետրոսից և Հովհաննեսից, մյուս առաքյալների դեպքում գումարվում է նաև մարդկային մտահոգությունն իրենց իսկ համար, թե իրենք ինչ են անելու և արդյոք իրենց էլ վտանգ չի սպառնում:

Համաձայն ավանդության՝ Լեոնարդոն այս կտավի վրա աշխատել է տասնվեց տարի: Այնուամենայնիվ չի հասցրել ավարտել այն: Վերջին վրձնահարվածներով չեն ամբողջացվել Հիսուսի և Հուդայի պատկերները, քանի որ նկարիչն այդպես էլ չի կարողացել գեղարվեստի լեզվով լիովին ներկայացնել աստվածային անհուն սիրո և մարդկային հնարավոր ստորության իր ընկալումը: Արդի արվեստագիտության մեջ վիճարկվում է այս տեսակետը: Այն միտքն է հայտնվում, որ այս անավարտվածությամբ է հենց արտահայտվում այս պատկերի ավարտվածությունը: Եթե միջնադարյան պատկերագրությունում Հիսուս ներկայացվում է օրհնությամբ Հաղորդության խորհուրդը հաստատելիս, ապա այստեղ հոգնությամբ նստած Ուսուցիչն է, որի երկրային առաքելությունը մոտեցել է ավարտին: Խորհրդավոր ընթրիքին այդ գիշեր հաջորդելու էր մատնությունը, և միջնադարից մինչև վերածնության վարպետները Խորհրդավոր ընթրիքի սեղանի առջև տարբեր նկարիչներ տարբեր կողմերում, բայց միշտ կենտրոնական դիրքում պատկերել են Հիսուսին, ում տխուր և կենտրոնացած հայացքում արտացոլվել է Գեթսեմանիի ձորակով սկսվող խաչի ճանապարհը և Իրեն վերապահված դառնության բաժակը:

«Խորհրդավոր ընթրիքը» ոչ միայն մանրանկարչության, այլև որմնանկարչության ու գեղանկարչության մեջ առավել տարածված պատկերներից է:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

18.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․