Գրքեր

Կրկնազատկի քարոզ

«Քրիստոս յարուցեալ է ի մեռելոց՝ առաջին պտուղն ննջեցելոց»։

«Մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կորնթացիներ 15։20)։

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.

Այսօր Կրկնազատիկ է։ Մենք՝ քրիստոնյաներս, տոնում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը և միմյանց ավետում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Այս ուրախությունը ձևական և շինծու լինել չի կարող։ Հարության ավետիսն արտաբերողը պետք է իրապես ուրախ լինի, ճշմարտապես հավատա հարության իրողությանը և սրտաբուխ հնչեցնի այդ ավետիսը, որովհետև մեր Տերը հարություն առավ և մեզ խոստացավ հարություն տալ։

Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր կրոնական համայնք, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր անձ իր ուրախության առիթներն ու սահմանած տոներն ունի և հավատով ու հույսով է պատմում դրանց մասին։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար մեծագույն և անկեղծ ուրախության ու երջանկության առիթ ու տոն են Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հարությունը։ Իր ծննդյամբ և մարդեղացմամբ Նա եկավ մեզ պատրաստելու հարության համար։ Հարության գաղափարը քրիստոնյայի հոգու, մտքի և սրտի անբաժան մասը պետք է լինի։ Որքան տխուր լինենք կամ փորձության մեջ, հոգնած ու ջարդված աշխարհային տարբեր իրողություններից, ինչպես օրինակ՝ այս վերջին Արցախյան պատերազմն էր մեր ժողովրդի համար, պիտի հիշենք հարության մասին, որովհետև հարության խորհրդաբանությունը ապրեցնող է։    

Հարությունը խավարի վերջում լույսի սպասումն է, ձմռանից հետո գարնան գալը, լացից հետո ժպիտի հայտնվելը մարդու դեմքին, գիշերից հետո լուսաբացը, ազատության կորստից հետո ազատության ձեռքբերումը և հիվանդությունից հետո առողջության վերականգնումը։ Եվ սրանք զուտ գեղարվեստական նկարագրություններ չեն, այլ իրականություն։ Կյանքը այլ իմաստ է ձեռքբերում Քրիստոսի հարությամբ։ Այն չի թողնում մարդկանց տրտմության ու հուսահատության մեջ։ Այն ճշմարիտ մխիթարության ու երջանկության աղբյուր է։ Այդ մշտաբուխ աղբյուրից սնվում են հարությանը հավատացող բոլոր մարդկանց սրտերը։ Ինչպես պահքի և ապաշխարության շրջանն է մարդկանց վերափոխում ու վերածնում, այնպես էլ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը։ Որովհետև այդ հարությունը ունայն գաղափար չէ, այլ իրական է։ Ինչպես տեսանելի ամեն մի իրողություն, իրական ու հավաստի են նաև Քրիստոսի հարությունն ու ողջ մարդկության հարությունը։ 

Հարության գաղափարը քրիստոնյաներին երբեք չպետք է լքի, ոչ իսկ մեկ վայրկյան։ Մարդու կյանքի հանգամանքները, պայմանները կարող են փոխվել, բայց քրիստոնյայի գիտակցության մեջ հարության դրոշմը երբեք չպետք է անհետանա ու ջնջվի նրա հիշողությունից։ Նա պիտի հարության խորհրդի կրողը լինի և հաստատապես ամուր կանգնած լինի հավատքի իր դիրքերում՝ առանց նահանջի ու երկմտանքի։ Ինչպես հորդորում է Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին նամակում. «Եղբայրնե՛ր, հիշեցնեմ ձեզ իմ Ավետարանը, որը քարոզեցի ձեզ, որը և ընդունեցիք, և որի մեջ հաստատ եք մնում. Նրանով էլ կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքերը, որ քարոզեցի ձեզ, այլապես իզուր հավատացած կլինեք. որովհետև ես ձեզ ավանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի, թե Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, թաղվեց, բայց և հարություն առավ երրորդ օրը» (Ա Կորնթացիներ 15։1-4)։

Քրիստոս հարություն առնելուց հետո եկավ Իր աշակերտների մոտ և երևաց նրանց։ Իր սերը հաստատեց նրանց հանդեպ։ Նույն Պետրոսի նկատմամբ, որը ուրացել էր Նրան, նույն Թովմասի նկատմամբ, որը չցանկացավ հավատալ առանց տեսնելու Ուսուցչի վերքերը։ Իր սերը հաստատեց նաև ողջ մարդկության նկատմամբ։ Աշակերտներին ուղարկեց քարոզելու Իր փրկության Ավետարանը բոլոր ազգերին՝ հարության ու Սուրբ Հոգու առաքման խոստումով։

Մեր հավատքը պետք է կատարյալ լինի, այսինքն՝ ինչ որ ավանդեց ու պատվիրեց մեզ Հիսուս, պետք է անվերապահորեն հավատանք, ոչ թե ինչ-որ գաղափարներ ու պատվիրաններ ընդունենք ու հետևենք դրանց՝ որպես հարգանքի ու առաջնորդության արժանի կյանքի սկզբունքներ, մնացյալն էլ չընդունենք, այդ թվում և մարդկության հարությունը, սակայն մեծ շուքով նշենք Քրիստոսի հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Հարության նկատմամբ հավատքը սկիզբն ու լրումն է մեր ողջ հավատքի, մեր պատվիրանապահության, հավատքի մեջ գործադրած մեր ջանքերի, մեր սիրո։ 

Հարության հանդեպ հավատը մեր միտքը ուղղորդում է դեպի վեր՝ դեպի երկնայինը։ Սուրբ Պողոս առաքյալը կողոսացիներին գրում է. «Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը։ Վերին բաների մասին խորհեցե՛ք և ոչ թե այն, որ այստեղ երկրի վրա է, քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մոտ։ Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (Կողոսացիներ 3։1-3)։

Հարությունից հետո Աստծու Որդին երևում է Իր աշակերտներին ու վերահաստատում նրանց իրենց հավատի մեջ։ Էմավուսի ճամփորդները չճանաչեցին Քրիստոսին։ Մարիամ Մագթաղենացին, որ լաց էր լինում Հիսուսի համար, իր առջև կանգնած Տիրոջը չճանաչեց։ Մենք պետք է ճանաչենք հարուցյալ Տիրոջը։ Պետրոսը ձուկ էր որսում, երբ Հովհաննեսը նրան ասաց, որ Տերն է նրա առջև կանգնած, Պետրոսը հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր։ Մենք պիտի հագնենք հավատքի զգեստը, որպեսզի պատշաճ ներկայանանք հարուցյալ Տիրոջը։

Ուստի, սիրելինե՛ր, մենք բոլորս հավատքի նորոգության կարիքն ունենք, որը ինքն իսկ մեր հարությունն է խորհրդանշում։ Տիրոջ աշակերտները մինչև վերջին րոպեն սովորում էին Նրանից, սակայն հարությունից հետո էլ դեռ հավատքը պակասեց նրանց, որպեսզի ճանաչեն իրենց Վարդապետին։ Սակայն Հիսուսից ոչ մի դատապարտության խոսք չլսեցին։ Մենք ամեն տարի պահք ենք պահում և անցնում մի ամբողջ ապաշխարության շրջան, սակայն մեր հավատքի կյանքը չի ամբողջանում և ավարտվում դրանով, ամեն րոպե մենք ինքներս հաղթահարում ենք մեղքերը և նորոգվում ենք Սուրբ Հոգու շնորհներով։ Եվ հարության տոնից հետո էլ մենք չպիտի մեր հոգևոր պայքարի զենքերը վայր դնենք, որովհետև դեռևս շարունակում ենք ընթանալ դեպի հարություն ու փրկություն։     

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։   

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

11.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․