Գրքեր

«Կյանքի ճանապարհները պահպանում է Տերը»

Նոյեմբերի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Դաունի համախտանիշ ունեցող արև Հայկանուշին (7 տ.), որն իր մայրիկի՝ Այվազյան Օլյայի (27 տ.) հետ բնակվում է Արմավիր քաղաքի Բաղրամյան 22 շ., 7 բն. հասցեում: Ընտանիքի հայրը Հայկանուշի ծնունդից հետո լքել է ընտանիքը և հրաժարվել անգամ ալիմենտ վճարել: «Հայկանուշը երկու տարեկան չկար, երբ սրտի վիրահատություն անցավ: Նրա խնամքով զբաղված լինելով՝ չեմ կարողանում աշխատել: Ընտանեկան նպաստ չենք ստանում, իսկ Հայկանուշին տրամադրվող գումարի միջոցով չեմ կարողանում հոգալ մեր նվազագույն կարիքները, երբեմն ծնողներս են օգնում: Երկու տարի առաջ ինձ մոտ կրծքագեղձի բարորակ գոյացություն հայտնաբերեցին, հնարավորության սահմաններում դեղորայքային բուժումներ ստացա, բայց այժմ ֆինանսական խնդրի պատճառով չեմ կարողանում հերթական բուժստուգումն ու բուժումն անցնել»,- ասաց Օլյան:

Արև Հայկանուշը սովորում է Արմավիր քաղաքի թիվ 8-րդ հիմնական դպրոցում: Մայրիկը պատմեց, որ Հայկանուշը բավականին առաջընթաց ունի դպրոցում, կենսուրախ աղջնակը սիրում է գիմնաստիկայով զբաղվել, երգել, պարել, նկարել, օգնում է մայրիկին տնային գործերում:

Տեր Գրիգորն ընտանիքի հետ զրույցից հետո, բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Տեր և Տիկին Ալէն ու Մարիա Կյունպէրկը և պրն. Առնո Պէնկլիանն իրենց ազգականուհու՝ Լուսին Մարոյի մկրտության առթիվ:

Հիսուս Քրիստոս ասում է. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ» (Հայտն. 3:20), կարևոր է, որ յուրաքանչյուր ոք լսի այդ թակոցը, արձագանքի դրան և ընթանա այն ճանապարհով, որով Քրիստոսն է անցել: Կյանքը տրվել է մարդուն մեծ ու փոքր սխրանքների, ինչպես նաև մերձավորին ծառայելու սխրանքի համար: Սերը մերձավորի հանդեպ Աստծո հանդեպ սիրո հետևանքն է, Աստծո, Ով արարել է մեր մերձավորին: Յուրաքանչյուր անձ ամեն պահի, ամեն օր կարող է մերձավորի մեջ տեսնել Աստծո պատկերն ու նմանությունը: «Արդարի ձեռքին է կյանքի աղբյուրը, արդարների գործերը կյանք են տալիս, և կյանքի ճանապարհները պահպանում է Տերը» (Առակ. 10:11; 16):

 

Կարինե Սուգիկյան

16.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․