Գրքեր

Մահվան մահճում գտնվող հիվանդները

- Հա՛յր, մեզ խնդրել են մի մարդու համար աղոթել, ում կյանքը մի քանի օր մազից էր կախված, սակայն հոգին մարմնից չէր բաժանվում:

- Ինչո՞ւ չէր բաժանվում: Նա իր մեղքերը խոստովանե՞լ էր:

- Ոչ, խոստովանել չէր ուզում: Հա՛յր, այսինքն հոգու հեռանալու ժամանակ մարդու տանջանքների պատճառը նրա մեղսավոր վիճա՞կն է:

- Ոչ, դա միանշանակ չէ: Միանշանակ չէ նաև այն, որ եթե մարդու հոգին նրանից հեշտ ու հանգիստ է դուրս գալիս, ապա նա լավ վիճակում էր գտնվում: Եթե նույնիսկ մարդիկ տանջվում ու տառապում են կյանքի վերջին ակնթարթներում, դա պարտադիր չի նշանակում, որ շատ մեղքեր ունեն: Որոշ մարդիկ, մեծագույն խոնարհությունից դրդված, ջերմեռանդորեն խնդրում են Աստծուն, որ իրենց վատ ավարտ տա, որպեսզի մահվանից հետո անհայտ մնան: Կամ ինչ-որ մեկը կարող է վատ ավարտ ունենալ, որպեսզի (հոգևոր առումով) մարի ոչ մեծ պարտքը: Օրինակ, կյանքում մարդուն ավելի շատ էին գովում, քան նա արժանի էր, այդ պատճառով էլ Աստված թույլ է տալիս, որպեսզի մահվան ժամին նա իրեն տարօրինակ պահի, որպեսզի մարդկանց աչքից ընկնի: Այլ դեպքերում Աստված որոշ մարդկանց թույլ է տալիս մահվանից առաջ տառապել, որպեսզի նրա կողքին եղող մարդիկ հասկանան, թե որքան ծանր է լինում հոգու վիճակը դժոխքում, եթե այն իրեն այստեղ կարգի չբերի: Իսկ եթե քո (հոգևոր) փաստաթղթերը կարգին վիճակում են (այսինքն, եթե դու լավ հոգևոր վիճակում ես գտնվում), ապա դու երկրային կյանքից դեպի հավիտենականն այնպես ես անցնում, որ դևերը քեզ նույնիսկ մոտ չեն գալիս:

- Հա՛յր, եթե մարդը մահվան շեմին է կամ լուրջ հիվանդություն ունի, ապա ճիշտ կլինի՞ արդյոք նրան ճշմարտությունն ասել:

- Դա կախված է այն բանից, թե ինչպիսի մարդ է նա: Երբեմն քաղցկեղով հիվանդ մարդն ինձ հարցնում է. «Ի՞նչ ես կարծում, Հա՛յր, ողջ կմնա՞մ, թե կմահանամ»: Եթե նրան ասես, որ կմահանա, ապա աչքիդ առաջ, տեղնուտեղը կմեռնի վշտից: Եթե չասես, ապա կառույգանա և իր հիվանդությանն առանց վախի կվերաբերվի: «Հասունանալով»՝ հիվանդ ինքն է իր վրա խաչն առնում և ուժ է գտնում հետագայում իր հետ կատարվող ամեն բան հաղթահարելու: Իսկ դա նշանակում է, որ նա կարող է ևս մի քանի տարի ապրել, իր ընտանիքին օգնել, նախապատրաստվել մահվանը և իր հարազատներին էլ հնարավորություն տալ պատրաստվելու դրան: Իհարկե, ես այդպիսի մարդկանց չեմ ասում, թե հազար տարի կապրեն կամ, թե իրենց հիվանդությունը մի չնչին բան է, բայց այսպես եմ ասում. «Մարդկային առումով դժվար է օգնել քեզ: Աստծո համար իհարկե անհնար ոչինչ չկա: Սակայն փորձիր քեզ կարգի բերել հոգևոր առումով»:

- Հա՛յր, ծանր հիվանդ մարդու հարազատները երբեմն վախենում են Սուրբ Հաղորդություն տալ նրան, որպեսզի չսկսի մտածել, թե մահանալու է:

- Այսինքն ի՞նչ է դուրս գալիս, որ մարդը պետք է առանց հաղորդվելու մահանա, որպեսզի չհասկանա, որ մահանում է ու չվշտանա՞: Թող այդպիսի մարդու հարազատներն ասեն նրան. «Աստվածային Հաղորդությունը դեղամիջոց է: Այն կօգնի քեզ: Լավ կլինի, որ հաղորդվես»: Մարդն այդ կերպ Հաղորդություն է առնում, օգնություն ստանում և միևնույն ժամանակ պատրաստվում հաջորդ կյանքին:

- Հա՛յր, այս կյանքից հեռացող մարդկանց համար պե՞տք է վերջին օծման կարգն անել:

- «Հոգու մարմնից բաժանման աղոթքն» են կարդում այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում իրենց հոգին Աստծուն հանձնել: Վերջին օծման կարգը բոլոր հիվանդների համար է արվում, այլ ոչ միայն նրանց, ովքեր վերջին շնչում են գտնվում:

- Հա՛յր, վերջին շնչում գտնվող մարդու արտասանած բառերը կապ ունե՞ն նրա հոգևոր վիճակի հետ:

- Արագ եզրակացություններ չանենք: Մարդ կա, որ հոգին տալու պահին ցավ, ծանրություն է զգում և դեմքին ցավի արտահատություն է գծագրվում, և նրան շրջապատող մարդիկ կարծում են, որ նա հոգևոր լավ վիճակում չի գտնվում: Սակայն դեմքի ցավի արտահայտությունը տարբերվում է չարության և վախի արտահայտությունից: Պատահում է, որ մարդը ցավից տանջվում է, տառապում, իսկ շրջապատողները մտածում են, թե իր հոգու ետևից եկած դևերի հետ է կռիվ տալիս:

- Հա՛յր, հոգևոր առումով կարգավորված հոգին, այս կյանքից հեռանալիս, անցնո՞ւմ է արդյոք փորձությունների միջով:

- Եթե հոգևոր առումով կարգավորված մարդու հոգին է Երկինք բարձրանում, ապա դևերը նրան չարիք պատճառել չեն կարող: Իսկ, եթե կարգավորված չէ, ապա դևերը տանջում են նրան: Երբեմն այնպես է պատահում, որ Աստված մարդու հոգուն թույլ է տալիս այդ փորձությունները մարմնից բաժանվելու ժամանակ տեսնել, որպեսզի այդ կերպ օգնի մեզ, դեռևս ողջերիս, որպեսզի ջանք թափենք և մեր պարտքերը դեռևս այս կյանքում մարենք: Սուրբ Թեոդորայի* վարքը հիշո՞ւմ եք: Այսինքն, Աստված թույլ է տալիս, որպեսզի որոշ մարդիկ այդ փորձությունները տեսնեն, որպեսզի ուրիշներն օգնություն ստանան ու ապաշխարեն: Սուրբ Եփրոսինոսի** վարքում կարդում ենք այն մասին, որ մի անգամ, վանքի վանահայրը մի տեսիլքից հետո արթնացավ՝ ձեռքին մի խնձոր, որպեսզի ուրիշներն էլ դա տեսնեն ու օգնություն ստանան:

Իսկ երբեմն Աստված մեռնող մարդու հոգուն թույլ է տալիս ինչ-որ մեկի հետ խոսել, որպեսզի կամ ինքը՝ մեռնողը ապաշխարի, կամ նրան լսողները: Տեսնո՞ւմ ես, Աստված մարդուն փրկելու բազմաթիվ միջոցներ ունի: Մի դեպքում Նա մարդուն հրեշտակների միջոցով է օգնում, մյուսներում՝ փորձությունների կամ տարբեր նշանների: Ես մի կնոջ էի ճանաչում, ով բարբարոսաբար, անմարդկայնորեն էր վերաբերվում իր ամուսնուն ու սկեսուրին: Նա երկուսին էլ ծեծում էր: Ինքն ամբողջ օրը հարևանների տուն էր գնում՝ բամբասելու, իսկ ծեր սկեսուրին ուղարկում էր դաշտում աշխատելու: Խեղճ պառավն ամեն օր երկու ժամ, հազիվ ոտքերը քարշ տալով, գնում էր դաշտ և առանց որևէ մեկին դժգոհելու՝ առավոտից իրիկուն աշխատում էր: Եվ ահա մի անգամ, սարսափելի հոգնած վերադառնում է տուն, ընկնում հատակին ու իր հարսին ասում. «Միքայել հրեշտակապետը եկել է հոգիս առնելու: Մաքրիր արյունը, աղջիկս»: «Ի՞նչ արյուն»,- վախեցած հարցնում է հարսը, որովհետև ոչ մի արյուն չէր տեսնում: «Ահա արյունը, աղջիկս, արյուն է հոսում: Մաքրի՛ր, մաքրի՛ր»: Հարսը սկսում է շուրջբոլորը զննել ու արյուն ման գալ, իսկ ծեր կինն այդ ժամանակ հոգին Աստծուն է ավանդում:

Այս դեպքից հետո հարսը խելքը գլուխը հավաքեց ու փոխեց իր կյանքը: Վայրի գազանից նա վերափոխվեց գառնուկի: Այն, որ նա տեսավ, թե ինչպես է իր սկեսուրն այդ բառերով մահանում և հավատում, որ Միքայել հրեշտակապետն իբրև թե մերկացրած սրով եկել է իր հոգին վերցնելու՝ տեղի ունեցավ Աստծո նախախնամությամբ, որպեսզի նա վախենա ու ապաշխարի: Այսինքն, Աստված նրա հետ այն լեզվով խոսեց, որը նա հասկանում էր, որպեսզի սթափվի: Ըստ ամենայնի այդ կինը դեպի բարին էր հակված:

- Հա՛յր, իսկ եթե մահացողն իր ննջեցյալ ազգականներին է կանչում, դա ի՞նչ է նշանակում:

- Դա հաճախ տեղի է ունենում, որպեսզի օրինակ լինի մահացողի կողքին գտնվողների համար: Ես մի հարուստ տիկնոջ էի ճանաչում, նա սուրբ կին էր: Նա չէր ամուսնացել և իր քրոջ հետ էր ապրում, ում էլ իր ողջ հարստությունը տվել էր: Նրա փեսան, այսինքն քրոջ ամուսինը, նրանից հետո մահացավ: Մահանալուց սկսեց նրան կանչել. «Այստեղ արի, Դեսպինա, իրարից ներողություն խնդրենք: Ներիր ինձ… ո՜նց էի քեզ տանջում, ներիր ինձ»: «Որտե՞ղ ես Դեսպինային տեսնում»,- հարցնում էին շրջապատողները: «Ահա՛ նա, այնտե՛ղ, մի՞թե չեք տեսնում»,- պատասխանեց նա ու հոգին Աստծուն ավանդեց:

- Հա՛յր, իսկ երբ մարդիկ մահանալուց ներողություն են խնդրում ննջեցյալից, ապա ներում ստանո՞ւմ են:

- Աստված դա թույլ է տալիս, որ գոնե այդ կերպ ներում ստանան, որովհետև մարդը զղջում է ապրում իր մահվան շեմին և անհրաժեշտություն է զգում ներողություն խնդրել այն մարդկանցից ում նեղացրել է:

 

* Տե՛ս, Անդրաշխարհյան դատաստան կամ սուրբ Թեոդորայի փորձությունները: 1995թ.

** Սուրբ Եփրոսինոսի հիշատակությունը կատարվում է սեպտեմբերի 11-ին: Տե՛ս, Վարք Սրբոց ռուսերեն լեզվով: Սեպտեմբեր: Մ., 1902: Էջ 257-260:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․