Գրքեր

Մանկական տարիք

«Ծնողական օրհնությունը մեծագույն ժառանգություն է երեխաների համար: Այդ պատճառով էլ երեխաները պետք է ջանան ծնողական օրհնությանն արժանանալ»

 

- Հա´յր, ես նկատել եմ, որ երբեմն Սուրբ Պատարագի ժամանակ նորածինները ժպտում են:

- Նրանք ոչ միայն Սուրբ Պատարագի ժամանակ են ժպտում: Նորածիններն անընդհատ կապի մեջ են Աստծո հետ, որովհետև անպաշտպան են: Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց Քրիստոս մանուկների մասին: «…երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր» (Մատթ. 18:10): Փոքրիկները կապի մեջ են Աստծո և Պահապան Հրեշտակի հետ, որն անընդհատ նրանց կողքին է գտնվում: Նորածինները երազում մեկ ծիծաղում են, մեկ՝ լացում, որովհետև նրանք և´ ուրախալին են տեսնում և´ սարսափելին: Մի դեպքում նրանք իրենց Պահապան Հրեշտակին են տեսնում և խաղում են նրա հետ: Նա շոյում է նրանց, բռնում է թաթիկները, և նրանք ծիծաղում են: Իսկ մյուս դեպքում՝ բանսարկուն նրանց ինչ-որ սարսափելի բան է ցույց տալիս և նրանք լաց են լինում:

- Իսկ ինչո՞ւ է սատանան վախեցնում նորածիններին:

- Այն, որ նա վախեցնում է նրանց՝ նույնպես օգուտ է նրանց համար, որովհետև նրանք ստիպված են վախից մայրիկին կանչել: Եթե այդ վախը չլիներ, ապա փոքրիկները կարիք չէին ունենա մայրիկի գիրկը վազելու: Աստված ամեն ինչ թույլ է տալիս մարդկանց բարօրության համար: 

- Իսկ երբ երեխաները մեծանում են՝ հիշո՞ւմ են արդյոք, թե ինչ են տեսել, երբ նորածին էին:

- Ոչ, մոռանում են: Եթե փոքրիկը հիշեր, թե քանի անգամ է տեսել իր Հրեշտակին, ապա հպարտության մեջ կընկներ: Այդ պատճառով էլ, մեծանալով՝ ամեն բան մոռանում է: Աստված իմաստությամբ է գործում:

- Նրանք այդ ամենը Մկրտությունից հետո՞ են տեսնում:

- Իհա´րկե, Մկրտությունից հետո:

- Հա´յր, իսկ կարելի է չմկրտված նորածնին Սուրբ Մասունքներին մոտեցնել:

- Ինչո՞ւ չի կարելի: Կարելի է նույնիսկ խաչակնքել նրան Սուրբ Մասունքներով: Այսօր ես մի մանկիկի տեսա, որ փոքր Հրեշտակի էր նման: «Ո՞ւր են թևերդ»,- հարցրեցի նրան: Նա շփոթվեց և չիմացավ, թե ինչ պատասխանի... Աթոս լեռան վրա, գարնանը, երբ ծառերը ծաղկում են, իմ խցի ցանկապատի մոտ աճող թփի ճյուղերից կարամելի կոնֆետներ եմ կախում: Երբ ինձ մոտ այցելուներ են գալիս փոքրիկ երեխաների հետ՝ ես ասում եմ. «Երեխաներ, խնդրում եմ կոնֆետները հավաքեք թփի վրայից, որովհետև եթե անձրև գա՝ դրանք կհալվեն ու կփչանան»: Որոշ խելամիտ երեխաներ հասկանում են, որ ես եմ դրանք ճյուղերից կախել և ծիծաղում են: Մյուսները հավատում են, որ կոնֆետներն իրենք են թփերի վրա աճել, երրորդները չգիտեն հավատալ, թե՝ ոչ... Փոքրիկներին նաև մի քիչ արեգակ է հարկավոր:

- Հա´յր, շա՞տ կոնֆետներ եք կախում:

- Դե, եթե կախել՝ ուրեմն շատ: Երբ ինձ համեղ քաղցրավենիք են բերում՝ ես մեծերին չեմ տալիս: Նրանց լոխում եմ հյուրասիրում: Երբ ինձ համար լավ քաղցրավենիք են բերում՝ ես դրանք պահում եմ Աֆոնիադայի* երեխաների համար: Այստեղ, մենաստանում նույնպես երեկ կարամելներ և շոկոլադներ եմ տնկել, իսկ այսօր դրանք արդեն ծաղկել են: Նկատե՞լ եք: Իսկ ինչու ո´չ. եղանակն արևային է, հողը՝ լավը, լավ փորել եք, այդ պատճառով էլ շոկոլադներն այդքան արագ ծաղկել են**: Ա´յ կտեսնեք, թե ի՜նչ ծաղկանոց եմ ձեզ համար պատրաստելու: Իսկ դուք ի՞նչ եք մտածում: Մեր սեփական բերքը կհավաքենք:

- Հա´յր, ուխտավորները տեսան, թե ինչպես են մարգից կոնֆետներ ու շոկոլադներ դուրս ցցվել ու զարմացան: «Հավանաբար երեխաներից մեկն է դա արել»,- ասացին նրանք:

- Ինչո՞ւ չասացիր նրանց, որ դա մի մեծ երեխա է արել:

 

* Աֆոնիադա – Սուրբ Աթոս Լեռան վրա տեղակայված դպրոց՝ տղաների համար:

**  Դրա նախորդ օրը ծեր ճգնավորը մի քանի կարամելի կոնֆետ ու շոկոլադ էր «տնկել» նոր վարած մարգի մեջ, վրայից էլ յասամանի ճյուղեր էր դրել, որպեսզի քաղցրավենիքը ծաղկած երևա:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

12.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․