Գրքեր

«Մարդ ինչ սերմանում է, այն էլ կհնձի»

Ամանորի նախաշեմին քրիստոնյան փորձում է արժանավայել պատրաստվել Ս. Ծննդյան տոնին՝ անցնելով յուրահատուկ նախապատրաստության մի շրջան՝ Ս. Ծննդյան պահքը, որը կարևոր է իմաստավորել նաև ողորմածությամբ: Ս. Ներսես Շնորհալի հայրապետը հորդորում է. «Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ և որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ…. պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ ինչ ձեզանից նվազեցնում եք ըստ Աստծո պատվիրանի՝ ի սեր կարոտյալ և չքավոր եղբայրների, ծերերի և տկարների, նրա՛նց տվեք և ձեր հոգիների համար կրկնակի բարիք կամբարեք»:

Հայ եկեղեցում սովորություն կա նաև ննջեցյալների անունից ողորմություն տալ կարիքավոր մարդկանց: Այդ սովորույթի համաձայն՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել, ի հիշատակ իր հանգուցյալ ծնողների՝ Ֆրանկյան Հայկի և Կարապետյան Ֆենյայի, տրամադրեց դրամական օգնություն (100 ԱՄն դոլար), որը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դեկտեմբերի 30-ին հանձնեց Աղանյան ընտանիքին: Երկու հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Շրջանային 2/14 հասցեում գտնվող մեկ սենյանականոց բնակարանում: Անահիտ Աղանյանը (43 տ.) երկու զավակ ունի, դուստրն ամուսնացել է, այժմ նա միայնակ է խնամում 6-ամյա որդուն՝ Համլետ Վանյանին: Աղանյան ընտանիքը կարիքի մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի մայրն առողջական խնդրի՝ կրծքագեղձում նորագոյացություններ ունենալու պատճառով, ի վիճակի չէ աշխատելու: «Ըստ բուժստուգումների՝ նորագոյացությունները մեծանում են և անհապաղ վիրահատության անհրաժեշտություն կա, ինչը հետաձգվում է ֆինանսական խնդիրներիս պատճառով»,- ասաց Անահիտը: Ընտանիքի հետ զրույցից հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց: Անահիտը զգացված էր այն ուշադրության և հոգատարության համար, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն արդեն երկրորդ անգամ ցուցաբերեց իր ընտանիքի հանդեպ:

Բոլորիս հայտնի է աստվածաշնչյան հետևյալ համարը. «Մարդ ինչ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6:8), և ի՞նչ պետք է հնձի այն մարդը, որ ոչինչ չի սերմանել: Այսինքն՝ քրիստոնյայի առաքելությունը ոչ թե միայն չարը չգործելն է, այլ՝ հավատը կենդանի պահելը բարի գործերով (Հակոբոս 2:26):

 

Կարինե Սուգիկյան

30.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․