Գրքեր

Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին

(Հոգևոր պայքարի մասին, մաս 1-ին)

Մեր ժամանակներում ապրող սրբակյաց հոգևոր հայրերից մեկը՝ Հայր Նիկոն Աթոսացին, իր հոգևոր զրույցների ժամանակ խոսում է հոգևոր պայքարի տարբեր դրվագների մասին, որոնք օգտակար են ամենօրյա հոգևոր կյանքի և փորձություններից զերծ լինելու համար: Ահա ներկայացնում ենք նրա զրույցներից որոշ հատվածներ: Նա ասում է, որ մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում: Քանի դեռ թթվածին ենք շնչում, կարող են հազարավոր մտքեր հայտնվել, բայց մենք այդ իրողությանը չենք անդրադառնում: Մեզ հաշիվ չենք տալիս, որ մեր մտքերը ձևավորում են մեր բնավորությունը, անձի պատկերը, ստեղծում՝ ինքնությունը: Մեր ողջ կյանքը մեր մտքերի արդյունքն է: Դրանց օգնությամբ, օրինակ՝ կարող ենք փոխել մեր ապագան: Այն որևէ տեղ գրված ծրագիր չէ, այլ մենք ենք որոշում, թե ինչպես է լինելու: Մեր մտքերով նույնիսկ կարող ենք առիթ դառնալ, որպեսզի Աստված փոխի Իր որոշումը մեր ապագայի վերաբերյալ: Անկախ նրանից, թե որքան անհավատալի է հնչում, սա Սուրբ Գրքի ուսմունքն է: Մենք դա տեսնում ենք, օրինակ՝ Հովնան մարգարեի պարագայում Նինվեի պատմության մեջ: Մեծ քաղաքը մեղքի մեջ էր, և Աստված որոշեց ոչնչացնել դրա բնակչությանը: Նա նման որոշում կայացրեց, և դա պետք է դառնար Նինվեի ապագան: Բայց Հովնան մարգարեն սկսեց ապաշխարություն քարոզել, Նինվեի բնակիչները ապաշխարեցին, և Աստված փոխեց Իր որոշումը: Սուրբ Գրքում բառացիորեն ասվում է. «Եվ Աստված զղջաց» (Հովն. 3.10): Եվ ամբողջ ժողովուրդը փրկվեց: Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ մեր մտքերի փոփոխության դեպքում:

Բայց եկեք տեսնենք մեր և դևերի ուղարկած մտքի տարբերությունը: Հաճախ դրանք նույնացվում են: Ասում են` մի միտք եկավ, ծնվեց: Դրանք, կարծես, նույն բանն են, սակայն չարի կողմից եկած միտքը համառ միտք է, այլ ոչ թե պարզապես անցնում և գնում է: Սա այն միտքն է, որը գալիս է, գնում, վերադառնում, մեզ անհանգստացնում է: Սա այն է, ինչ մենք չար միտք ենք անվանում: Մտքերի ուժը մեծապես ազդում է ոչ միայն մեր ներկա և ապագա կյանքի, այլև՝ մարմնի վրա: Մի վանքի վանականներից մեկը երբեք քնջութի յուղ չէր ուտում, բայց հալվա սիրում էր: Նա այն մեծ հաճույքով էր ուտում: Մեկ այլ վանական նրան ասաց.

- Ինչպե՞ս չես կարող քնջութի յուղը հանդուրժել, բայց հալվա սիրել:

- Իսկ ի՞նչ ընդհանրություն կա դրանց միջև:

- Չէ՞ որ հալվան քնջութի յուղից է պատրաստվում:

Երբ հալվա սիրող վանականը սա լսեց, փսխեց: Ահա այսպես միտքն ազդում է մարմնի վրա: Աթենքի մի լավ հոգեբույժներից մեկը՝ մի հայտնի վարդապետի հոգևոր զավակը, մի տիկնոջ էր բուժում, որը սարսափելի հոգեբանական խնդիրներ ուներ: Նրա համար Հոլանդիայից ինչ-որ հազվագյուտ և թանկարժեք դեղամիջոց էր ստացել և բացատրել.

- Զգո՛ւյշ եղեք, հենց այս դեղահաբերն ընդունեք՝ ըստ իմ նշանակման: Խնդիրը փողի մեջ չէ, այլ պարզապես դժվար է դրանք գտնել:

Այդ կինը նման վերաբերմունքի և հոգատարության համար երախտապարտ էր նրան: Հաբերն ընդունում էր ճիշտ բժշկի ցուցումների համաձայն, և նրա առողջությունը վերականգնվում է: Նա փառք է տալիս Աստծուն և իր շնորհակալությունը հայտնում բժշկին, որ իրեն բուժեց, քանի որ հիվանդությունը նրան տանջել էր տասը տարի: Բայց ի՞նչն էր խնդիրը: Հարցն այն էր, որ այդ դեղահաբերը… սովորական քաղցրավենիք էին: Տեսե՛ք, թե միտքն ինչ կարող է անել: Տեսե՛ք, թե միտքն ինչպես է ազդում մարմնի վրա: Դժբախտաբար, միշտ չէ, որ դրական արդյունք է լինում, ինչպես մեկ այլ դեպքում: Իմ ազգականներից մեկը մի կնոջ մոտ գնաց, որը գուշակություն էր անում բյուրեղների վրա: Այս կինը շատ հայտնի գուշակ էր և նրան ասաց, որ վերջինս սրտի հետ կապված խնդիրներ ունի և հաջորդ լիալուսնի ժամանակ կմեռնի: Իմ ազգականն առողջ, երջանիկ և ուրախ անձնավորություն էր: Եվ այնուամենայնիվ, նա շատ էր վստահում այդ կնոջը, որը մեծ համբավ էր վայելում: Նա ենթարկվել էր գուշակի ներշնչանքին և սարսափի մեջ էր: Այս միտքը նստվածք տվեց նրա ուղեղում: Նա այդ մասին պատմեց այլ մարդկանց, ժառանգությունը կարգավորեց, կտակ գրեց: Եվ այդ սարսափելի ներշնչանքն իրականացավ, որովհետև ամբողջովին հավատաց նրան: Նա լիովին առողջ լինելով՝ մահացավ:  Այդպիսին է մտքերի ուժը, ինչպես լավ, այնպես էլ վատ:

Երեք տեսակի մտքեր կան: Առաջինը մեր սեփական մտքերն են: Երկրորդ տեսակի մտքերը նրանք են, որոնք սատանան է մեզ ուղարկում: Ասում ենք, որ մի միտք եկավ, բայց չենք պատկերացնում, թե իսկապես որքան շատ է այդպես լինում տարբեր իրավիճակներում: Իրոք, միտքը եկավ. իսկապես ինչ-որ մեկը բերեց: Չար ոգին կարող է մտքեր սերմանել մեր գլխում: Այսպիսով, մտքեր կան, որ մեր սեփականն են, որոնք մենք ինքներս ենք ստեղծում, կան մտքեր, որոնք սատանան է մեզ ներշնչում, և մտքեր, որոնք Աստված է մեզ ուղարկում: Ինչպե՞ս կարող ենք դրանք տարբերել, որպեսզի կարողանանք գործ ունենալ միայն մեր մտքերի և Աստծու կողմից մեզ ուղարկածների հետ և մերժել սատանայի մտքերը: Իսկապես ինչպե՞ս տարբերել այս մտքերը: Դա հենց այնպես հնարավոր չէ անել: Նման դեպքում ոչ մի կերպ չենք կարող տարբերել, թե որոնք են մեր մտքերը, որոնք են Աստծո կողմից ուղարկվում մեզ, և որոնք՝ սատանայի: Մեզ փորձառություն է անհրաժեշտ, մեծ պայքար: Եկեղեցու հայրերն ասում են, որ մտքերը տարբերելու պարգևը մեծագույն առաքինություն է: Այս դեպքում ինչպե՞ս կարող ենք ընդունել Աստծո մտքերը, որպեսզի ապրենք և մի կողմ վանենք չարերը, որպեսզի ինքներս մեզ չկործանենք: Սկզբունքորեն պետք է ընդունել բարի մտքերը և չարերը մի կողմ վանել: Թվում է, թե պարզ է, բայց այդքան էլ այդպես չէ, քանի որ անմիջապես առաջ է գալիս երկու խնդիր: Նախ՝ ինչպես դիմավորել և մերժել չար մտքերը, և երկրորդ՝ եթե սատանան «բարի» միտք է ուղարկում, ապա ինչպե՞ս հասկանալ, որ սատանայից է: Գիտենք, որ այն ժամանակները, երբ սատանան հայտնվում էր կոտոշներով, անցել են: Այժմ նա փոխակերպվել է, գիտի՝ ինչպես քողարկվել, հայտնվում է խարիզմատիկ անձի, համոզիչ քաղաքական գործչի, տարբեր աղանդավորների տեսքով, որոնք գրավում են իրենց խոսքով, քարոզներով: Ինչպե՞ս հասկանալ, թե որ դեպքերում է սատանան թաքնվում: Երբ միտքը վատն է, մենք այն մերժում ենք, բայց երբ «լավ» միտք է գալիս, ինչպես հասկանալ, որ այն սատանայից է: Սուրբ Գիրքն ասում է. «Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թվում, բայց նրանց վերջավորությունը տանում է դեպի դժոխքի հատակ» (Առակ. 16.25): Կան ճանապարհներ, որոնցով քայլում ես, և քեզ լավ ես զգում, բայց վերջում քեզ մահ է սպասվում: Ինչպե՞ս գործել, որպեսզի չգնանք այդ «լավ» ուղիով, որը մեզ մահվան է տանում: Եկեք հակիրճ քննարկենք վատ մտքերի զարգացումը: Այն շատ պարզ է: Յուրաքանչյուր միտք որոշակի զարգացում ունի: Օրինակ՝ անցնում ենք հասարակաց տան կողքով, և միտքը գալիս է. «Ներս մտնեմ»: Կամ դրամապանակ ենք տեսնում և մի միտք է գալիս. «Վերցնեմ այն»: Մտքի այս փուլը կոչվում է հարձակում: Այն հարձակվում է մեզ վրա, գրոհում է: Դու մերժում ես այդ միտքը՝ ասելով. «Ո՛չ, ես չեմ մտնի», կամ «Ուրիշի դրամապանակը չեմ վերցնի»: Միտքը կրկին պնդում է. «Նե՛րս մտիր, գուցե այնտեղ ինչ-որ գեղեցկություն լինի» կամ «Դրամապանակը կարծես լիքն է, հավանաբար դրա մեջ շատ փող կա»: Դուք նորից վանում եք այս մտքերը և ասում. «Ո՛չ», բայց միտքը վերադառնում է: Սա հարձակում է: Աստծո առաջ մենք պատասխանատու չենք այս չար մտքերի հարձակման համար: Միտքը գալիս է, մենք վանում ենք այն, նորից է գալիս և այդպես շարունակ կրկնվում է: Երկրորդ փուլը պայքարն է: Պայքարում ենք մտքի դեմ: Գրոհի համար պատասխանատու չենք, իսկ [մեր դեմ] պայքարի համար ոչ միայն պատասխանատու չենք, այլև դրա համար Աստծուց պարգևատրվելու ենք: Մենք Աստծուց պարգև կստանանք, քանի որ պայքարում ենք, դուրս ենք մղում այդ միտքը: Սա մեզ համար հաճախ ցավոտ է, քանի որ ուզում ենք անել այն, ինչ ցանկությունն է մղում, բայց Քրիստոսի հանդեպ սիրո պատճառով չենք անում: Աստծուց վարձատրություն կստանանք: Այս պայքարի միջոցով մենք փրկվում ենք: Բայց եթե սկսենք մտովի քննարկել այդ միտքը և ասել. «Լավ, ես կմտնեմ, կնայեմ, միգուցե ինչ-որ գեղեցկություն տեսնեմ: Ես ոչինչ չեմ անի, պարզապես նայեմ և դուրս գամ» կամ. «Ես քսակը կվերցնեմ և ողորմություն կտամ: Դրա մեջ բավականաչափ փող կա, ես բարի գործ կանեմ և ինձ համար էլ կթողնեմ»: Այս փուլը կոչվում է կապակցում: Մենք փորձում ենք արդարացնել իրավիճակը: Մեղքի սկիզբն այն պահն է, երբ ասում ենք. «Ներս մտնեմ», կամ. «Վերցնեմ դրամապանակը և դնեմ գրպանս»: Պատմությունն ավարտվեց: Մենք Աստծո առջև մեղավոր ենք: Կարևոր չէ` իսկապես կմտնենք հասարակաց տուն կամ դրամապանակը կվերցնենք: Դա արդեն կախված է արտաքին գործոններից: Միգուցե ինչ-որ մեկը մեզ տեսնի, մենք ամաչենք, և ներս չմտնենք: Բայց ցավալին այն է, որ չարն արդեն տեղավորվել է մեր մտքում:  Ահա այսպես մեղավոր միտքը գրավում է մեզ: Եվ դրա զարգացման չորս փուլերն են՝ հարձակում, պայքար, կապակցում և համաձայնություն: Ամեն ինչ համաձայնության մեջ է: Չկա այնպիսի չարիք, որի հետ նախապես չենք համաձայնվում: Շատ քիչ չար արարքներ, հանցագործություններ, մեղքեր կան, որոնք կատարում ենք մեղքի նկատմամբ անուշադրության, ցրվածության շրջանակներում, քանի որ սատանան մեզ մոտենում է այն պահին, երբ անուշադիր ենք: Իսկ շատ դեպքերում մենք ներքին համաձայնություն ենք տալիս չարիքին: Հետևաբար, մինչև չարիքը մեր մեջ չգործվի, այն երբեք մեզանից դուրս չի գա արտաքին իրողություն: Քրիստոս դա նկատի ուներ, երբ ասաց. «Ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5.28): Հետևաբար, Սուրբ Գրքում ասվում է. «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (Ա Հովհ. 3.15): Նա, ով ատում է իր եղբորը, սպանում է նրան իր սրտում: Նրան որպես մարդասպան են դատելու: Եվ Եկեղեցու հայրերը խոսում են ատելության մահացու ուժի մասին: Երբ ինչ-որ մեկին ատում ես, նախանձում, նրան արդեն սպանում ես քո մեջ: Սա պոտենցալ սպանություն է: Ուստի, Քրիստոս ասում է, որ մենք նախ պետք է ներսից մաքրենք բաժակը, որպեսզի այն մաքուր լինի և արտաքուստ (տես՝ Ղուկ. 11.39-40): Ահա, թե ինչու ենք այդպիսի կարևորություն տալիս մտքերին:

 

(Շարունակելի)

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

12.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․