Գրքեր

Մարդկանց չիպավորումը

Երբ 2019 թ.-ին լրատվամիջոցները խոսեցին Չինաստանում հայտնաբերված Covid 19 վիրուսի մասին, և դրան հաջորդեցին պատվաստումները, տարբեր ազգերի և մասնագիտությունների մարդիկ՝ կղերական և աշխարհական, խոսեցին մոտ  ապագայում տեղի ունենալիք մարդկանց չիպավորման մասին: Այսինքն՝ գալիս է այնպիսի ժամանակ, երբ մարդկանց մեջ պիտի զետեղվի միկրոչիպ (Microchip): Մարդկանց մի մասը պիտի ընդունի չիպավորումը, որովհետև սիրում են քայլել գիտության վերջին նորություններին համընթաց, մյուս մասը պիտի ընդունի, որպեսզի իր կյանքը հեշտ ընթանա, քանի որ չիպով կատարվելու են մարդու կյանքի բոլոր գործերը՝ գրանցվել համալսարանում, ստանալ աշխատավարձ, մտնել հիվանդանոց, ամրագրել ավիատոմս և այլն: Այս հոդվածի նպատակն է շատ ամփոփ ձևով քննարկել մարդկանց չիպավորման թեման տարբեր մոտեցումներով:

Ինչպե՞ս է ներկայացվում մարդկանց չիպավորումը

Զանազան համաշխարհային լրատվամիջոցներ՝ CNN, BBC News, France 24, NBC News, Euronews և այլն, անցնող տարիներին զետեղեցին իրենց պաշտոնական էջերում մարդկանց չիպավորման մասին հոդվածներ և տեսանյութեր: Դրանք միտում ունեն ոչ միայն չիպավորման վախն ու վերապահությունը վերացնելու մարդկանց միջից, այլ նաև ցույց տալու, թե՝

  1. Մարդկանց չիպավորումը առողջապահական է: Այն իմաստով, որ չիպավորումը որևէ բացասական ազդեցություն չունի մարդու ֆիզիկական առողջության վրա, այլ ընդհակառակը, դրա մեջ լինելու է մարդու առողջության վերաբերյալ ամբողջական ֆայլը, որպեսզի շտապ օգնության ժամանակ հեշտ լինի դրանից տեղեկություն ստանալը:
  2. Մարդկանց չիպավորումը հեշտ է: Այն իմաստով, որ չիպը տեղադրվում է մարդկանց մարմնի մեջ հեշտորեն և կարճ ժամանակի ընթացքում, այսինքն՝ ժամերով գործողության կարիք չկա:
  3. Մարդկանց չիպավորման սարքը փոքր և թեթև է: Այն իմաստով, որ չիպը մեծ ու ծանր առարկա չէ, այլ ընդհակառակը, բրնձի հատիկի չափ է, որ նույնիսկ չի երևում, քանի որ տեղադրվում է ձեռքի մաշկի տակ, իսկ քաշը մոտավորապես մեկ գրամ է:
  4. Մարդկանց չիպավորումը արդիական է: Այն իմաստով, որ չիպի  գործածությունը ընդունելի է տեխնոլոգիայի հետ աշխատել սիրողների համար: Դրա մեջ կարող է  զետեղվել մարդու Covid 19-ի անձնագիրն ու անձնական տվյալները: Չիպի  գործածությամբ մի կողմից՝ մարդը կարիք չունի կրելու նույնականացման քարտ, բանալիներ, դրամ, և մյուս կողմից՝ կարող է առանց գաղտնաբառի մուտքագրման բանալ իր գրասենյակի դուռը, հեռախոսը, համակարգիչը, մեքենան, ինչպես նաև գնումներ կատարել, փոխադրամիջոցների տոմսեր ապահովել և այլն:
  5. Մարդկանց չիպավորումը ապահով է: Այն իմաստով, որ մարդու անձնական չիպն իր մարմնի մեջ է 24 ժամ՝ հեռու գողերի ձեռքերից և կորցնելու մտավախությունից:

Դրոշմը աստվածաշնչական մոտեցումով

Աստվածաշունչը, որ Սուրբ Հոգու ներշնչումով գրված գիրք է, իր որոշ գրքերի մեջ խոսում է վախճանաբանության (Eschatology) մասին, այն դեպքերի մասին, որոնք պիտի պատահեն աշխարհի վախճանին՝ վերջին ժամանակներում: Կարդում ենք Հովհաննես առաքյալի Հայտնության գրքի մեջ մարդկանց մարմնի վրա «դրոշմ» (Χαραγμα) առնելու հայտնությունը, և դրա անմիջական կապը մարդու առօրյա կյանքում: Այստեղ կարող է մի հարց առաջանալ ընթերցողների մոտ՝ արդյո՞ք Հայտնության գրքի մեջի «դրոշմ»-ը ներկա ժամանակի որոշ երկրներում կատարվող մարդկանց չիպավորումն է: Իսկապե՞ս մենք ապրում ենք վերջին ժամանակներում և հակաքրիստոսի հայտնվելը մոտեցել է: Այստեղ ներկայացնում եմ դրոշմի մասին որոշ համարներ, որոնք արձանագրված են Հայտնության գրքում, որպեսզի հետո համեմատական մոտեցումով քննարկենք և վերլուծենք դրոշմի և մարդկանց չիպավորման թեմաները՝ հասնելու համար ընթերցողի հարցման պատասխանին: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ՝

  1. Դրոշմ ստացողները զանազան մարդիկ են: Դրոշմ ընդունողների մեջ պիտի լինեն մեծ և փոքր, հարուստ և աղքատ, ազատ և ծառա մարդիկ. «Եվ ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ (Χαραγμα) դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա» (Հայտ. 13:16): Դրոշմ առնել՝ նշանակում է ամբողջությամբ պատկանել և ենթարկվել Սատանային:
  2. Դրոշմ պիտի գործածվի առևտրի մեջ: Դրոշմը պայման պիտի լինի առևտրի մեջ, այսինքն՝ միայն դրոշմի միջոցով է, որ մարդիկ պիտի կարողանան գնել և վաճառել. «Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը» (Հայտ. 13:17):
  3. Դրոշմ առնողները պիտի տանջվեն հավիտյանս հավիտենից: Դրոշմ առնողների  ուրախությունը երկար պիտի չտևի, որովհետև նրանք ի վերջո հավիտյանս հավիտենից պիտի տանջվեն՝ Աստծու ներկայությունից զուրկ պիտի մնան իրենց սխալ արաքի՝ դրոշմ ստանալու համար. «Եվ նրանց ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից. և գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին, երկրպագեցին արձանին և առան նրա դրոշմն (Χαραγμα)  ու անունը» (Հայտ. 14:11):
  4. Դրոշմ առնողները պիտի ստանան չարչարաքների հարվածներ: Դրոշմ առնողները պիտի ենթարկվեն չարչարանքների հարվածների, որոնց մեջ կա խղճահարությունը՝ խղճի խայթի զգացումը. «Առաջին հրեշտակը գնաց և իր սկավառակի պարունակությունը թափեց երկրի վրա. և չար պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին» (Հայտ. 16:2):
  5. Դրոշմը չառնողները Քրիստոսի հետ պիտի թագավորեն: Ճիշտ է, որ դրոշմ չստացողները պիտի ենթարկվեն սահմանափակումների իրենց երկրավոր կյանքում, սակայն նրանք Քրիստոսի թագավորության մեջ պիտի լինեն. «Տեսա նաև գահեր. նստեցին դրանց վրա. և նրանց իշխանություն տրվեց դատելու և ընտրելու այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին. նաև նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին և չստացան նրա դրոշմը (Χαραγμα) իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. և նրանք նորից կյանք ստացան ու թագավորեցին Քրիստոսի հետ հազար տարի» (Հայտ. 20:4):

Դրոշմն ու չիպը համեմատական մոտեցումով

Երբ համեմատենք դրոշմն ու չիպը, այնտեղ պիտի տեսնենք որոշ նմանություններ, որոնք զգուշացնում են մեզ մարդկանց չիպավորման թեման մակերեսայնորեն նայելուց:

  1. Դրոշմն ու չիպը որոշ մարդկանց մեջ: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ պիտի գա ժամանակ, երբ որոշ մարդիկ պիտի ստանան դրոշմը: Մյուս կողմից արդեն իսկ տեսնում ենք, որ որոշ մարդիկ ստացել են չիպը իրենց մարմնի մեջ:
  2. Դրոշմն ու չիպը առնելը մարդու ազատ կամեցողությամբ է: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ պիտի գա ժամանակ, երբ որոշ մարդիկ իրենց ազատ կամեցողությամբ պիտի ստանան դրոշմը: Մյուս կողմից ներկա ժամանակում կան մարդիկ, որ իրենց ազատ կամեցողությամբ ստացել են չիպը:
  3. Դրոշմի ու չիպի տեղը: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դրոշմը պիտի զետեղվի մարդու աջ ձեռքին կամ ճակատին: Մյուս կողմից ներկայում տեսնում ենք, որ չիպը սկսել է զետեղվել մարդու աջ ձեռքին: Արդյո՞ք սա զուգադիպություն է, թե երկուսն էլ՝ դրոշմն ու չիպը, նույնն են, սակայն ներկայացվում են երկու տարբեր մոտեցումներով՝ դրոշմը աստվածաշնչական մոտեցումով, իսկ չիպը՝ գիտական:
  4. Դրոշմն ու չիպը առևտրի մեջ: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դրոշմը պիտի օգտագործվի առևտրի՝ գնելու և վաճառելու մեջ: Մյուս կողմից ներկայում տեսնում ենք, որ չիպը արդեն օգտագործվում է առևտրի մեջ: Արդյո՞ք կարելի է սա ևս համարել պատահականության արդյունք:
  5. Դրոշմ ու չիպ չստացողները: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դրոշմ չստացողները նեղություն պիտի կրեն, այն իմաստով, որ նրանք պիտի չկարողանան գնել կամ վաճառել, որովհետև չեն կրում իրենց մարմնի մեջ դրոշմ: Մյուս կողմից ճիշտ է, որ ներկայիս չիպ չստացողները նեղություն չեն կրում, որովհետև մարդկանց չիպավորումը շատ չէ տարածված աշխարհում, բայց կա մի այլ ճշմատություն, այն է, որ բանկային քարտ չունեցողները սկսեցին նեղություն կրել աշխարհի որոշ առևտրական կենտրոններում, որոնք մերժում են կանխիկ կատարել առևտուրը: Այստեղ տրամաբանորեն մի հարց կառաջանա մեր մտքում. արդյո՞ք կգա մի օր, երբ բանկային քարտով առևտուր կատարելը անընդունելի պիտի լինի, որովհետև այն ժամանակ մարդը միայն չիպով պիտի կարողանա գրանցվել համալսարանում, ստանալ իր աշխատավարձը, կատարել առևտուր, ապահովել ավիատոմսեր, մտնել հիվանդանոց, ստանալ թոշակը և այլն:

Հույն Ուղղափառ եկեղեցու «Գերոն Նեկտարիոս» անունով յութուբյան էջը ցույց է տալիս, որ կազմակեպվում է նոր համաշխարհային համակարգ՝ համաշխարհային պետություն, մարդիկ պիտի բաժանվեն երկու դասակարգերի՝ չիպ ստացող և չստացող մարդիկ, նյութական դրամը չեղարկվելով՝ պիտի լինի էլեկտրոնային, չիպ ստացողները պիտի ունենան համաշխարհային եզակի կոդ: Այլ խոսքով՝ մենք գտնվում ենք վերջին ժամանակների սկզբում. «Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26:41):

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

01.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․