Գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին և ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Վեհափառ Հայրապետը կարևորեց նմանօրինակ հանդիպումները` խոսելու ինչպես եկեղեցական խնդիրների, այնպես և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և մեր ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ:

Այնուհետև իր խոսքը ներկաներին ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ:

Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն-եկեղեցի հարաբերություն՝ ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարևոր և էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և ընդհանրապես հոգևոր մթնոլորտի առումով…», - նշեց ՀՀ վարչապետը: Իր խոսքում տիար Ն. Փաշինյանը կարևորեց հասարակության մեջ խնդիրների կարգավորումը փոխադարձ հարգանքի մթնոլորտում, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով:

Այնուհետև ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետի հետ քննարկելու հայրենիքի կյանքը, Հայոց Եկեղեցուն և աշխարհասփյուռ ժողովրդի հուզող զանազան խնդիրներ ու մարտահրավերներ: Մասնավորապես անդրադարձ եղավ եկեղեցի-պետություն գործակցության արդյունավետության բարձրացմանը, հոգևոր կյանքի զորացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ազգային ինքնությանը, պատմական սրբավայրերի ու ժառանգության պահպանությանը և այլնին վերավորող հարցերի:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման առիթով, վերստին հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այսուհետ ևս զորավիգ է լինելու հայոց պետականությանը` իր կարողությունների ներածին չափով նպաստելով հայրենիքի զորացմանը, աշխարհասփյուռ հայության բարօր կյանքի կերտմանը:

01.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․