Գրքեր

«Մեր գթասրտությունը մեզ համար թող հայելի լինի»

Արարիչն Աստված սիրո և ողորմության աղբյուր է և Նրա որդիներն Իրենց ողորմած Հոր նմանողությամբ փորձում են իրենց միջավայրի համար դառնալ սիրո և ողորմության աղբյուր: Ինչը, որ սիրում է մարդը և ինչին, որ անդրադառնում է, այն էլ գտնում, երկրայինը սիրողը երկրայինն ու անցողիկն է գտնում, իսկ երկնայինը սիրողը՝ երկնայինն ու մնայունը: Երկնային և մնայուն արժեքների հանդեպ սերն է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներին և անհատ բարերաներին մղում է կյանքի կոչելու համայնքի համար կարևորագույն սոցիալական ծրագրերը:

Հերթական անգամ՝օգոստոսի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սարգսյան Գայանեին (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Արմեն Չալդրանյանը: Տիկին Գայանեն իր որդու՝ 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանի (21 տ.) հետ բնակվում է Արցախի 14/17 հասցեում: Երկու տարի առաջ Դավիթը զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում ստացել է ողնուղեղի սալջարդ, ինչի հետևանքով զրկվել է քայլելու կարողությունից: «Այժմ տղաս դեռևս չգործող Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում կամավորության սկզբունքով աշխատող բժիշկների ջանադիր և նախանձախնդիր աշխատանքի շնորհիվ կոմպլեքս բուժում է ստանում: Ծանր ապրումների պատճառով անցյալ տարի ամուսինս ինֆարկտից մահացավ»,- ասաց տիկին Գայանեն: Ընտանիքի մայրն ի վիճակի չէ աշխատելու, քանի որ զբաղված է որդու խնամքով և ընտանիքի կարիքները մասամբ հոգում է Դավիթի զինհաշմանդության գումարով: Սարգսյան ընտանիքը բնակվում է վարձակալությամբ, և զինհաշմանդամի մայրն ասաց, որ ԱՄՆ-ից մի բարերար հանձն է առել վճարելու իրենց տան վարձը: Տիկին Գայանեն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից՝ ուշադրության և հոգատարության համար:

«Տալիս եմ քեզ հետևյալ պատվիրանը, ով եղբայր, քեզ մոտ թող միշտ առաջնային լինի ողորմությունը, մինչև որ մեր մեջ զգանք այն ողորմածությունը, ինչպիսին Աստված ունի աշխարհի հանդեպ: Մեր գթասրտությունը մեզ համար թող հայելի լինի, որպեսզի նրանում ինքներս մեր մեջ տեսնենք Աստծո էության նմանությունը և ճշմարիտ կերպարը: Այս նմանությամբ լուսավորվենք, որպեսզի սթափ կամեցողությամբ ջանանք կենցաղավարել աստվածահաճո կերպով» (Իսահակ Ասորի):

 

 

Կարինե Սուգիկյան

16.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․