Գրքեր

Մեր միտքը պետք է լինի այնտեղ, որտեղ մեր մարմինն է

(Հոգևոր պայքարի մասին, մաս 2-րդ)

Հայր Նիկոն Աթոսացին իր հոգևոր զրույցներում ասում է՝ եկեք խոսենք չար մտքերը չեզոքացնելու չորս եղանակների մասին: Դրանք կարող են մշակվել և համակարգվել: Ահա մի պարզ միջոց՝ վատ միտքը հենց սկզբից վանել, ետ մղել, մերժել: Մենք չպետք է թույլ տանք, որ չար միտքն արմատավորվի մեր մեջ: Հենց միտքը հայտնվում է, անմիջապես մերժում և հեռացնում ենք այն, եթե հստակ է, որ վատ միտք է: Այսպիսով, ենթադրենք՝ գիտեք, որ մարդասպան է եկել ձեզ կործանելու և թակում է պարտեզի դուռը: Եթե չեք բացում, ապա դուք ապահով եք, նա հեռու է: Եթե թույլ տաք, որ մտնի պարտեզ և սկսի թակել տան դուռը, ապա նա ավելի է մոտեցել ձեզ: Այժմ նրան հեռացնելու համար հարկավոր է, որ նրան դուրս հանեք բակից: Եթե տան դուռը բացեք, նա կբարձրանա վերև և կսկսի թակել այն սենյակի դուռը, որտեղ դուք եք: Եվ նրան դուրս հանելը շատ ավելի դժվար կլինի: Եթե բացեք սենյակի դուռը և սկսեք պայքարել նրա դեմ, շատ ավելի բարդ կլինի: Նույնը հիվանդության դեպքում է: Բժիշկն ասում է, որ ձեր հիվանդությունը նախնական փուլում է և մի փոքր բուժում է անհրաժեշտ: Վերցրեք այս դեղահաբերը: Եթե համբերատար լինեք, կբուժվեք: Եթե ոչ՝ հիվանդությունը կզարգանա, անհրաժեշտ կլինի ավելի շատ հաբեր և հակաբիոտիկներ ընդունել: Եթե այդ էլ չանես, կհասնես վիրահատության ու հայտնի չէ՝ կապրես, թե՝ ոչ: Ուստի, անմիջապես, հենց ամենասկզբից անհրաժեշտ է չար միտքը հեռու վանել: Եթե գիտենք, որ այն չար է, ապա որևէ արդարացում չունենք: Մենք չպետք է մտածենք վատ բաների մասին, ընդունենք վատ մտածումներն ու մտքերը: Այո՛, բայց խնդիրն այն է, թե դա ինչպես անել: Պետք է ջանք գործադրել, աշխատել այդ ուղղությամբ, ճիշտ այնպես, ինչպես քայլ առ քայլ սովորում ենք ամեն ինչ` վարժանքներ, համառություն: Պետք է սովորենք ուշադիր լինել, և ցրվածությունը պակասեցնել: Մեր միտքը պետք է միշտ սթափ լինի և սթափությամբ խորհի: Ինչ-որ մեկը շշնջում է մեր ականջին: Ի՞նչ է ասում հիմա: Ուշադի՛ր լինենք: Մեր միտքը շեղվո՞ւմ է այլ կողմ: Վերադարձնե՛նք այն իր տեղը: Որտեղ մարմինն է, այնտեղ էլ միտքը պետք է լինի: Մարմինը չպետք է լինի մի տեղում, մենք՝ մեկ ուրիշում, իսկ մեր միտքը՝ երրորդ վայրում: Չենք կարող հանկարծակի միտքը վերադարձնել իր տեղը: Պետք է աստիճանաբար անենք: Եթե ողջ կյանքում անընդհատ թույլ ենք տալիս, որ միտքը շեղվի, ապա դա սովորություն է դառնում: Երբ աղոթքի ժամանակը գալիս է, կամ եթե անհրաժեշտ է հոգևոր ջանքեր գործադրել, որևէ բան կարդալ և ընթերցածն ընկալել, պետք է ուշադիր լինել: Միտքը չի կարող կենտրոնանալ, եթե ողջ օրը խիճ ու աղբ ենք հավաքել: Հետևաբար, առավոտից սկսած պետք է ձեր միտքն իր տեղում պահեք: Որտե՞ղ եմ, այստե՞ղ: Ի՞նչ եմ անում: Ես կատարում եմ այս աշխատանքը: Կարևոր է, որ միտքը ձգելով բերես այստեղ՝ իրական ներկան: Մարզվում ես, և դա սովորություն է դառնում: Այո՛, բայց ինչի՞ մասին մտածել: Միտքը չի կարող պարապ մնալ: Այն պետք է մտածի: Մենք չենք կարող անընդհատ մտածել ասենք, օրինակ՝ մի կտոր թղթի մասին: Ի՞նչ անել: Շատ պարզ է. եկեք թույլ չտանք, որ մեր միտքը հազարավոր բաներով լցվի: Միտքը չի կարող անշարժ մնալ, չի կարող հանգստանալ: Այն պետք է աշխատի: Հնդկական մի ասացվածք կա, թե ինչպես կարելի է մտածել միայն լավ բաների մասին. «Եթե սենյակում փիղ դնես, ապա ուրիշ ոչնչի համար տեղ չի մնա»: Չափազանցություն է, բայց շատ բնորոշ: Եկեղեցու հայրերն ասում են. «Լա՛վ ուսումնասիրիր, որպեսզի վատ չուսումնասիրես: Լա՛վ բաների մասին մտածիր, որպեսզի վատ բաների մասին չմտածես: Ուշադի՛ր նայիր, որպեսզի վատ չտեսնես: Ուշադի՛ր լսիր, որպեսզի վատ չլսես»: Միտքը չի կարող անշարժ մնալ: Նա սնունդ է փնտրում, աշխատանք է փնտրում: Լա՛վ սնունդ տուր նրան, որպեսզի վատ սննդի տեղ չմնա: Բարի մտքերի միջոցով չեզոքացրո՛ւ չար մտքերը, դո՛ւրս հանիր և չթողնես դրանք քո մեջ: Առաջին ուղին` վատ մտքերի կտրուկ մերժումն է հենց սկզբից: Երկրորդը դրանց տեղ չտալն է: Երրորդը` դրանց ծագելու պատճառներից խուսափելը: Պետք է խուսափենք այն պատճառներից, որ վատ մտքեր են ծնում, որոնք էլ տիրապետում են մեզ, և որոնց ուզում ենք հեռացնել: Օրինակ՝ չենք կարող ասել, որ վատ մտքեր չունենք, երբ գռեհիկ երգեր ենք լսում: Դրանք մնում են մեր մտքում, ուստի պետք է խուսափել չարիքի պատճառ հանդիսացող վայրերից:

Երբ մի թմրամոլ մոտեցավ Հայր Պաիսիոսին, ծերն ասաց.

- Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ: Նման ես մի մարդու, որը ցանկանում է ծխելը թողնել, բայց պտտվում է ծխախոտ վաճառողների տաղավարներով: Նա մեկ անգամ չի գնի, երկրորդ անգամ, բայց երրորդ անգամ անպայման կգնի: Պետք է ոչ միայն ուշադիր լինես մտքերիդ, այլև զգուշանաս քո մեջ չարիք ծնող վայրերից:

Հոգևոր հայրերն ասում են. «Վազի՛ր և փրկվի՛ր»:

Երբ ես ուսանող էի, որոշեցինք գնալ՝ մի անվայելուչ կինոնկար դիտելու: Ընկերոջս հարցրի.

- Կգնա՞ս:

Նա պատասխանեց.

- Իսկ կգնա՞ արդյոք Քրիստոս:

- Ի՞նչ ասացիր:

- Երբ ուզում եմ ինչ-որ տեղ գնալ, ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք Քրիստոս կգնա այնտեղ: Եթե իմ խիղճը համաձայն է, ուրեմն գնում եմ:

Ես քարացել էի: Նա գտել էր այն վայրերից խուսափելու միջոցը, որտեղ թակարդներ կային: Ամեն ինչ պարզ է. դուք պետք է որոշ բաներ սովորեք, հիշեք դրանք և գործնականում կիրառեք: Սա երրորդ միջոցն է՝ խուսափել պատճառներից: Հասկանո՞ւմ եք, խնդիրն այն է, որ մենք «ուզում ենք» և «չենք կարող»: Մենք ուզում ենք անհապաղ հեռացնել չար մտադրությունը և չենք կարող: Մենք ուզում ենք խուսափել այն վայրերից, որոնք մեզ անկման կտանեն, բայց չենք կարող: Մենք ուզում ենք լավ բաների մասին մտածել, բայց չենք կարող: Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ կարող է ամեն ինչ անել: Նա ինչպե՞ս կարող էր այդ անել: Մարդկային միտքը կարող է մեկ դարի փորձառություն ունենալ, ոչ ավելին, քանի որ մահանում ենք: Իսկ սատանան հազարամյակների փորձ ունի: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել փորձությունները: Ինչպե՞ս վարվեց սուրբ Պողոսը առաքյալ:  Նա նշում է. «Ամեն ինչի կարող եմ նրա շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլ. 4.13), այսինքն՝ երբ Ինքը՝ Քրիստոս է ինձ ուժ տալիս: Քրիստոս ասաց. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15.5): Առանց Նրա օգնության ոչինչ չենք կարող անել: Այն պահին, երբ գնում ենք խոստովանահոր մոտ, արդեն կտրում ենք սատանայի ոտքերը: Քահանան կարդում է թողության աղոթքը: Սատանան անհետանում է: Մենք չենք կարող հենց այնպես խոնարհ լինել: Ինքդ քո առջև խոնարհ լինելն անիմաստ է: Մենք պետք է խոնարհ լինենք մեկ այլ մարդու առջև՝ հանուն Քրիստոսի սիրո, հանուն Քրիստոսի պատվիրանը պահելու:

Արդեն ասել ենք, որ անցել է այն ժամանակը, երբ սատանան հայտնվում էր եղջյուրներով և պոչով: Հիմա նա գալիս է լավ գաղափարի տեսքով՝ առողջ մտքի տեսքով: Ուստի, հետևեք իմ ասածին՝ ազատվե՛ք չար մտքերից, վտարե՛ք դրանք, խուսափե՛ք դրանց պատճառներից և դիմե՛ք Եկեղեցու Սուրբ Խորհուրդներին:

Իսկ ի՞նչ անել, եթե սատանայից «բարի» միտք է գալիս: Ինչպե՞ս դա հասկանալ: Գոյություն ունեն դևերի շատ տեսակներ և մեր հանդեպ դիվական երկու տեսակի տիրապետում: Սատանան մեզ տիրապետում է երկու ձևով: Գոյություն ունեն կոպիտ դևեր՝ դավաճանության, պոռնկության, ցանկության դև: Այն, ինչ զգում ենք, միշտ չէ, որ բնական է: Հարևան վանքում մի վանական կար, որը հանկարծ սկսեց ուտել, ուտել, ուտել: Օրական տասը մեծ հաց էր ուտում, սակայն գեր չէր: Ո՞ւր էր գնում այդ տասը հացը: Հոգևոր հայրերը սկսեցին նրա համար դևերի դեմ աղոթքներ կարդալ: Մեկ շաբաթ անց նա ուշքի եկավ և սկսեց օրվա մեջ երկու կտոր հացով հագենալ: Այս թեմայի մասին կարող ենք երկար խոսել: Պոռնկության դևը, բարկության դևը, որկրամոլության դևը կոպիտ դևեր են: Բայց կան նաև այլ դևեր` իշխաններ, ղեկավարներ: Վատ է այն մարդու համար, որը դրանց ձեռքն է ընկնում, քանի որ ոչինչ չի փրկի նրան, եթե Ինքն Աստված հրաշք չգործ, հակառակ դեպքում՝ այդպիսի մարդը չի կարող ազատվել դրանցից: Դրանք հպարտության, հերետիկոսության, պատրանքի, մոլորության դևերն են: Պատրանքով տարված մարդը թույլ կտա պոկել իր մաշկը, բայց թույլ չի տա իրենից պատրանքը պոկել: Նախ սատանան գրավում է քո միտքը, իշխում է մտքերիդ, և սկսում ես ուղարկված յուրաքանչյուր միտք ընդունել: Դա սովորաբար տեղի է ունենում մեծ մտածողների հետ, որոնք ընկնում են մեծ հպարտության մեջ: Սատանան ամբողջովին իշխում է նրանց մտքերը, և նրանք այդ բոլոր մտքերն ընդունում են որպես իրական և առողջ: Ամենավատն այն է, որ նրանք այդ չեն հասկանում, այն պարագայում, երբ ողջ շրջապատի համար հասկանալի է, որ այդ մարդը դեպի բարին չի գնում: Այդպիսին է սատանայի հնարամտությունը, խորամանկությունը: Բայց նա իմաստուն չէ: Եթե նա իմաստուն լիներ, ապա կապաշխարեր և կփրկվեր: Դա միայն խորամանկություն է: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Ի՜նչ  խորամանկ է թշնամին: Նա ինձ չի կապում այն շղթաներով, որոնք ես ատում եմ, նա ինձ այնպիսի շղթաներ է հագցնում, որոնք ինձ դուր են գալիս, և ես ուրախանում եմ, որ շղթայված եմ»: Պարտված լինել, ստրկանալ և նույնիսկ ուրախանալ: Այդպիսին է սատանայի խորամանկությունը, երբ նա գալիս է որպես խարիզմա, որպես առաքինություն՝ հագնված ազատության հագուստով՝ «Ես ազատ եմ անելու այն, ինչ ուզում եմ»: Այդ պատճառով էլ ասացի ձեզ, որ եթե Աստված հրաշք չգործի, ապա դևի կողմից այս կերպ տիրապետված մարդը, որի միտքը սատանայի տիրապետության տակ է, դա երբեք չի կարող հասկանալ և ազատվել դրանից:

Ես մի մտավորականի եմ ճանաչում, որը նույնիսկ հասկացավ դա, սակայն չկարողացավ ոչինչ անել, քանի որ սատանան նրան համոզեց, որ նա կդառնա մարդկության նոր մեսիան և կփրկի մարդկությունը: Եվ այդքան խելացի մարդը հավատում էր դրան: Այն աստիճանի հասավ, որ Ամերիկայում նա մի վարդապետի գրել էր. «Որդի՛ որոտման: Եկե՛ք պատրաստվենք, պետք է ամեն գնով եկեղեցիներ հիմնենք տարբեր վայրերում: Մենք միայն երեքով ենք, բայց նշանակություն չունի: Կարևոր չէ, որ ընդամենը երեքն ենք: Քրիստոս տասներկուսն ուներ: Նրան ավելի շատ օգնություն էր պետք: Ինձ երկուսն էլ բավական են: Դու միաբանություն ստեղծիր Ամերիկայում, իսկ ես մի եկեղեցի կստեղծեմ Բեռլինում և Լեհաստանում: Կսկսվեն առաքելական ճանապարհորդություններ, պայքար, նահատակություն: Երկու տարի անց անհրաժեշտ կլինի Տիեզերական ժողով գումարել»: Կմտածեք, որ նա խելագար էր: Ո՛չ, նա ամենախելացի մարդկանցից մեկն էր, որին Հունաստանը և ամբողջ աշխարհը գիտեն: Ինչպե՞ս նա նման անկման հասավ: Եկեղեցու հայրերը և հատկապես ճգնավորներն այս երևույթը կոչում են պատրանք, մոլորություն: Սատանան գրավում է ձեր միտքը: Եվ դրանից հետո ոչինչ չես կարող անել, նա քեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է: Հետևաբար, մենք չպետք է մենակ մնանք մեր հայացքների ու մտքերի հետ: Պետք է դրանք քննարկենք և խորհուրդներ փնտրենք: Չպետք է փորձենք այլ մարդկանց ստիպել՝ ընդունելու մեր տեսակետները: Պետք է լսենք ուրիշներին, սովորենք զիջել, խորհուրդներ ընդունել: Պետք է խոստովանության գնանք և պատմենք մեր խոստովանահորը, սովորենք լսել նրա խորհուրդները: Սուրբ Գրքում ասվում է, որ այն մարդը, որը ոչ մեկից խորհուրդ չի հարցնում, ինքն իր թշնամին է: Նրան պետք չեն ավելի շատ թշնամիներ: Բավական է ոչ մեկից խորհուրդ չհարցնել, և կունենաս մի թշնամի, որը կկործանի քեզ:

(Շարունակելի)

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

23.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․