Գրքեր

«Մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես»

«Մեծ են հաւատք քո, եղիցի քեզ՝ որպէս և կամիս»։

«Մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես» (Մատթեոս 15։28)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.

Հովհաննեսի Ավետարանում ներկայացվում է, թե ինչպես ծովի վրայով քայլելով Իր աշակերտների մոտ է գալիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Աշակերտները զարմանում են, երբ տեսնում են Քրիստոսին ծովի վրա քայլելիս։ Մատթեոսի Ավետարանում Պետրոս առաքյալը խնդրում է Նրան, որ ինքն էլ քայլի։ Նա, փոխանակ նայելու Ամենազոր Աստծուն, նայում է ծովին, վախենում քամուց և սկսում է սուզվել։ Տերը հանդիմանում է նրան թերահավատության համար։

Մի այլ նավարկության ժամանակ Հիսուս քնած է լինում նավակի մեջ։ Փոթորիկ է սկսվում ծովի վրա, աշակերտները խառնվում են իրար, արթնացնում են Հիսուսին։ Նա էլ հանդարտեցնում է ծովը։ Աշակերտները զարմանում են, որ Նա իշխանություն ունի նաև ծովի վրա։

Ծովը մեր կյանքն է, որին միշտ ներկա է Քրիստոս Աստված։ Մեզ ընդառաջ է գալիս և մեզ չի թողնում։ Մենք պետք է հավատքով մոտենանք Նրան, որպեսզի չսարսափենք կյանքի փոթորիկներից։ Կյանքը միշտ էլ բազմաբնույթ է եղել։ Ամենատարբեր պատճառներով մարդիկ հեռու են մնում Աստծուց և Նրա օրհնությունից։ Մեկին իր սնահավատությունն է խանգարում հավատքով նայել և տեսնել Աստծուն, մյուսին՝ իր գիտելիքներն ու կրթությունը, մյուսին՝ իր բազմազբաղությունը, չորրորդին՝ մեղքերից կառչած լինելն ու ինքնարդարացումը, հինգերորդին՝ անլրջությունը, մյուսին՝ իր խոհափիլիսոփայությանը հետևելը, մեկ ուրիշին՝ սեփական ջանքերին ապավինելու միտքը, մեկ ուրիշին էլ՝ 21-րդ դարի պատկերացումները։ Իսկ այդ ընթացքում Հիսուս մեր առջև կանգնած է, փարիսեցիների ու օրենսգետների նման պետք է կույր լինել Նրան չնկատելու համար։ Նրանք տեսան ու լսեցին Քրիստոսի կատարած հրաշքների ու բժշկությունների մասին, բայց խստացրին իրենց սրտերը, հրաժարվեցին ճանաչել Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծու մարմնացյալ Որդի, որ եկել էր իրենց ու բոլոր ազգերի փրկության համար։ Մի անգամ ակնարկելով հեթանոսների, այսինքն՝ նաև մյուս ազգերի համար եկած լինելը, Նա Իր աշակերտներին ասաց. «Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ. և Իմ ձայնը պիտի լսեն. և պիտի լինի մի հոտ և մի հովիվ» (Հովհաննես 10։16)։

Քանանացի կինը եկավ Հիսուսի մոտ իր դիվահար աղջկա համար և խնդրեց Հիսուսին բժշկել նրան։ Հիսուս նրան ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ»։ Իսկ կինը մոտենալով՝ երկրպագում էր նրան ու ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ Այն ժամանակ նրան պատասխանեց և ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես»։ Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվեց» (Մատթեոս 15։21-28)։ Քրիստոս կամեցավ ցույց տալ այդ կնոջ նախանձելի հավատքն ու համառությունը, որ կարողացավ ստանալ այն, ինչ ուզում էր՝ իր դստեր բժշկությունը։ Քրիստոս երբեք Իրեն խնդրողներին չմերժեց։ Երբ գովելի հավատք տեսավ, գովասանքի խոսքեր ասաց։ Նա մերժեց փարիսեցիներին ու քահանայապետներին, երբ մոտեցան Նրան ու փորձելու համար հարցրին, թե ինչ իշխանությամբ է անում այդ ամենը։ Հիսուս էլ նրանց հարցրեց, թե Հովհաննեսի կատարած մկրտությունը երկնքից է՞ր, թե՞ մարդկանցից։ Քահանայապետները խուսափեցին պատասխանից՝ ասելով, թե չգիտեն։ Հիսուս էլ նրանց ասաց, որ նրանց հարցին չի պատասխանի (Մատթեոս 21։23-27)։ Հիսուս հրաժարվեց պատասխանել նաև խաչելությունից առաջ, հրաժարվեց ինչ-որ բան բացատրել նաև Հերովդեսին ու Պիղատոսին, փարիսեցիներին ու քահանայապետներին և արդարացնել Իրեն, քանի որ գիտակցաբար պատրաստ էր կատարելու Հոր կամքը։ Այդ ժամանակ յուրաքանչյուրը ցանկացավ կամ չցանկացավ հասկանալ կատարվածը, ճանաչել ու ընդունել Աստծուն, ինչպես աջակողմյան ավազակն ու այն հարյուրապետը, որ տեսնելով, թե ինչպես Քրիստոս ավանդեց Իր հոգին, ասաց. «Իրոք, այս մարդը Աստծու Որդի էր» (Մարկոս 15։39):

Դարերով մարդիկ նշում են Սուրբ Ծնունդն ու Սուրբ Հարությունը, Համբարձումն ու Տյառնընդառաջը, պահում են Մեծ Պահքը, լսում են, որ Քրիստոս ծնվեց մարմնապես, չարչարվեց, խաչվեց մեր մեղքերի համար, զոհաբերվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ, սակայն ինչքանո՞վ է նրանց սիրտը արձագանքում Աստծու կանչին, Աստծու սիրուն ու Աստծու ներկայությանը։ Մարդիկ անվերջ փորձում են Աստծուն։ Ըստ իրենց կյանքի իրադարձությունների և ընթացքի, ըստ իրենց մտածելակերպի՝ որոշում են՝ արժե՞ հավատալ Աստծուն, թե՞ ոչ։ Մարդկանց մի մասը կասկածում է, որ Սուրբ Գրքի տողերը Աստծու շնչով են գրված։ Մյուս մասն էլ Նոր Կտակարանին է միայն տուրք տալիս՝ Հին Կտակարանը համարելով հրեա ազգի պատմությունը, որից ոչինչ չունի սովորելու։ Այնինչ նրա մեկնությունները անչափ ուսուցողական են և բանալի Նոր Կտակարանը հասկանալու համար։ Մարդկանց մի մասը համարում է, որ Քրիստոսի վարդապետությունը կրավորական է դարձնում մարդուն, հետևաբար ավելի գերադասելի է հրաժարվել նրանից և մտածել սեփական անձի և ժողովրդի շահերից բխող ուսմունքների մասին։ Մի մասն էլ Քրիստոսին չի տեսնում ժամանակակից գիտատեխնիկական դարում՝ Նրա քարոզած փրկությունը համարելով հետամնաց մարդկանց զբաղմունք։

Երբ Քրիստոսից հրեաները նշան էին պահանջում, Նա նրանց նախատեց՝ ասելով, որ նինվեացիները, որ Հովնան մարգարեի քարոզությամբ ապաշխարեցին և դարձի եկան, պիտի Դատաստանի օրը դատապարտեն հրեաներին իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև Քրիստոս Հովնանից ավելի մեծ է։ Կամ հարավի Դշխոն՝ Սաբայի թագուհին, որ, լսելով Սողոմոն թագավորի մասին, հեռուներից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, Դատաստանի ժամանակ դատապարտելու է հրեաներին, որովհետև Հիսուս Քրիստոս ավելի մեծ է, քան Սողոմոն թագավորը։ Նա ոչ միայն կյանքի խոսքեր ունի, այլև մեծամեծ գործեր է կատարում և փրկություն պարգևում մարդկանց։

Հետևաբար, սիրելինե՛ր, հարցերով կարելի է մոտենալ Աստծուն, բայց հավատքը պարտադիր պայման է, այլապես հարցադրումները կվերածվեն Աստվածաքննության, և մարդ ոչինչ չի շահի։ Նիկոդեմոսն էլ էր փարիսեցի, բայց նրա արդարամտությունը հուշեց նրան, որ Քրիստոս «Աստծուց է եկել» (Հովհաննես 3։2), և եկավ Նրա մոտ ու Իրեն հուզող հարցերը բարձրացրեց և բավարարում ստանալով Տիրոջ պատասխաններից՝ հեռացավ և ոչ թե մնացածների նման իր սիրտը կարծրացրեց և չցանկացավ տեսնել Իր դիմաց կանգնած Աստծո Միածին Որդուն։

Սիրելինե՛ր, կյանքի փոթորիկը լինի թե մարդու քննական միտքը թող չնպաստի նրան, որ նա չցանկանա տեսնել դեպի իրեն եկած Աստծուն և հոգու ու մտքի խստասրտությամբ և փարիսեցիական կուրությամբ ուրանա Նրան։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

24.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․