Գրքեր

Մեծ ընտանիքի հերթական ինտելեկտուալ խաղը

Դեկտեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ հերթական ինտելեկտուալ խաղը՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանին և տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանին, որոնց նախանձախնդիր ջանքերի շնորհիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս արդեն ավանդույթ է դարձել ինտելեկտուալ խաղի անցկացումը:

Մինչ ինտելեկտուալ խաղը, տիկնանց և երիտասարդաց միության անդամները, ողջունելով ներկաներին, նշեցին, որ երկու միությունների միջև հոգևոր գիտելիքների իմացության շրջանակներում անցկացվող մրցակցությունը ոչ միայն մրցողների և հանդիսատեսի հոգևոր գիտելիքների հարստացմանն է ուղղված, այլև՝ համերաշխության և միասնության միջոցով հոգևոր հաղթանակներ գրանցելու և դրանով Եկեղեցին ու հայրենիքը զորացնելու վեհ նպատակին:

Ինտելեկտուալ խաղի հարյուր հարցերը Նոր Կտակարանից էին ընտրված: Որոշ հարցերի պատասխաններ մասնակիցները պետք է գտնեին առաջարկված ճիշտ և սխալ տարբերակներից: Այս անգամ մրցող թիմերին հնարավորություն էր տրվել Մատթեոսի Ավետարանից միմյանց հարցեր առաջադրելու: Ընտանեկան ջերմ մթնոլորտում կայացավ ընտանեկան խաղը և մի քանի միավորների առավելությամբ հաղթանակեց «Զորավոր» երիտասարդաց միությունը:

Ինտելեկտուալ խաղը ոգևորել էր նաև հանդիսատեսին. Հայոց աշխարհի սրբավայրերի հետ կապված մի շարք հարցեր ուղղվեցին հանդիսատեսին և ճիշտ պատասխանողներին նվերներ շնորհվեցին: Տեր Գրիգորը ևս անակնկալ ուներ հանդիսատեսի համար. նա իր «Քարոզներ» գիրքը նվիրեց նրան, ով կարողացավ նշել, թե քանի ուխտի օր ունի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին:

Ինտելեկտուալ խաղի ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց մրցող թիմերին հրաշալի խաղի համար և ուրախությամբ անդրադարձավ թիմերի նորկտակարանյան գիտելիքներին, իսկ տիկնանց միության անդամներին դիմելով՝ ասաց, որ նրանք լավագույն օրինակ են հանդիսանում երիտասարդների համար և պարտավորեցնում՝ իրենց ներկայությամբ: Տեր Հոր մաղթանքն էր, որ մրցող թիմերն առավել առաջադիմեն իրենց հոգևոր գիտելիքների մեջ:

Յուրաքանչյուր հոգևոր ինտելեկտուալ խաղ նպաստում է, որ մասնակիցները հաղորդ դառնան այն Ճշմարտությանը, որ երբեք չի հնանում: Սուրբ Ավետարանին քաջատեղյակ և նրանով առաջնորդվող անձի համար այս գրքերի գիրքը անփոխարինելի մի կանթեղ է, որ լուսավորում և ցույց է տալիս Երկինք տանող ուղին:

 

Կարինե Սուգիկյան

15.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․