Գրքեր

Մուտն ի Վիրապ

«Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի շուտ Ավետարանի առաջընթացին ծառայեց» (Փիլ. 1:12):

Առաքելաշավիղ Հայ Եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,

Այսօր Հայ Եկեղեցու պատմության ամենանշանավոր օրերից մեկն է՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և վիրապում բանտարկվելու հիշատակությունը: Օրվա շարականները Աստծու երանելի այրին են նվիրված և նրա գովքն են երգում Երկնակալի գահի առջև. «Եկե՛ք այսօր սրբաբանենք սուրբ հայրապետ Գրիգորին, որը հոգևոր լույսը ծագեցրեց խավարում եղողներիս վրա»:

Իսկ ինչո՞ւ ենք այդքան նշանավորում երրորդ դարում կատարված, առաջին հայացքից՝ ողբալի թվացող այդ իրադարձությունը: Մտածե՞լ եք, թե ինչու է Եկեղեցին ամեն տարի մեծ գնահատանքով ու ակնածանքով հիշատակում այն: Վստահաբար ծանրակշիռ ու հոգեշահ պատճառներ կան, որ առաջարկում եմ այսօր միասին քննել, սիրելինե՛ր:

Ո՞վ է սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Մենք նրան կոչում ենք Հայոց առաջին հայրապետ, Հավատքի հայր, Երկրորդ Մկրտիչ, Հայոց երկրորդ Լուսավորիչ, բայց երբ այդ բոլոր գեղեցիկ ու հիրավի արժանավայել տիտղոսները խնամքով մի կողմ ենք տանում, ապա դրանց հետևում մի վեհ ու անապական սիրտ ենք գտնում, որի յուրաքանչյուր բաբախյունն օրհներգ էր՝ ձոնված մեր Տեր և Փրկիչ Քրիստոսին: Հավատացեք, սիրելինե՛ր, որ ամենևին էլ պատահականություն չէ, որ Քրիստոսի եկեղեցին այսպիսի սիրով ու խնամքով է վերաբերվում Տիրոջ երանելի սրբերին: Քանի որ ի դեմս սրբերի գտնում ենք այն հրաշալի սերուցքը, մեր այն եղբայրակիցներին, որ անվերապահորեն ու անմնացորդ կերպով նվիրվեցին Աստծուն և հրաշալի օրինակ հանդիսացան մեզ համար: Նրանք, մեզ նման մեղավոր լինելով, ապացուցեցին աշխարհին ու սովորեցրին, որ իսկապես հնարավոր է հրաժարվել մեղքերից, ազատվել ներսի հին մարդուց և փոխարենը ապրել Քրիստոսով ու Քրիստոսի համար՝ Նրան դարձնելով սրտի ամենասպասված ու անգին բնակիչը (հմմտ. Գաղ. 2:20): Սովորեցրին, թե ինչպես է հնարավոր ուրանալ ամեն ինչ՝ սեփական անձը, ունեցվածքը, անունը, փառքը, ամբողջովին հրաժարվել այդ ամենից հօգուտ Քրիստոսի և փոխարենը՝ ուրախությամբ ու խոնարհությամբ խաչը կրել (հմմտ. Ղուկ. 9:23-25): Իսկ գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Ամենողորմ Աստծու շնորհաբաշխ ներկայության երանությունը զգացած մեկն այլևս ոչ մի պարագայում չի համաձայնի հրաժարվել դրանից, կամ որևէ համեմատական անցկացնել երկրային հեղհեղուկ, կարծեցյալ մեծությունների ու սին վայելքների միջև:

Եկեղեցին առանձնահատուկ սիրով է վերաբերվում հատկապես նահատակ սրբերին՝ մարդկանց, որ բառացիորեն իրենց կյանքը զոհեցին հանուն Քրիստոսի ու հանուն հավատի: Հիշո՞ւմ եք նախորդ Պատարագի քարոզի թեման. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8): Ուրեմն այս մարդիկ, ահա, համարձակորեն «այո՛» պատասխանեցին Տիրոջ հարցին, քանի որ էլ ե՞րբ, եթե ոչ ծանրագույն փորձության ժամին, մահվան սպառնալիքի ներքո է բացահայտվում մարդու հավատի իսկությունն ու մեծությունը:

Կարծում եմ, որ առանց վարանելու կարող ենք պնդել, որ մեր առաջին հայրապետը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչը նույնպես մարտիրոս սուրբ է, չնայած որ մարտիրոսաբար չի նահատակվել: Ագաթանգեղոսի նկարագրած տասներկու սահմռկեցուցիչ տանջանքները, որ արիաբար հանձն առավ երանելին, մեզ համարձակություն են տալիս նրան նահատակ համարելու: Հիշո՞ւմ եք, թե երբեմնի լավագույն բարեկամը՝ Տրդատ Գ արքան հրամայեց ինչպիսի դաժանությամբ պատժել Քրիստոսից հրաժարվել չկամեցող իր ընկերոջը. ոտքին երկաթյա բևեռներ մխելով՝ վազեցնել, կողերը երկաթե ճանկերով քերել, գլուխը կռփահար անելով՝ ծեծել, հալած կապարով մարմինը այրել և այլն, և այլն: Պատկերացնելն անգամ սարսափելի է, էլ ուր մնաց, թե քաջաբար տոկալը: Երբ Աստծու պատվիրանները զանց առնելով՝ ուրանում ենք Նրան, հազար ու մի պատճառաբանություն ենք փնտրում մեզ արդարացնելու համար: Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե կանգնած լինեինք կախաղանի կամ խարույկի առջև: Կամ էլ լսեիք անդամահատելու ու մահվան այլ գործիքների չարագույժ զնգոցը… Լունգինի հանրահայտ «Կղզի» ֆիլմը հիշո՞ւմ եք: Եթե դեռ չեք դիտել, խորհուրդ կտամ անպայման լրացնել այդ բացը: Գլխավոր հերոսը մահվան սպառնալիքի տակ ոչ միայն իր ծառայակցին, իր ընկերոջը մատնում է թշնամուն, այլև նրա սրտին ուղղված ատրճանակի ձգանն է սեղմում: Իսկապես ցնցող, հոյակապ ֆիլմ է, անպայման դիտե՛ք, սիրելի՛ հավատացյալներ: Եվ ես էլ խոստովանելով՝ պիտի ասեմ, որ ինքս ֆիզիկական ցավի հանդեպ ամենևին դիմացկուն չեմ և հազար փառք եմ տալիս Տիրոջը, որ մարտիրոսական ժամանակներում չեմ ապրում: Աղոթում եմ նաև, որպեսզի Տերը ողորմի մեզ և զերծ պահի նման փորձություններից, քանի որ վստահ չեմ, որ մինչև վերջ կհամբերեմ ու հավատարիմ կմնամ իմ սիրելի Արարչին: Իսկ ինչպես Մատթեոսի ավետարանում է ասվում՝ կփրկվի նա, ով մինչև վերջ կհամբերի… (հմմտ. Մտթ. 10:22):

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համբերեց: Ամուր ու անապական հավատով համբերեց և՛ ահասարսուռ խոշտանգումներին, և՛ Խոր վիրապի տասնչորս տարվա մենությանն ու կապանքներին: Համաձայնե՛ք, սիրելիներ, որ միայն այս փաստը բավական է, որպեսզի մեծագույն ակնածանքով ու հիացմունքով լցվենք մեր Հավատի հոր հանդեպ: Նրա անսահման սերն ու նվիրումն առ Աստված, բնականաբար, չանտեսվեց Ամենակալի կողմից, այլ բյուր շնորհներով Հայրը պատասխանեց իր հավատարիմ զավակին, որպեսզի վերջինս Պողոս առաքյալի պես կարողանա համարձակորեն ասել. «Ամեն ինչ կարող եմ Նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլ. 4:13): Եվ քարոզիս այսօրվա բնաբանը, որ կրկին նույն առաքյալի խոսքերն են, վստահ եմ, որ կիրառելի են և՛ սուրբ Լուսավորչի, և՛ մյուս սրբերի պարագայում. «Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի շուտ Ավետարանի առաջընթացին ծառայեց. նույնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, հայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին և մյուս բոլոր տեղերում, ինչպես նաև Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերված իմ կապանքներով, առավել ևս համարձակ գտնվեցին՝ առանց երկյուղի քարոզելու Աստծու խոսքը» (Փիլ. 1:12-14): Քրիստոնյաների նահատակությունների արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ էին դարձի գալիս և ընդունում Ավետարանի լույսը, իսկ Լուսավորչի պարագայում դա մի ողջ ազգ էր, մի ողջ պետություն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի հավատ ուներ մեր սուրբ հայրապետը, և Աստված որքան էր նրան սիրում:

Այսօր մեր հայրենիքին ու ազգին պատուհասած աղետը և շարունակվող ողբերգությունները շատերի հավատը տկարացրել են միգուցե: Համատարած ցավի, անորոշության ու կեղծիքի դեմ հանդիման մնացած տկար ու թերահավատ մարդը դյուրությամբ կարող է կոտրվել ու հարդի նման կորսվել առաջին իսկ քամուց: Միգուցե նկատած կլինեք, որ ինքներդ էլ փորձության բովում արագ շփոթվում եք, հոգևոր խռովքի մատնվում ու թերահավատություն դրսևորում՝ խիստ անհանգստանալով ու վախենալով վտանգավոր ներկայից ու մռայլ գույներով ներկայացող ապագայից: Իսկ քրիստոնյան, կենդանի հավատ ունեցող անձը պիտի տոկուն լինի, սիրելինե՛ր, հանց աներեր ժայռ դիմավորի աշխարհի հողմերը և իր օրինակելի, սուրբ ու առաքինի վարքով, սիրով ու հույսով լեցուն կյանքով իր անգնահատելի լուման բերի Ավետարանի քարոզչության ու տարածման սրբազան գործում: Ուստի Սուրբ Գրիգոր Լուսավորչի օգնությունն ու բարեխոսությո՛ւնը հայցեք, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, քանի որ բոլոր չարչարանքներին խոնարհությամբ ու հավատով համբերելով՝ Տիրոջ առջև նաև մեծ համարձակություն ու պատիվ ստացավ մեր Հավատի հայրը, որպեսզի հավերժ բարեխոս լինի իր ժառանգների համար: Աղերսե՛ք նրա աջակցությունը ձեր հոգու փրկությանն անհրաժեշտ յուրաքանչյուր պարագայում՝ լինի դա հավատն ամրապնդելու և սիրո մեջ աճելու անհրաժեշտություն, թե պատվիրանապահության մեջ առաջադիմելու կամքի ու մեղքերի դեմ պայքարելու վճռականության կարիք: Հիշե՛ք, սիրելիներ, որ սուրբ Լուսավորիչն առանց վայրկյան իսկ երկմտելու մահվան գուբը նախընտրեց կեղծ ու կռապաշտ կյանքից և շահեց: Շահեց ոչ միայն իր կյանքն ու հավիտենությունը, այլև մեր ողջ ազգի ապագան: Հավետ երախտագիտություն ու խոնարհում մեր սուրբ հայրապետին, և թող որ այս հիշարժան օրը մտովի ծունկ խոնարհելով մեր ազգի լուսավորման ու հետագա փրկության միջոց հանդիսացած Խոր Վիրապի առջև, կրկին ու կրկին Ամենակալի ողորմությունը հայցենք մեր տառապյալ ու վիրավոր հայրենիքի, գերության զրկանքների մեջ տառապող մեր սիրասուն զավակների ու եղբայրակիցների և մեզ՝ մեղավորներիս համար, որպեսզի ոչ միայն անունով, այլև մեր ողջ էությամբ ու նվիրումով լինենք Լուսավորչի ժառանգներն ու անդավաճան շարունակողները՝ նրա նվիրական ու սուրբ առաքելության.

«Բանավոր հոտի քաջ հովիվ Տեր սուրբ Գրիգոր, որ Հայաստան աշխարհում Եկեղեցու հիմքերը հաստատեցիր առաքելական ավանդության վրա, այսօր մեր անձերը հաստատիր ճշմարտության հավատով սուրբ Եկեղեցու հիմքերի վրա». ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

20.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․