Գրքեր

«Նմանվեցեք ձեր Հորը, որ երկնքում է»

Հայ եկեղեցին, իրականացնելով բազում սոցիալական ծրագրեր, կյանքի է կոչում աստվածապատգամ պատվիրանների հիմքը կազմող սիրո պատվիրանը, որի բուն էությունը ոչ թե խոսքերն են, այլ գործերը: Փրկիչն Իր հետևորդներին մատնանշում է սիրո պատվիրանի բուն էությանը հաղորդ դառնալու ամենակարճ ուղիները. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես», և «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 22:39; 7:12): Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդու համար խորթ ու դժվարին չեն սիրո պատգամները, քանի որ դրանք ի սկզբանե նրա բնության մեջ են սերմանված: Սարգիս Շնորհալին նշում է, որ, արդարև, առաքինությունների մեջ չկա ուրիշ բան, որ մարդուն Աստծո նմանությամբ վեր բարձրացնի, ինչպես ողորմածությունը. և բոլոր առաքինությունների կատարումն Աստծուն նմանվելն է, ինչպես Տերն էլ ասաց. «Նմանվեցեք ձեր Հորը, որ երկնքում է. Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթ. 5:45): 

Ապրիլի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, սիրիահայ համայնքից Արփի Ըզքուշյանին (64 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով երեք տարի առաջ տիկին Արփին իր ամուսնու հետ տեղափոխվել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Մանթաշյան 28/Ա բն. 15 հասցեում:

«Մեկ շաբաթ առաջ ամուսինս մահացավ: Արդեն մեկ ամիս է, ինչ «Փարոս»-ի նպաստառու եմ, բայց ընտանեկան նպաստի գումարը չի բավարարում, որ հոգամ իմ կարիքները և տան վարձը վճարեմ: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին, որ այս դժվարին պահին իրենց ուշադրությամբ և հոգածությամբ մխիթարեցին և աջակից եղան ինձ»,- ասաց տիկին Արփին:

 

Կարինե Սուգիկյան

27.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․