Գրքեր

Ննջեցյալների համար աղոթք և հոգեհանգստյան կարգ

- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել:

- Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար: Մենք, երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում: Այդ պատճառով էլ պարտավոր ենք օգնել նրանց մեր աղոթքներով:

Միտքս հուշում է, որ դատապարտված ննջեցյալների տասը տոկոսն է միայն դիվական վիճակում գտնվում՝ դևերի պես հայհոյում է Աստծուն դժոխքում: Այդ հոգիները ոչ միայն օգնություն չեն խնդրում, այլև չեն ընդունում այն: Նրանց ինչի՞ն է պետք օգնությունը: Աստված ի՞նչ կարող է անել նրանց համար: Պատկերացրեք, որ երեխան հեռանում է հայրական տնից, ողջ ունեցվածքը քամուն է տալիս և այդ ամենի հետ մեկտեղ, դեռ ամենավերջին բառերով էլ հայհոյում է հորը: Է՜հ, այդ դեպքում հայրն ինչո՞վ կարող է նրան օգնել: Սակայն դժոխքում գտնվող մյուս դատապարտվածները, որ գոնե մի փոքր բարեպաշտություն ունեն, զգում են իրենց մեղքը, զղջում ու տառապում են իրենց մեղքերի համար: Նրանք օգնություն են աղերսում և հավատացյալների աղոթքից զգալի օգնություն են ստանում: Այսինքն՝ Աստված այժմ այդ դատապարտված մարդկանց օգնություն ստանալու բարենպաստ հնարավորություն է ընձեռնում՝ մինչև Երկրորդ գալուստը: Երկրային կյանքում թագավորի մերձավորը կարող է որևէ դատապարտվածի օգնելու համար բարեխոսել նրա առջև: Այդ կերպ էլ, եթե մարդ Աստծու «ընկերն» է, ապա կարող է իր աղոթքով խնդրել Աստծուն և այդկերպ դատապարտված ննջեցյալին մի «զնդանից» մեկ ուրիշ՝ ավելի լավն ու հարմարավետը տեղափոխել: Նա նույնիսկ կարող է հասնել նրան, որ ննջեցյալին «բանտախցից» ինչ-որ «սենյակ» կամ «բնակարան» տեղափոխեն:

Այնպես, ինչպես բանտարկյալներին այցելելիս զովացուցիչ ըմպելիքներ և այլն ենք տանում՝ թեթևացնելով նրանց տառապանքը, այդկերպ էլ հոգու հանգստության համար կատարած մեր աղոթքներով ու ողորմություններով թեթևացնում ենք ննջեցյալների տառապանքը: Երկրորդ գալուստից առաջ Աստված օգնության վերջին հնարավորություն է տալիս ննջեցյալներին՝ ողջերի կողմից կատարվող աղոթքների ու հոգեհանգստյան կարգերի միջոցով: Վերջնական Դատաստանից հետո նրանք այլևս օգնություն ստանալու հնարավորություն չեն ունենա:

Աստված կամենում է ննջեցյալներին օգնել, որովհետև ցավում է նրանց համար, սակայն չի անում, որովհետև ազնիվ է: Նա չի ցանկանում իրավունք տալ սատանային՝ ասելու. «Ինչպե՞ս ես այս մեղավորին փրկում, չէ՞ որ նա ընդհանրապես ջանք չի թափել»: Սակայն ննջեցյալի համար աղոթելով՝ մենք Աստծուն «իրավունք» ենք տալիս միջամտելու: Պետք է նաև նշել, որ ննջեցյալների համար մեր աղոթքներն ավելի են Աստծու սիրտը «գորովանքով լցնում», քան ողջերի համար արվածները:

Այդ պատճառով էլ մեր Եկեղեցին հաստատել է հոգեհացի և հոգեհանգստյան կարգերը: Հոգեհանգստյան կարգն ամենալավ փաստաբանն է ննջեցյալների հոգիների համար․․․

- Հա՛յր, իսկ նոր մահացած մարդիկ աղոթքի կարիք ավելի շատ ունե՞ն:

- Դե, իհա՛րկե: Մի՞թե մարդու համար հատկապես ծանր չի լինում, երբ նոր է բանտ ընկնում: Աղոթենք այն մարդկանց համար, ովքեր Աստծուն չեն գոհացրել, որպեսզի Աստված նրանց էլ ինչ-որ կերպ օգնի: Հատկապես, եթե գիտենք, որ նա դաժան կամ կոշտ մարդ է եղել, ավելի ճիշտ, եթե նա դաժան է թվացել, որովհետև մենք երբեմն մարդուն դաժան ենք համարում, բայց իրականում այդպիսին չի լինում: Իսկ եթե այդպիսի մարդը նաև մեղավոր կյանքով է ապրել, ապա պետք է շատ աղոթենք, նրա անունը գրենք՝ Պատարագների ժամանակ հիշատակելու և աղքատներին ողորմություն տանք նրա հոգու փրկության համար, որպեսզի աղքատների արտասանած «Թող նրա հոգին լուսավորվի» աղոթքը լսելով՝ Աստված ողորմության հակվի ու ողորմի այդ մարդուն: Այսպիսով, այն, ինչ մարդ ինքը չի արել՝ մենք անենք նրա փոխարեն: Իսկ եթե մարդ բարի էր, թեկուզ և լավ չէր ապրում, ապա մի փոքր աղոթքից էլ մեծ օգուտ է ստանում: Որովհետև նա հակված էր բարուն:

Ես դեպքեր գիտեմ, որ վկայում են հոգևոր մարդկանց աղոթքներից ննջեցյալների ստացած օգուտի մասին: Մի մարդ իմ խուց եկավ ու լաց լինելով ասաց. «Հա՛յր, ես դադարեցի աղոթել ննջեցյալ ծանոթներիցս մեկի համար, և նա երազումս հայտնվեց: «Դո՛ւ,- ասաց նա,- արդեն քսան օր է չես օգնում ինձ: Մոռացել ես ինձ, ու ես տանջվում եմ»: Եվ իսկապես, ուղիղ քսան օր առաջ մոռացել էի նրա մասին, քանի որ բազմաթիվ խնդիրներ ունեի և նույնիսկ ինձ համար չէի աղոթում այդ օրերին»:

- Հա՛յր, երբ մեկը մահանում է և մեզ խնդրում են աղոթել նրա համար, ճիշտ կլինի՞ արդյոք նրա հոգու հանգստյան համար մահից հետո առաջին քառասուն օրը համրիչով մեկ շրջան աղոթել:

- Եթե ննջեցյալի համար համրիչով ես աղոթում, ապա նրա հետ միասին մյուս ննջեցյալների համար էլ աղոթիր: Գնացքն ինչո՞ւ պետք է այդքան հեռուն գնա միայն մեկ ուղևորով: Չէ՞ որ կարող է ուրիշներին էլ վերցնել: Գիտե՞ք, թե որքա՜ն ննջեցյալներ աղոթքի կարիք ունեն: Խեղճերն օգնություն են խնդրում, սակայն մեկը չունեն, որ իրենց համար աղոթի: Մարդիկ կան, որ շատ հաճախ հոգեհանգիստ են կազմակերպում իրենց ննջեցյալ ազգականների համար: Սակայն օգնություն չեն ստանում նույնիսկ այդ մարդիկ, ում համար աղոթք է կատարվում, որովհետև այդպիսի աղոթքն այնքան էլ հաճո չէ Աստծուն: Եթե նրանք այդքան հոգեհանգիստ են կազմակերպել այդ ննջեցյալի համար, ապա թող միաժամանակ մյուսների համար էլ աղոթեն:

- Հա՛յր, երբեմն սկսում եմ հորս փրկության համար անհանգստանալ, որովհետև նա Եկեղեցու հետ ոչ մի կապ չուներ:

- Մինչև վերջին վայրկյանը չես կարող իմանալ, թե Աստծու Դատաստանն ինչպիսին է լինելու: Դա քեզ ե՞րբ է անհանգստացնում: Ամեն շաբա՞թ:

- Ուշադրություն չեմ դարձրել: Իսկ ինչո՞ւ ամեն շաբաթ:

- Որովհետև շաբաթը ննջեցյալների օրն է, նրանք դրա իրավունքն ունեն:

- Հա՛յր, իսկ այն ննջեցյալներն, ովքեր աղոթող չունեն. արդյոք օգնություն ստանո՞ւմ են այն մարդկանց աղոթքներից, որ ընդհանրապես աղոթում են ննջեցյալների համար՝ առանց կոնկրետ անուն նշելու:

- Իհա՛րկե, ստանում են: Բոլոր ննջեցյալների համար աղոթելիս երազումս ծնողներիս էլ եմ տեսնում, որովհետև նրանք ուրախանում են իմ կատարած աղոթքից: Ամեն անգամ, երբ իմ խցում Սուրբ Պատարագ եմ մատուցում, նաև ընդհանուր հոգեհանգստյան կարգ եմ կատարում բոլոր ննջեցյալների համար, աղոթում եմ ննջած թագավորների, հայրապետների համար և այլն: Իսկ վերջում ասում եմ․ «Եվ նրանց համար ում չհիշատակեցի»: Իսկ եթե երբեմն բաց եմ թողնում ննջեցյալների համար աղոթքը, ապա ծանոթ ննջեցյալները հայտնվում են ինձ: Ազգականներիցս մեկը զոհվել էր պատերազմում, և ես նրա անունը չգրեցի առանձին հոգեհանգստյան կարգի համար, որովհետև այն արդեն գրվել էր Պատարագի ընթացքում կարդացվող մյուսների անունների հետ, ովքեր հերոսի մահով էին ընկելել: Եվ ահա, հոգեհանգստյան կարգի ժամանակ ես այդ մարդուն տեսա ողջ հասակով դիմացս կանգնած: Դուք ևս Պատարագի ժամանակ հիշատակության համար ոչ միայն հիվանդների անունները տվեք, այլև ննջեցյալների, որովհետև ննջեցյալներն աղոթքի մեծ կարիք ունեն:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

18.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․