Գրքեր

«Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին»

Ողորմած Աստված թե՛ Հին և թե՛ Նոր կտակարաններում հորդորում է ողորմած լինել թե՛ խոսքով և թե՛ գործով: Ահա, թե ինչ է ասում Ս. Հովհան Ոսկեբերանը ողորմած լինելու մասին. «Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին, նա ստանում է ավելին, քան տալիս է»:

Ս. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված նամակում հորդորում է հրաժարվել հին մեղսալից կյանքից՝ ընդունելով նոր և նորոգված կյանքը՝ ըստ Արարչի պատկերի: Եվ նոր մարդուն՝ որպես Աստծո կողմից ընտրված, սրբված և Նրա սերը վայելող մեկին, հարկ է լինել գթասիրտ, ողորմած, քաղցր, խոնարհ, հեզ և համբերատար (Կողոսացիներ 3:9-13):

Նորոգված մարդու համար մեծագույն ուրախություն է կրել հոգու մեծագույն զարդարանքներից ողորմածությունը: Եկեղեցին իր համայնքային կյանքից ներս իրականացող սոցիալական ծրագրերի շնորհիվ փորձում է այդ հոգեպարար ուրախությանը մասնակից դարձնել կարիքի մեջ գտնվող անձանց և ընտանիքներին: Այդ կարևոր առաքելության ճանապարհին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 16-ին այցելեց Հրաչյա Քոչար 12 շ. 5/61 հասցեում բնակվող 1-ին խմբի հաշմանդամ Նարինե Մախսուդյանին (55 տ.): Տասը տարի առաջ շաքարային դիաբետի հետևանքով նա կորցրել է տեսողությունը, որին հետևել է ամուսնալուծությունը: Տիկին Նարինեն բնակվում է հարազատի կողմից տրամադրած ժամանակավոր կացարանում: Այժմ նա մեծ խնդրի առջև է կանգնած, քանի որ տանտերը պահանջում է դուրս գալ բնակարանից: «Աղջկաս ընտանիքն արդեն չորս ամիս է, ինչ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Դուստրս ի վիճակի չէ ինձ օգնելու. նրա երկու զավակներից մեկն առողջական խնդիր ունի՝ երկրորդ խմբի հաշմանդամ է»,- ասաց տիկին Նարինեն:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրան հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր մոսկվաբնակ Կարինա Համբարձումովան՝ ի հիշատակ իր վաղամեռիկ որդու՝ Դավիթ Համբարձումովի: Նարինե Մախսուդյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին:

 

 

Կարինե Սուգիկյան

16.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․