Գրքեր

Ուխտավորները հաղորդակից դարձան «Զորավոր» Ավետարանի օրհնությանը

Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: Իր հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանը նախկինում կոչվել է «Վիշապկենց»: 14-րդ դարից առ այսօր Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Ս. Թադեի վանքում, ապա՝ Ս. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն վեցերորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա մեջ մեկ օր՝ մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, հնարավորություն ունի հաղորդակցվելու «Զորավոր» Ավետարանի օրհնությանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:

Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, «Իմաստութիւն երկնային իջեալ» և «Բանին կենաց» շարականների երգեցողությամբ մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը, ապա «Զորավոր» Ավետարանը դրվեց եկեղեցու Սուրբ Սեղանին:

Պատարագիչը՝ Տեր Վահան քահանա Առաքելյանը, քարոզին անդրադարձավ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի գործունեությանը և «Զորավոր» Ավետարանին՝ նշելով կենդանի հավատի վերաբերյալ սուրբգրային մեջբերումներ. ««Օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Միթե հավատը նրան կկարողանա փրկել» (Հակոբոս 2:14): Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետը ոչ միայն քարոզում էր, այլ նաև քրիստոնյայի իր ապրած կյանքով և գործերով մարդկանց մեջ հավատ էր արթնացնում առ Աստված: Կաթողիկոսական գահին նստում է երեք ու կես տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում իր գործուն վկայությամբ ծաղկեցնում է հավատքի կյանքը: Նա հավատարիմ եղավ իր քարոզած գաղափարախոսությանը, քաջաբար և աննահանջ իրականացրեց իր առաքելությունը բոլոր այն եկեղեցիներում ու վանքերում, որտեղ բերեց իր հոգևոր սպասավորությունը: Նա զարթոնք բերեց եկեղեցական կյանքում, չվախեցավ և չսարսափեց իր շրջագայությունների ժամանակ՝ իբրև քրիստոնյա քարոզիչ, իբրև Քրիստոսի քաջարի զինվոր: Նրա կյանքն ու գործերը կենդանի խոսք են, որոնք միայն հիացմունք են առաջացնում:

Ինչպես Ավետարանը Աստծո կենդանի խոսքն է, այնպես էլ «Զորավոր» Ավետարանը՝ իր պարգևած բժշկություններով, Տիրոջ անսահման զորության, մեծ սիրո և մխիթարության կենդանի վկայությունն է: «Զորավոր» Ավետարանն իր բուժիչ հատկություններով մարդկանց առողջացնում է և ցնծություն պարգևում: Նրանում մեկտեղվել են երկնային զորությունն ու օրհնությունը, մխիթարությունն ու բժշկությունը: Այն, որ Սուրբ Հոգին կարող է այս Ավետարանի զորությամբ մեզ պարգևել հոգևոր և ֆիզիկական առողջություն, պահանջում է ճշմարիտ և աներկբա հավատք»:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները մինչ Երեկոյան ժամերգությունը իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերեցին «Զորավոր» Ավետարանին:

Անդրադառնալով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն և «Զորավոր» Ավետարանին՝ նշենք, որ, ըստ որոշ արձանագրությունների և մատենագիտական աղբյուրների, Ս. Աստվածածին անունը կրող եկեղեցին Զորավոր է կոչվել հետևյալ պատճառներով. այս եկեղեցում են ամփոփված Ս. Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և այս եկեղեցում է ժամանակին պահվել հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը:

 

Կարինե Սուգիկյան

14.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․