Գրքեր

Ուխտավորները հերթական անգամ հաղորդակից եղան Տերունական Ս. Խաչի զորությանը

Դարեր շարունակ հայ ուխտավորի համար սիրելի ուխտավայր է Երևանի հնագույն եկեղեցիներից՝ Զորավոր Ս. Աստվածածինը: Ս. Անանիայի, Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս. Բարսեղ Մեծի, Ս. Մակարիոսի և անհայտ երկու սրբերի ու Խաչափայտի երկու մասունքներով հարուստ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին ունի հինգ ուխտի օր, որոնցից վերջինն այս տարի հոկտեմբերի 24-ին էր՝ Գյուտ խաչի տոնին: Չորս տարի է, ինչ Սուրբ Խաչին նվիրված այս տոնը մեծ թվով ուխտավորիների է համախմբում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս՝ մասնակից ու հաղորդակից դարձնելու ուխտի Ս. Պատարագին և եկեղեցում պահվող մասնատուփ-պահարանի օրհնությանը, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում չորս սրբերի՝ Սուրբ Բարսեղ Մեծի, Սուրբ Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքները:

Այս տարի ուխտի Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները հաղորդակից եղան խաչափայտի մասունքի զորությանը և Ս. Բարսեղ Մեծի, Ս. Մակարիոսի ու անհայտ երկու սրբերի բարեխոսությամբ Տիրոջ ողորմածությունը հայցեցին:

Ոսկեդարյան շրջանի պատմիչ՝ Ագաթանգեղոսը, ով ներկայացրել է Հայոց դարձի պատմությունը, առանձնակի տեղ է հատկացրել Խաչին, ինչը վկայում է, որ Ս. Խաչի հանդեպ Հայոց եկեղեցում առկա հարգությունն սկսել է ձևավորվել Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից անմիջապես հետո: Պատմիչը, Ս. Խաչը համեմատելով բաբելոնի աշտարակի հետ, նշել է, որ վերջինս փլուզվեց, իսկ խաչը մինչև երկինք բարձրացավ. «Արդ, բարձրաբերձ և վաղավեր աշտարակի փոխարեն ճշմարտության խաչը կանգնեցվեց, որի զորությունը մշտնջենական է, և նրա փառքն է Աստված: Ինչպես աշտարակը ցրեց մարդկանց և խառնեց լեզուները, այնպես էլ խաչափայտը միավորեց, հավաքեց Քրիստոսին ապավինողներին: Աշտարակը մարդիկ ամբարտավանությամբ կառուցեցին, որպեսզի երկինք՝ Աստծուն հասնեն, իսկ խաչափայտը ինքն է մարդկանց երկինք՝ առ Աստված տանում»:

 

Կարինե Սուգիկյան

 

25.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․