10 Օգոստոս, Դշ, Աստվածածնի պահքի Գ օր

Գրքեր

Ուխտի հերթական ուղին՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղության

Հարափոփոխ այս աշխարհում քրիստոնյան հոգու պահանջ ունի՝ ուխտի ճանապարհ անցնելու, Աստծու հետ միավորվելու և զորանալու, որպեսզի Աստծով հաղթահարի այն բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որ առկա են իր ճանապարհին: Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, անցավ ուխտի ճանապարհ, որ նրան առաջնորդեց Մոշաղբյուրի Ս. Հովհաննես Կարապետի, ապա Խոր Վիրապի վանքեր: Հանուն Հայոց աշխարհի խաղաղության և նրա առջև ծառացած մարտահրավերներն Աստծով հաղթահարելու նպատակն էր հետապնդում համայնքի հերթական աղոթքի ուղին: Ս. Հովհաննես Կարապետի Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցում (14-րդ դ.) ուխտավորները, վանահոր՝  հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանի գլխավորությամբ, ընդհանրական աղոթքի կանգնեցին, որից հետո Հայր Սուրբը մաղթեց ուխտավորներին, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը և հոգևոր զրույց ունեցավ նրանց հետ: Հաջորդ սրբավայրում ուխտավորները ևս համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ, հայցեցին, որ Տերը օգնական և աջակից լինի հայ ժողովրդին, հավատի մեջ զորացնի, միասնականության և քաջության ոգի շնորհի՝ հանուն Հայոց աշխարհի զորացման ու առաջրնթացի: Հերթական ուխտի ճանապարհից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը Երևան վերադարձավ հոգեպես նորոգված ու զորացած:

Ուխտագնացությամբ՝ աղոթքով իմաստավորված ճանապարհով, Քրիստոսի հետևորդները կյանքի են կոչում սուրբգրային այն պատգամները, որ հորդորում են՝ արթո՛ւն եղեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մատթ. 16:41), արդ, ամենից առաջ աղաչում եմ մատուցել աղոթքներ, խնդրվածքներ, պաղատանքներ, գոհություններ բոլոր մարդկանց համար, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, ամենայն աստվածպաշտությամբ և սրբությամբ, քանզի ա՛յն է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ, որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը (Ա Տիմոթ. 2:1-4):

 

Կարինե Սուգիկյան

02.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․