Գրքեր

Ուխտի Սուրբ Պատարագ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ամեն տարի Մեծ պահքի Տնտեսի կիրակիին նախորդող օրը Հայ եկեղեցին տոնախմբում է Երուսաղեմի Սուրբ Հովհաննես և Հայոց Հովհան Օձնեցի Հայրապետների, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակությունը: Այս տարի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սրբերի հիշատակության օրը նշանավորեց ուխտագնացությամբ: Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտավորները, սրբերի բարեխոսությունը հայցելով, աղոթքի երկար ուղի անցան՝ մասնակիցը դառնալու ուխտի Սուրբ Պատարագին, որ մատուցվեց Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում Հայոց հայրապետ Հովհան Օձնեցու (717-728 թթ.) հիշատակության առթիվ: Վեցերորդ դարում կառուցված սրբավայրը բազմաթիվ ուխտավորների էր համախմբել իր սուրբ հարկից ներս: Սուրբ Պատարագը մատուցեց Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:

Պատարագին ուխտավորաբար ներկա էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով քարոզխոսեց՝ ի մասնավորի նշելով. ««Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից հետո երանության արժանի որդիներ պիտի թողնի» (Առակ. 20:7): Այսօր եկել ենք մեր խոնարհումը բերելու Հովհան Օձնեցու շիրիմին՝ իր բարեխոսությունը հայցելու Հայոց ազգի, մեր սուրբ եկեղեցու հոգևոր աճման և զարգացման համար, որի մեջ իր ներկայությունն ու ներդրումն ունի Հայոց Իմաստասեր հայրապետը: Այսօրվա հիշատակելի սրբերը, ըստ էության, Քրիստոսի հրավերի արձագանքողը եղան, նրանք ոչ միայն մի ամբողջ ժողովրդի հոգևոր և գաղափարական կյանքի հիմնադիրները եղան, այլ այնպիսի ուժով իրական ներկայություն ունեցան, որ մինչև այսօր անկախ հանգամանքների փոփոխությունից, բազմաթիվ ճանապարհների և ավերների, փորձանքների և փորձությունների, մեր ժողովուրդն իր գոյությունը վեհորեն շարունակում է՝ չկորցնելով իր ինքնության որևէ մասնիկ: Հովհան Օձնեցի հայրապետը, աստվածամերձ մարդ լինելով, ամեն վայրկյանը գոյութենական ներկայության մեջ ապրելով և երկրում որպես երկնային հրեշտակ լինելով, անկախ իր կամքից կրել է նաև հայոց պետականության խորհրդանիշը: Անցյալում չենք ունեցել պետականություն, չենք ունեցել ազատ կերպով մեր Տիրոջը դավանելու այսօրվա լայն հնարավորությունները: Եվ Իմաստասեր հայրապետը բազմիցս անգամ երանի կտար, որ իր ժամանակները լինեին այսօրվանը, ուստի նրա խորհրդով և պատգամով այլևս պատասխանատու ենք բոլորի առջև յուրաքանչյուրս իր չափով, իր գործերով, ճշմարտության ապրումով և ազատության լայն հնարավորությամբ»:

Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորներն այցելեցին Արդվիի Ս. Հովհաննես վանք, իրենց խոնարհումը բերեցին Հովհան Օձնեցու շիրիմին՝ խնդրելով հայրապետի բարեխոսությունը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորները դեպի Երևան վերադարձի ճանապարհին այցելեցին նաև Լոռու բերդ:

Ուխտագնացությունը յուրաքանչյուր ուխտավորի հոգում դրոշմեց Հայ եկեղեցու և ազգի նվիրյալ Հովհան Օձնեցի Իմաստասեր հայրապետի օրինակելի վարքը, ով իր հոգևոր փորձառությամբ կարծես յուրաքանչյուրին կոչում էր կյանքը Աստծով իմաստավորելու, հոգևոր կյանքում զգոն ու նախանձախնդիր լինելու՝ մոռացության չմատնելով ավետարանական հետևյալ պատգամը՝ խորագե՛տ եղեք օձերի պես և անմեղ՝ աղավնիների նման (Մատթեոս 10:16):

 

Կարինե Սուգիկյան

03.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․