Գրքեր

Ուխտի Սուրբ Պատարագ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Հոկտեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ուխտի Ս. Պատարագ մատուցեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արք. Նաջարյանը: Մինչ քարոզը Սրբազան Հայրն իր ուրախությունը կիսեց ներկաների հետ. նրան մեծ ուրախություն էր պատճառել Սուրբ Սեղանին սպասավորող և Սուրբ Պատարագին մասնակից մեծաթիվ երիտասարդների ներկայությունը: Այնուհետև Սրբազան Հայրը քարոզխոսեց «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ» թեմայով՝ անդրադարձ կատարելով նախորդ օրվա հիշատակելի յոթանասուներկու աշակերտներին:

Իր քարոզում Հայկազուն Սրբազանը մասնավորաբար ասաց. «Աշակերտներն ու առաքյալները, հակառակ եղած բոլոր դժվարությունների, աշխարհով մեկ տարածեցին հարության լույսը: Այդ լույսը մենք էլ վերցրինք սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալներից, որ ազգայինի վերածվեց սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով: Հայոց նվիրյալ հայրերի շնորհիվ հավատքը շաղախվեց Հայոց ազգի էության հետ, այդ պատճառով դարեր շարունակ հայ ազգը չի հրաժարվել իր էությունից՝ իր հավատքից, և ինչը պահպանելու համար աստվածասեր ու հայրենասեր հայորդիները չեն խնայել իրենց կյանքը: Նվիրյալ հոգիները հավատք են սերմանել, որ հավատքի պտուղներ են տվել: Որպես յոթանասուներկու աշակերտների հաջորդներ՝ ինչպե՞ս ենք կյանքի վերածում մեր առաքելությունը, ինչպե՞ս ենք նախնյաց հիշատակը պանծացնում: Մեր առաքելությունը՝ որպես քրիստոնյաներ՝ որպես լուսո որդիներ, խաղաղության և ճշմարտության հետևորդներ, ոչ միայն ներկա և գալիք սերնդի համար է, այլև համամարդկային է: Մենք պարտավորված ենք Քրիստոսի խաչը միշտ առաջ տանելու, հավատն ամուր պահելու, թշնամիներից չսասանվելու, եթե Աստված մեզ հետ է, մենք էլ Աստծու հետ ենք, ոչ մի ուժ չի կարող սասանել հայ ազգի հավատի ընթացքը, որ հավիտենական է»:

Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Հայրը հանդիպեց «Զորավոր» երիտասարդաց միության հետ: Միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը Սրբազան Հորը ներկայացրեց միության գործունեությունը, ապագա ծրագրերը, ինչը հիացմունք և ուրախություն պատճառեց Սրբազան Հորը: Երիտասարդների հետ հոգևոր զրույցում Հայկազուն Սրբազանն անդրադարձավ աստվածատուր շնորհներին և ասաց. «Աստված յուրաքանչյուրին յուրահատուկ շնորհներ է բաշխել, որ անձին յուրահատուկ է դարձնում, և կարևոր է, թե ինչպես է գործածում այդ շնորհները արարչագործության գլուխգործոցը՝ մարդը, ինչով է լիացնում իր ժամանակավոր կյանքը: Եթե միայն նյութականից է կառչած, ապա ոչնչով չի տարբերվում անհավատից կամ հեթանոսից: Նյութը ժամանակավոր է և դրան կարևորություն տվողը մարդն է, որքան մեծ է այդ կարևորությունը, այնքան մեծ է նյութի իշխանությունը մարդու հանդեպ: Նյութը բոլորովին այլ իմաստ է ստանում, երբ գործածվում է՝ ի բարօրություն մերձավորի»:

Հանդիպման ընթացքում երիտասարդները հարցեր ուղղեցին Սրբազան Հորը: Հոգեշահ հանդիպման ավարտին Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց երիտասարդներին և մաղթեց, որ Տիրոջ կողմից իրենց շնորհված յուրահատուկ շնորհները շարունակեն գործածել՝ ի փառս Հայ եկեղեցու և ժողովրդի:

 

Կարինե Սուգիկյան

 

03.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․