Գրքեր

Օրապահք. ինչո՞ւ ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին պահք պահում

Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր:

Օրապահքերն ամենահին և կանոնավոր պահքի օրերն են: Հրեաները նախկինում և այսօր ևս շաբաթը երկու օր պահք են պահում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին (Ղուկաս 18:12): Դեռ վաղ ժամանակներից քրիստոնյաներն այդ օրերը փոխեցին՝ պահք պահելով չորեքշաբթի և ուրբաթ օրերին (Կանոնագիրք վարդ. Առաքելոց Գ. և Դ.), չորեքշաբթի՝ «զի ի նմա գուշակեաց և յայտնեաց Տէրն կենարար զխորհուրդ չարչարանացն իւրոց»  և ուրբաթ՝ «վասն զի զոր ինչ ասացաւն յաւուր չորեքշաբթւոջն վասն չարչարանաց մերոյ՝ յուրբաթուն կատարեցաւ»: Այսինքն՝ չորեքշաբթի պահք ենք պահում ի հիշատակ Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթ՝ ի հիշատակ Նրա խաչելության: Հայ Առաքելական Սբ. եկեղեցում հինգ տաղավար տոները նշում ենք մի քանի օր և այդ ժամանակահատվածում ընկած չորեքշաբթի և ուրբաթ օրերին օրապահքեր չկան: Ինչպես շաբաթապահքը հինգ զգայարանների սրբության համար է, որոնցով մեղանչում ենք, այնպես էլ երկու օրվա պահքը մեր հոգու և մարմնի սրբության համար է, որոնցով գործում ենք մեղքերը:

Ըստ Վարդապետների մեկնաբանության՝ ծանոթանանք այս պահքի պատճառներից մի քանիսին. չորեքշաբթի Եվայի խաբվելու օրն էր, երբ օձը նրան համոզեց ուտել պտղից, իսկ ուրբաթը, երբ Ադամը կերավ պտղից: Հաջորդը՝ մեր տեսական և գործնական առաքինություններն են: Տեսականի համար սրբվում ենք չորեքշաբթի օրը, իսկ գործնականի՝ ուրբաթ, որով սրբասեր լինելով՝ Աստծու օգնությամբ հասնում ենք ճշմարտությանը և բարուն: Որովհետև ընդունում ենք երկու օրենքներն էլ և՛ հինը, և՛ նորը, դրա համար էլ երկու օր ենք սուրբ պահում: Սբ. Եվագրիոսն ասում է՝ պահի՛ր չորեքշաբթի և ուրբաթ օրերն ամեն շաբաթ:

Պահքի բոլոր տեսակներն այնպիսի ուժ ունեն, որ կարող են սանձահարել անսանձելի կրքերը, մարել նախանձի, բարկության կրակները, ոչնչացնել հպարտությունը՝ պահպանելով բոլոր զգայարանները մեղքի հարվածներից:

«Հարանց վարք»-ը վկայում է օրապահքը պահելու և դրանից հետևող օրհնաբեր արդյունքի մասին. «Հայր Պախոմի մասին ասում էին, որ մի անգամ, երբ մի մահացածի դի էին տանում, ճանապարհին նրանց հանդիպելով՝ հայր Պախոմը տեսավ երկու հրեշտակների, որոնք ուղեկցում էին մահացածին՝ գնալով թափորի ետևից: Այս մասին խորհելով՝ ծերը խնդրեց Աստծուն, որպեսզի Նա բացի իրեն այս խորհուրդը: Այդժամ հրեշտակները մոտեցան նրան, և ասաց նրանց հայր Պախոմը. «Ինչո՞ւ եք ուղեկցում մահացածին»: Հրեշտակները պատասխանեցին նրան. «Մեզանից մեկը չորեքշաբթիի հրեշտակն է, իսկ մյուսն՝ ուրբաթի: Իսկ նա մինչ իր մահը երբեք չդադարեց չորեքշաբթի և ուրբաթ օրերը պահք պահելուց, դրա համար էլ մենք ուղեկցում ենք նրա աճյունը: Մահվան մահճում իսկ նա չզլացավ պահքերը պահել, մենք էլ հիմա փառավորում ենք նրան իր ջանքերի համար, որ արեց հանուն Աստծո»:

Իսկ Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկում՝ «Յասմաւուրք»-ում կարդում ենք Սբ. Նիկողայոսի վաղ մանկության շրջանի վերաբերյալ այս զարմանահրաշ դրվագը. «Երբ ծնվեց Նիկողայոսը և քանի դեռ կերակրվում էր մոր կաթով, չորեքշաբթի և ուրբաթ օրերին մոր ստինքները բերան չէր առնում, այլ մնում էր անոթի: Մոր կաթից կտրվելուց հետո էլ այնպես մնաց և չարձակեց իրեն պահքի կերակրով սնվելուց մինչև իր կյանքի վախճանը»:

Ճշմարիտ պահքի մեջ գտնվողը արժանանում է թե՛ ժամանակավոր, թե՛ հավիտենական բարիքների: Այդ պատճառով է Քրիստոս ասում. «Երբ ծոմ ես պահում, օծիր գլուխդ և լվա երեսդ, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ծոմ ես պահում, այլ միայն Քո Հայրը, որ անտեսանելի է, և քո Հայրը, որ տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես» (Մատթեոս 6:17-18):

Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Եթե մարմինդ թույլ է մշտապես պահք պահելու համար, ապա այն թույլ չէ աղոթքի և որովայնի հաճույքներն արհամարհելու համար: Եթե չես կարողանում պահք պահել, ապա ծայրագույն դեպքում կարող ես քեզ շքեղություն թույլ չտալ, իսկ դա ոչ նվազ կարևոր է և կարող է սանձահարել չարի մոլուցքը: Քանի որ ոչինչ այնքան հաճելի չէ չարին, որքան շքեղությունն ու հարբեցողությունը՝ աղբյուրը և մայրը բոլոր չարիքների»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

19.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․