Գրքեր

Ուսուցչի գործը սուրբ է

- Հա՛յր, դպրոցներում երբեմն մանկավարժների համար ամենաշատ դժվարությունները [ոչ թե աշակերտները, այլ] նրանց սեփական գործընկերներն են ստեղծում:

- Մեր ժամանակներում մարդուն լուրջ դատողություն և լույս է անհրաժեշտ, եթե նա ցանկանում է իրեն ճիշտ դրսևորել գործընկերների միջավայրում: Մեծ ողջախոհություն և աստվածային լույս է պահանջվում յուրաքանչյուր առանձին դեպքում: Երբեմն նույնիսկ պետք չէ ուրիշներին ցույց տալ, որ դու հավատացյալ ես, այլ պետք է հանդարտ լինես և գործընկերներին ավելի շատ ոչ թե խոսքերով, այլ քո իսկական ուղղափառ կյանքի օրինակով պատմես հավատի մասին: Մարդն այդ կերպ կօգնի ուրիշներին՝ առանց նրանց գրգռելու: Եվ հատկապես՝ մանկավարժական ոլորտում. այնտեղ որոշ խնդիրներ ուռուցքի են նման՝ երբեմն բարորակ, իսկ երբեմն նաև չարորակ: Մենք բարու փոխարեն մեծ չարիք կգործենք, եթե որևէ խնդրի մոտենանք տրամաբանության վրա հիմնվելով: Եթե ուռուցքը չարորակ է, ապա վիրահատական միջամտությունից մետաստազներ կսկսեն: Այդ իսկ պատճառով նման ուռուցքն ավելի լավ է զգուշությամբ թեթևակի այրել:

- Հա՛յր, մանկավարժների համար հեշտ չի լինում որևէ լավ բան անել, քանի որ նրանք կաշկանդված են, սահմանափակ հնարավորություններ ունեն:

- Եթե մարդը ցանկանա, ապա միշտ կարող է ինչ-որ լավ բան անելու միջոց գտնել: Նրանք, ովքեր ցանկանում էին, նույնիսկ անաստվածության վարչակարգերի ժամանակ էին նման հնարավորություն գտնում: Ուրեմն ի՞նչ, այստե՞ղ չեն կարողանում գտնել: Մի հույն մի անգամ Բուլղարիա գնաց (դեռևս անաստվածության վարչակարգի ժամանակ) և մի դպրոցի մոտ սկսեց երեխաներին խաչեր բաժանել: Սակայն մոտակայքում կանգնած մի կոմունիստ նկատեց նրան: Ուսուցչուհին, տեսնելով, որ այդ կոմունիստը հետևում է իրենց, սկսեց երեխաներից հավաքել խաչերը՝ նախատելով նրանց, որ վերցրել են: Բայց երբ անաստվածը հեռացավ, ուսուցչուհին ինքը խաչերը բաժանեց երեխաներին: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես ուսուցչուհին կարողացավ խուսափել և՛ օրենքի, և՛ Աստծո հետ կոնֆլիկտից:

Իսկ Փոքր Ասիայի հույն ուսուցիչնե՞րը: Որքա՜ն բան են նրանք տվել ժողովրդին այն ծանր տարիներին: Որովհետև ի սրտե էին ջանում, մտահոգվում էին գործի համար, ակնածանք ունեին, զոհաբերում էին իրենց: Իսկ որքա՜ն իմաստուն կերպով էր իրեն դրսևորում Ֆարասում սուրբ Արսեն Կապադովկիացին*: Դպրոցը նոր շենքում տեղավորելով, նա դպրոցական նստարանների փոխարեն հատակին այծի ու ոչխարի մորթիներ փռեց: Երեխաներն այդ մորթիներին ծնկած էին դասը լսում: Այդպես իմաստուն կերպով վարվելով, սուրբ Արսենը թուրքերին չէր գրգռում: Նույնիսկ դասաժամին երեխաներին տեսնելով, թուրքերը կարծում էին, որ նրանք աղոթում են: Իսկ երբ սուրբ Արսենը ցանկանում էր երեխաներին բնության գիրկը տանել՝ հանգստանալու, նրանց իր հողամասն էր տանում՝ իբրև թե աշխատելու, որը կարծես պարտեզ լիներ, և ասում էր. «Եթե թուրքի նկատեք, սկսեք աշխատել, ինչ-որ բան անել: Ծառերի ճյուղերը կտրեք, որպեսզի նա կարծի, թե մաքրում եք այգին»: Խեղճերն այդպես էլ անում էին: Քանի որ, եթե թուրքերը կռահեին, որ սուրբը երեխաներին բնության գիրկ է տարել, ապա նա մեծ անախորժություններ կունենար: Ամենաիսկական գաղտնի դպրոց էր: Իսկ երբ թուրքը հեռանում էր, երեխաները կրկին սկսում էին խաղալ: Ամռանը նույնպես, արձակուրդներին սուրբ Արսենը երեխաներին իր մոտ էր հավաքում, որպեսզի ուսումից ետ չվարժվեն և չմոռանան իրենց սովորածը:

- Հա՛յր, իսկ սուրբ Արսենն ինչո՞ւ էր դասերի ժամանակ թուրքերեն գրում, բայց հունարեն տառերով:

- Որպեսզի երեխաները թուրքերեն էլ իմանան և կարողանան ապրել թուրքերի մեջ: Բացի այդ, եթե թուրքերը սրբին բռնեին երեխաներին կարդալ սովորեցնելիս և տեսնեին հունարեն տառերը, ապա լսելով, որ նա թուրքերեն է կարդում, կհանգստանային: Այնպես որ և՛ երեխաներն էին սովորում, և՛ թուրքերը չէին անհանգստանում: Այն ամենն, ինչ հատուկ էր սուրբ Արսենին՝ անփոխզիջողական վերաբերմունք ուղղափառությանը, ակնածանք, նա իր աշակերտներին էր փոխանցում:

Այդ պատճառով էլ ասում եմ, որ եթե մարդն ուզում է, ապա կարող է բարիք գործել երեխաների համար՝ որտեղ էլ, որ նա հայտնվի: Մի անգամ մի հրաշալի գիրք ընկավ ձեռքս Հյուսիսային Էպիրի մասին, որը մի ուսուցչուհի էր գրել, ով եղել էր այնտեղ: Նման մի ուսուցչուհին հինգ հարյուր տղամարդ արժե: Ի՜նչ հմտորեն էր նա դիմում ալբանացի գաղափարախոսներին: Նա նրանց գլխովին ջախջախում էր: Ա՛յ, կեցցե՛ նա:

Իսկական ուսուցիչը մեծ բան է, հատկապես մեր օրերում: Երեխաները մաքուր մագնիտոֆոնային կասետների նման են: Նրանց վրա կարող են կա՛մ անպարկեշտ երգեր ձայնագրվել, կա՛մ բյուզանդական հրաշալի պատարագներ: Ուսուցչի գործը սուրբ է: Ուսուցչի վրա մեծ պատասխանատվություն է դրված, և եթե նա ուշադիր լինի, ապա կարող է Աստծուց մեծ վարձ ստանալ: Նրա պարտքն է փորձել երեխաներին Աստծո երկյուղը սովորեցնել: Մանկավարժները պետք է երեխաներին Աստծո և հայրենիքի մասին գիտելիքներ հասցնելու միջոցներ գտնեն: Թող նրանք սերմեր ցանեն: Չե՞ն տեսնում, թե դրանք ինչպես են աճում: Ոչինչ: Ոչ մի բան անհետ չի անցնում, ժամանակը կգա և սերմը կաճի:

Եվ թող նրանք միշտ բարությամբ, ներողամտությամբ, սիրով վարվեն երեխաների հետ: Թող ձգտեն նախանձախնդրություն արթնացնել երեխաների մեջ: Երեխան սեր, ջերմություն է ուզում: Շատ երեխաներ բացարձակապես զուրկ են դրանից իրենց տներում: Եթե ուսուցիչները երեխաներին սիրեն, ապա երեխաներն էլ նրանց կսիրեն: Եվ այնժամ ուսուցիչների համար ավելի դյուրին կլինի իրենց գործն անել: Մեր ուսուցիչը կարող էր մեզ ճիպոտով ծեծել, եթե չարություն էինք անում: Բայց նա սիրում էր երեխաներին, երեխաներն էլ նրան էին սիրում: Նա իր երեխաները չուներ և երեխաներ շատ էր սիրում:

Այդ պատճառով էլ գովեստի են արժանի այն ծնողները, ովքեր շատ երեխաներ ծնելով՝ բազմազավակ հայրեր ու մայրեր են դառնում, բայց ավելի մեծ գովեստի են արժանի այն իսկական մանկավարժները, որոնք վերածնում են բազմաթիվ երեխաներ և դառնում «ամենաբազմազավակ» հայրեր ու մայրեր: Նրանք վերածնված մարդիկ են տալիս հասարակությանը, և այդ կերպ հասարակությունն ավելի լավն է դառնում:

 

* Տե՛ս՝ Старец Паисий Святогорец. Преподобный Арсений Каппадокийский. Свято-Троицкая Сергиева Лавра, 1997. С. 30, 33-34.

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

23.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․