Գրքեր

Պահեցողության յուրատեսակ ուխտին հավատարիմ համայնքը

«Պահեցողության այս մեծ շրջանի մեջ մուտք գործելով՝ մի յուրատեսակ ուխտ ենք կապում ինքներս մեզ հետ՝ ոչ միայն մարմնի, այլ առավել հոգու պահեցողության մեջ մտնելու համար: Մեր կյանքի կարևորագույն այս հերթական շրջանը հորդորում է անխախտ մնալ մեր միջի մեղավոր մարդուն մեռցնելու և փոխարենը Կյանքի ջրի աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին, ապրեցնելու մեր որոշման մեջ: Աղոթքների, պահեցողության, ապաշխարության և բարի գործերի միջոցով սրբելու, մաքրելու մեր հոգիները մեղքերի աղտեղությունից՝ մեր հոգու աչքերի առաջ ունենալով խաչի վրա հեղված Փրկչի մաքրագործ արյունը, որ մեզ համար բաց արեց դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Պահեցողության յուրատեսակ ուխտին հավատարիմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Մարտի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Լիլիթ Խեկոյանին (34 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Լիլիթն իր երկու անչափահաս երեխաների հետ վարձակալությամբ է ապրում Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի 61/10 հասցեում: Նա յոթ տարի է, ինչ ամուսնալուծվել է, և ամուսինը նյութական աջակցություն չի բերում իր նախկին կնոջն ու երեխաներին: Ընտանիքի մայրը մեծ դժվարության առջև է կանգնած. նա երրորդ խմբի հաշմանդամ է, տեսողության հետ կապված խնդիր ունի: Լիլիթը նշեց, որ բարի մարդկանց օգնության շնորհիվ աչքի վիրահատություն է անցել, բայց դեռ ապաքինման փուլում է և չի կարողանում աշխատել:

«Ընտանեկան նպաստի և թոշակի գումարները չեն բավարարում մեր կարիքները հոգալու համար: Մեզ օգնության ձեռք են մեկնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակը և դպրոցը, ուր սովորում են երեխաներս: Անչափ շնորհակալ եմ նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, հոգևոր հովվից և աջակից անձից այն ուշադրության համար, որ ցուցաբերեցին ընտանիքիս հանդեպ»,- ասաց Լիլիթը:

 

 

Կարինե Սուգիկյան

01.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․