Գրքեր

Պայծառակերպություն

«Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք» (Մտթ. 17:4):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Քիչ առաջ երգեցինք «Լույս ի լուսո»՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին Լույս՝ Լույսից դավանելով, և «Նիկիական հանգանակ»-ի հենց այս տողն է այսօրվա խորհրդանիշը, քանի որ Հայ Առաքելական մեր մայր Եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

Շնորհավորում եմ ձեզ, սիրելինե՛ր, այս իսկապես փառաշուք ու լուսափայլ տոնի կապակցությամբ: Այն չափազանց կարևոր տոն է մեզ համար, քանի որ հիշատակում է Տիրոջ աստվածության փառքն ու մեծությունը: Տիրոջ փառքի մասին ամեն օր, ամեն վայրկյան վկայում է ողջ Տիեզերքը, վկայում է ողջ արարչագործությունը. և՛ գեղաշուք բնությունը, և՛ զարմանահրաշ կենդանական աշխարհը, և՛ անծայրածիր օվկիանոսներն ու բարձրաբերձ լեռները, և՛ իհարկե արաչագործության պսակ մարդ-արարածը Արարչի փառքն են երգում: «Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ քեզ… քանզի մեծ է փառքը Տիրոջ» (Սղմ. 137:1, 5):

Դառնալով տոնի հիմք հանդիսացած ավետարանական պատմությանը, օրվա ընթերցվածքներից Մատթեոսի ավետարանի 17-րդ գլխում կարդում ենք, որ Տեր Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոս, Հովհաննես, Հակոբոս առաքյալներին ու մի բարձր լեռ ելավ՝ աղոթելու: Եվ մեծասքանչ իրադարձությունը, որ տեղի ունեցավ այնտեղ, առաքյալներին խորապես տպավորելով՝ անջնջելի հետք թողեց նրանց հետագա ողջ կյանքի և առաքելության վրա: Քրիստոս պայծառակերպվեց՝ Իր աստվածությունը բացահայտ կերպով ցույց տալով նրանց. «Նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը»: Այնուհետ հայտնվեցին հինկտակարանյան մեծագույն կերպարներից՝ Մովսեսն ու Եղիան և Տիրոջ հետ խոսում էին «նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում» (Ղուկ. 9:31): Սա էլ դեռ բավարար չէր, հանկարծ մի ամպ հովանի եղավ նրանց վրա և ամպի միջից լսվեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրա՛ն լսեցեք»: Սուրբ Հարության հրաշքից զատ, թերևս ավելի ցնցող ու տպավորիչ իրադարձության ականատես չպիտի լինեին այլևս այս երեք ընտրյալ աշակերտները և ինչպես Պետրոս առաքյալի երկրորդ թղթում ենք համոզվում՝ մինչև կայնքի վերջը Պայծառակերպության աստվածային ճառագայթումը չպիտի դժգուներ նրանց հոգիներում. «Ոչ թե հնարովի առասպելների հետևից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուսի Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծությանը. քանի որ նա Հայր Աստծուց ստացավ փառք և պատիվ, երբ մեծավայելուչ փառքից եկավ այս ձայնը, թե՝ «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»: Եվ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրա» (Բ Պետ. 1:16-18):

Ըստ ավանդության՝ Թաբորն էր այն լեռը, որն արժանացավ աստվածային բացահայտ փառքի տեսությանը: Սուրբգրային պատմություններում լեռներն ընդհանրապես առանցքային դեր են կատարում: Նոյան տապանը մեր սուրբ Արարատի լանջին հանգրվանեց: Տասը պատվիրանները Մովսեսը Սինայի վրա ստացավ: Եղիան Տիրոջ շունչը զգաց Քորեբի վրա: Լեռների պակաս չզգացվեց նաև Տիրոջ երկրային կյանքում. Թաբոր, Ձիթենյաց լեռ, Գողգոթա… Սակայն դառնալով օրվա հերոսին՝ տեսնենք, թե Անաստաս Սինայեցին ինչպես է այն գովերգում. «Հանուն այս լեռան պար են գալիս լեռները, հանուն նրա՝ ծաղկում հովիտները… այս լեռը խորհրդի վայր է, անճառելիի տեղանք, ժայռ՝ նվիրականի, այս գագաթը՝ գագաթ երկնքի: Այստեղ Արքայության նշաններն են նախակազմվել, այստեղ Խաչելության խորհուրդն է կանխասացվել… այս լեռն արդարների փայլով է կնքվել, դրա վրա են գալիք բարիքները պատկերվել ասես ներկա: ….Այս լեռը երևան է հանել մեր ամենից իրական կերպարը և մեր համանմանությունը Քրիստոսին»:

Նրանք, ովքեր ուխտավորաբար եղել են Իսրայելում և անցել տերունական ճամփաներով, շատ լավ են հիշում Նազարեթից ոչ հեռու գտնվող Թաբոր լեռը: Այն մոտ 600մ բարձրություն ունի, ծածկված է առատ բուսականությամբ, և այցելուներն այսօր միկրոավտոբուսներով են ոլոր-մոլոր ճամփաներով բարձրանում լեռան գագաթը՝ Պայծառակերպության եկեղեցի այցելելու և համոզվելու, որ անգամ այսօր լույսն այդ տեղանքում բոլորովին այլ պայծառություն ու խորհուրդ ունի: Այն օրերին նման փոխադրամիջոցներ չկային իհարկե և վստահ եմ, որ անգամ եթե լինեին, Տերը միևնույն է, ոտքով էր հաղթահարելու Իր աղոթքի՝ մոտ երեք ժամվա ճանապարհը: Աղոթելու համար Քրիստոս հաճախ էր լեռներն ընտրում: Եվ պատճառը ոչ միայն առանձնությունն էր, կարծում եմ. լեռները հիշեցում են: Դրանք հիշեցնում են մարդուն, որ հորիզոնականից բացի կա նաև ուղղահայաց ճանապարհ, որը դեպի երկինք է ընթանում: Այս ճանապարհը մարդուն կտրում է երկրային սին հոգսերից ու անվերջ վազքից, և նրա հայացքը դեպի վեր ուղղում: Լեռները հիշեցնում են մարդուն, որ որքան նա հեռանում է երկրից, այնքան երկնքին է մոտենում: Լեռները թույլերի, ծույլերի ու կամազուրկների համար չեն. դրանք խիզախներին են սիրում: Եվ որքան դժվարին ու խոչընդոտներով լի է վերելքը, այնքան քաղցր է բարձունքը նվաճելու վայելքը: Հասկացաք երևի, սիրելինե՛ր, որ խոսքս ավելի շատ հոգևոր բարձունքի մասին է, քրիստոնեական վերընթաց ճանապարհի, որի վերջում Պայծառակերպության լույսն է, արդար ու հավատաիմ հոգիներին հավիտենական խաղաղություն պարգևող երանավետ լույսը: Պողոս առաքյալն ասում է. «….փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը: Վերի՛ն բաների մասին խորհեցեք և ո՛չ թե այն, որ այստեղ՝ երկրի վրա է, քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մոտ» (Կող. 3:1-3):

Առանց ջանքի չկա արդյունք, սիրելի՛ հավատացյալներ, առանց աղոթքի չկա պատասխան, առանց պայքարի չկա հաղթանակ, առանց խաչի չկա հարություն, առանց տքնության չկա պսակ. նաև այս էր կամենում Քրիստոս սովորեցնել առաքյալներին՝ Իր հետ Թաբոր բարձրացնելով: Նրանք տքնեցին, դժվարին բարձունքն անտրտունջ հաղթահարեցին և արժանացան Աստվածայի փառքի տեսությանը, հաղորդակցվեցին Կենաց Լույսին, ստացան այն՝ ինչի մասին չէին էլ երազում. երկնաբնակներն՝ ի դեմս հրեշտակակերպ Եղիայի, ննջեցյալ արդարները Մովսես մարգարեի միջոցով, և երեք երկրաբնակ առաքյաներն արժանացան Քրիստոսի աստվածության տեսությանը և իրենց երկրպագությունը բերեցին Նրան: Որովհետև բազումողորմ Տերն այդպիսին է. աննկատ չի թողնում և ոչ մի արարք. քո մի քայլին հազարն է ընդառաջ գալիս, տվածդ մեկի դեմ հազարն է փոխհատուցում: Այդ է պատճառը, որ Մայր եկեղեցին մշտապես հորդորում է ձեզ հոգևոր գործերի, հոգևոր սխրանքների: Այդ է պատճառը, որ ծուլությունը մահացու մեղք է համարվում: Քանի որ ինչպես, եթե մարդն իր ողջ կյանքում անշարժ պառկի, ապա շուտով անշարժությունից նրա մարմնին խոցեր կառաջանան և օրգանների աշխատանքը կխաթարվի, ինչն էլ անխուսափելի մահվան կհանգեցնի նրան, այդպես էլ հոգու պարագայում. անգործությունն ու անտարբերությունը սպանում են հոգին: Եվ քանի որ մարդը եռանդամ էակ է՝ միտք, մարմին ու հոգի, ապա շատ կարևոր է, որպեսզի ոչ միայն մեր միտքը զբաղված լինի հոգևորով, և հոգին՝ աղոթքով, այլև մարմինը ևս սրանց հետ հավասար մասնակցի աստվածապատգամ գործերին: Քանի որ ինչպես Եկեղեցու հայրերից մեկն է նշում. «Քրիստոսի կողմից նկատված լինելը նվազ բարիք չէ, քան Նրան տեսնելը»: Աշխատե՛ք այս ուղղությամբ, սիրելի՛ հավատացյալներ, թոթափե՛ք ձեր վրայից անգործության մատնող թմբիրն ու գործե՛ք ի սեր Քրիստոսի: Ձեր անձնական Թաբորի գագաթը տանող ճամփա՛ն բռնեք ու վստա՛հ եղեք, որ Քրիստոս է ձեր ուղեկիցն ու Նրա ապրեցնող լույսի տեսությանն եք արժանանալու ի վերջո:

«Լավ է, որ այստեղ ենք, Տե՛ր»,- աստվածային փառքի ու ներկայության երանելի վիճակը հազիվ այս խոսքերով կարողացավ արտահայտել խոսելու ունակությունը վերագտած Պետրոս առաքյալն ու ցանկություն հայտնեց՝ երեք վրան պատրաստելու ու այդտեղից այլևս ոչ մի տեղ չհեռանալու: Վեցերորդ, յոթերորդ դարի պատմիչները վկայում են, որ այդ ժամանակ իսկապես երեք եկեղեցի է կառուցված եղել լեռան գագաթին՝ ի նշան վրանների՝ իրականություն դարձնելով նախանձահույզ առաքյալի փափագը: Սակայն մինչ այս երանությանը հասնելը, մինչ այս փառահեղ տեսությանն արժանանալը երանելի Պետրոսն ու մյուսները խաչի քարոզչությունն էին լսել ու բավականին ժամանակ ունեցել, դրա մասին մտորելու, ինչու չէ՝ խռովվելու ու տագնապելու, բայց ի վերջո հաստատակամորեն ընդունելու Տիրոջ պայմանը. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մտթ. 16:24): Եվ սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ «Տերն Իր Արքայությունը ցույց տվեց նրանց, նախքան Իր անարգվելը, և Իր պատիվը՝ նախքան անպատվությունը, որպեսզի, երբ խաչվի հրեաների կողմից, նրանք իմանան, որ խաչվեց ոչ թե անկարողության պատճառով, այլ Իր բարեհոժարությամբ, ինքնակամորեն՝ աշխարհի փրկության համար»:

Այո, սիրելինե՛ր, խաչի փրկչական ճանապարհն է, որ տանում է պայծառակերպության: Սեփական խաչը հոժարակամորեն ու անտրտունջ կրողն է, որ այս կյանքում արդեն իսկ տեսնում է հավիտենական պայծառակերպության լույսի արտացոլանքը: Իր կրքերի ու տկարությունների դեմ համբերությամբ ու հավատով պայքարողն է, որ այս կյանքում արդեն թեկուզ և ոչ լիարժեքորեն, բայց զգում է Արքայության երանությունը: Առաքինության շավիղներով ընթացողը, առաքելահաստատ եկեղեցու վարդապետությանը հավատարիմ զավակը, ամպից եկող ձայնին հետևողն ու Որդու պատվիրանները կատարողն է, որ անդուլ ջանքերով, աղոթալից կյանքով ու սիրո գործերով գեթ փոքր-ինչ մոտենում է կրակոտ հավատով Պետրոսին, սիրո առաքյալ Հովհաննեսին և Արքայության անմար հույսը սրտում վառ պահող Հակոբոսին՝ մասնակիցը լինելու Պայծառակերպության խորհրդին և առաքյալի հետ երկյուղածորեն մրմնջալու. «Տե՛ր, ի՜նչ լավ է, որ այստեղ ենք»:

Ես ձեզ Քրիստոս Արեգակի, Քրիստոս Աստծու երանավետ ներկայությունն եմ մաղթում, սիրելի՛ հավատացյալներ, փրկող, ամոքող ու զորացնող ներկայությունը: Աղոթում եմ սուրբ Պետրոս առաքյալին, որպեսզի իր նախանձախնդիր հավատի հուրով նաև ձեր հավատը բորբոքի, սուրբ Հովհաննես առաքյալին, որպեսզի ձեզ իր սիրով վարակի, սուրբ Հակոբոսին, որպեսզի իր բարեխոսությամբ բոլոր հանգամանքներում անմար պահեք ձեր հույսը:

Եվ վերջում, սիրելինե՛ր, ներկա իրավիճակից ելնելով, ուզում եմ միասնաբար մեր սրտի աղերսը վերառաքենք առ պայծառակերպյալ Տեր, որպեսզի սուրբ Տիրամոր, սուրբ Լուսավորչի, սուրբ Վարդանանց ու մյուսների բարեխոսությամբ անառիկ լեռների պես պահի մեր անգին հայրենիքի սահմանները: Անխոցելի վահան հագցնի մեր բոլոր զինվոր զավակներին ու սուրբ Խաչի նշանով զորացնի նրանց բազուկները: Թող խորտակվե՛ն երևելի ու աներևույթ թշնամու բոլոր հարձակումներն ու որոգայթները, և Քրիստոսի աստվածության հաղթական լույսը միշտ պայծառ շողա՛ հայոց երկնակամարում:

«….Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանի՛ր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդի՛ր մեր քաջազուն զավակներին, զինի՛ր նրանց անսասան հավատքով և աներկյո՛ւղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:

Բարեսե՛ր Տեր, ընդունի՛ր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը… ամեն  (Տեր Նավասարդ արք. Կճոյան):

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

19.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․