Գրքեր

Քանի դեռ ուշ չէ, մարդը կարող է ինքն իրեն օգնել

Շատերը նկատած կլինեն, որ այժմ ժամանակը շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում: Թվում էր, թե գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացն ինչ-որ չափով կփոխարիներ մարդու աշխատանքին և, մարդն ավելի շատ ժամանակ կունենար, բայց այժմ հակառակ պրոցեսն է: Նախկինում մարդիկ օրը սկսում և ավարտում էին աղոթքով և ոչինչ չէին անում առանց աղոթքի: Այսինքն՝ մարդը ցանկացած պահի ժամանակ էր գտնում Աստծու հետ խոսելու: Չնայած դժվարին կյանքին՝ մարդն ավելի լիարժեք էր ապրում՝ ի տարբերություն այսօրվա վազքի մեջ մտած մարդու, որ արագության մեջ կորցրել է իր ուրախության ակնթարթները: Առօրյա վազքն այսօր խոչընդոտում է մարդուն՝ հանգիստ աղոթելու. շուրթերն աղոթում են, բայց միտքն այս ու այն կողմ է շտապում: Վազքի մեջ նա, միայն իր առջև նայելով, կորցնում է կարևորը՝ Աստծու և իր հարազատների ներկայությունը: Մեքենայացված և տեղեկատվական աշխարհում մարդն, ինքն իրենից օտարանալով, սկսում է տառապել՝ չհասկանալով դրա պատճառը: Իսկ կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ մարդն, արագության մեջ մոռացության մատնելով իր անմահ հոգին, ընկել է անհամբերության և դրանից բխող մեղքերի հորձանուտը: Անհրաժեշտ է, որ մարդը կանգ առնի և իմաստավորի իր ժամանակը՝ դեպի Երկնավոր Հայրը վերադառնալով: Տերը կամեցել է, որ ժամանակը վեր լինի մարդու վերահսկողությունից, որպեսզի մարդն իրեն շնորհված ժամանակահատվածում իր ազատ կամքով ձգտի աստվածնմանության, այսինքն՝ կատարելության: Կյանքը փոխվում է, երբ մարդն առավել շատ ժամանակ է գտնում Աստծու առջև կանգնելու, երբ ժամանակ է գտնում՝ իր մերձավորի ցավին ու տառապանքին դարման լինելու:

Մարդու կյանքը շատ կարճ է, և այս կարճ ժամանակահատվածը հավիտենության հետ համեմատած, աննշան է, անսահման փոքր: Մարդն ահռելի ժամանակ, միտք, ջանք ու եռանդ է ծախսում ժամանակավոր կյանքի համար, բայց Աստծու, աղոթքի և հավիտենության մասին մտածում է այն ժամանակ, երբ վտանգի մեջ է: Մարդն իր անմտության և կարճատեսության պատճառով չի կարողանում հաղորդ դառնալ հոգևորին՝ չնայած, որ կարողացել է թափանցել տիեզերք և միկրոկոսմոս: Նա կորցրել է իր հոգու շատ կարևոր հատկությունը՝ հոգևոր տեսողությունը, այդ պատճառով սկսել է տեսնել միայն նյութականը: Տիրոջ խոսքն ուղղված է նման մարդկանց. «Իմ ոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. 6:3):

Նյութականով տարված՝ մարդը խուսափում է «մահ» բառն ասելուց կամ մահվան մասին մտածելուց: Այնուամենայնիվ, մահից ոչ ոք չի կարող խուսափել: Հոգու փրկության մասին հոգալը կյանքի կարևորագույն և լուրջ խնդիրներից է՝ կարելի է ասել կյանքի և մահվան խնդիրը: Քրիստոս կյանքի այլ իմաստ առաջարկեց մարդուն, այդ իմաստն Աստծով հարստանալն է: Անհրաժեշտ է ձեռք բերել այն, ինչը Տիրոջ խոսքի համաձայն, ո՛չ ցեցն ու ժանգն են փչացնում, ո՛չ էլ հնարավոր է գողանալ (Մատթ. 6:19-20): Մարդուց հնարավոր չէ խլել այն, ինչը բարձրացնում է նրա հոգու որակը, այսինքն՝ առաքինությունները՝ բարությունը, համբերությունը, աշխատասիրությունը և այլն:

Ըստ հայրաբանության՝ ժամանակի նպատակը հավերժության մեջ է. ներկա կյանքը տրվել է հավիտենական երանելի կյանքին պատրաստվելու համար: Նա, ով ամեն ինչ անում է այս նպատակին հասնելու համար՝ փրկագնում է ժամանակը: Մարդը պանդուխտ և օտարական է այս աշխարհում, ուստի չպետք է փնտրի փառք, պատիվ, այլ պետք է ջանա փրկագնել ժամանակը, նման այն հարուստ մարդուն, որ տեսնելով կյանքը խլելու նպատակով իր վրա հարձակվողներին՝ տալիս է ամեն ինչ և փրկում իրեն, այդպես էլ մարդը պետք է տա ամեն ինչ փրկելու համար գլխավորը՝ հավատը:

«Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են: Ուստի անմտություն մի՛ արեք. իմացե՛ք, թե ի՛նչ է ուզում Տերը ձեզնից» (Եփես. 5:16-17): Պողոս առաքյալը հորդորում է ժամանակը ճիշտ գործածել, այսինքն՝ ժամանակի յուրաքանչյուր պահն օգտագործել այնպես, կարծես այն գումարով գնած լինենք՝ բարի գործեր անելու համար: Բարին գործելով՝ մարդը փրկագնում է ժամանակը և չարին վաճառելու փոխարեն այն դարձնում է իր սեփականը: Նա, ով կլանված է կյանքի հոգսերով և հարստություն փնտրտուքով, չի կարող փրկագնել ժամանակը: Ժամանակը փրկագնելով՝ մարդ ինչ-որ կերպ փոխում է այն՝ չար օրերը բարու վերածելով:

Եկեղեցու հայրերը հորդորում են չտրվել ժամանակի փոփոխականությանը, այլ դիմակայել այդ փոփոխականությանը՝ կենսատու նպատակին հասնելու մեծ վճռականությամբ: Սուրբգրային կերպարներից՝ Հովսեփի միակ նպատակը Աստծուն հաճելի լինելն էր.  ո՛չ եղբայրների ատելությունը, ո՛չ ստրկության վիճակը, ո՛չ զնդանի մռայլությունը, ո՛չ էլ Եգիպտոսի իշխանությունը չփոխեցին նրան: Նա միշտ նույնն էր և, փրկագնելով իր ժամանակը, չար օրերը վերածեց բարի օրերի: Նույնը կարելի է ասել նաև Հոբի մասին: Նա ենթարկվել էր տարբեր փորձությունների. բայց ո՛չ հարստությունը, ո՛չ աղքատությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ ընկերների նախատինքները, ո՛չ բոլորի կողմից լքված լինելը և ո՛չ էլ հարստության վերականգնումը չփոխեցին նրան:

Փրկարար նպատակին հասնելու համար հարկ է, որ քրիստոնյան հիշի իր վերջին ժամը և չկորցնի մահվան մասին հիշողությունը: Քանի դեռ ուշ չէ, մարդ կարող է ինքն իրեն օգնել՝ քրտնաջան աշխատելով այստեղ՝ երկրի վրա: Մահից հետո կլինի միայն մեղքերի կամ բարի գործերի հատուցում: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հորդորում է հասկանալ ներկա ժամանակի իմաստը. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է գալիս, իսկույն ասում եք. «Անձրև է գալու», և այդպես էլ լինում է: Երբ քամին փչում է հարավից, ասում եք. «Սաստիկ շոգ է լինելու», և այդպես էլ լինում է: Կեղծավորնե՛ր, երկինքն ու երկիրը դիտելով՝ կարողանում եք կանխատեսել գալիք եղանակը. ինչո՞ւ, սակայն, չեք կարողանում հասկանալ ներկա ժամանակի իմաստը» (Ղուկ. 12:54-57):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

21.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․