Գրքեր

«Քառասունք յարութեան» ավարտը սիրիահայերը նշանավորեցին ուխտագնացությամբ

Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ Քրիստոսի Հարության փառաբանությանը նվիրված «Քառասունք յարութեուն»-ը՝ Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շրջանը, մոտենում է իր ավարտին: Իսկ այս շրջանը եզրափակող Համբարձման տոնի անբաժան մասն են կազմում ուխտագնացությունները: Մայիսի 25-ին՝ Համբարձման տոնի նախօրեին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի մարզի Ակունք գյուղի Ս. Կարապետ եկեղեցի: Ինչպես ամեն մի ուխտի ճանապարհ, այնպես էլ այս ուղին սիրիահայ ուխտավորներն անցան աղոթքով և շարականների երգեցողությամբ: 

18-րդ դարում կառուցված սրբավայրում ուխտավորները, Ս. Կարապետի բարեխոսությանը դիմելով,   Տիրոջ անբավ ողորմությունը հայցեցին Հայաստան ու Արցախ աշխարհների անսասանության և խաղաղության համար: Սիրիահայ ուխտավորների միասնական աղոթքը եզրափակվեց շարականների երգեցողությամբ: Այնուհետև նրանք սիրո ճաշ ունեցան, որի ավարտին նշեցին Համբարձման տոնի ժողովրդական սովորությունը: Սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց միության անդամ Լուսի Բահարյանն ուխտավորներին ներկայացրեց Համբարձման տոնի ավետարանական պատմությունն ու ժողովրդական սովորությունը, որի համաձայն տոնը կոչվում է նաև «Վիճակի օր»: Ապա յոթ ծաղկով զարդարված զամբյուղից ներկաներին բաժանվեցին վիճակներ, որոնք պատրաստվել էին տիկնանց միության անդամների կողմից: Սիրիահայերի սովորության համաձայն՝ վիճակների մեջ պատրաստվում է մի վիճակ, և ում բաժին է ընկնում այն, նա համարվում է հաջողակ՝ արժանանալով յոթ մրգով լի զամբյուղին: Սիրիահայ համայնքի անդամները համբարձման ժողովրդական տոնախմբությունը համեմեցին նաև ասմունքով և հայրենասիրական երգերով: «Հույսի միավոր» տիկնանց միության անդամների նախանձախնդիր ջանքերի շնորհիվ ներկաները մասնակից եղան Սուրբ Համբարձման ուրախ տոնախմբությանը: 
Ինչպես Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, այնպես էլ Համբարձման տոնը քրիստոնյայի համար հաղթանակի տոն է, քանի որ մահվանը հաղթանակած Քրիստոս մինչ երկինք բարձրանալն Իր հետևորդներին խոստացավ՝ Ես ձեզ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20): Փրկչի տեսանելի ներկայությունը Համբարձումից հետո փոխարինվեց Նրա անտեսանելի ներկայությամբ եկեղեցում: Այդ պատճառով Քրիստոսի հետևորդները գալիս են եկեղեցի, որպեսզի մկրտությամբ, ապաշխարությամբ, հաղորդությամբ և ընդհանրական աղոթքի մեջ հարատևելով՝ հոգեպես մաքրվեն և ամրանան, զգան, որ Տերն իրենց հետ է, իրենց մեջ:

 

Կարինե Սուգիկյան

25.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․