Գրքեր

Քրիստոնեական սերը չի ճանաչում սահմաններ

Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդը չի կարող դեպի Աստված գնալ՝ շրջանցելով իր նմանին: Կարևոր է այդ ճանապարհին, որ ճամփորդը զերծ մնա անտարբերությունից և ուղղակի չանցնի այն մարդու կողքով, ում Տերն է ուղարկել իր առջև: Հանդիպումը տվյալ մարդու հետ Աստծո կողմից ընձեռնված հնարավորություն է բարին գործելու և Տիրոջը մոտենալու: Ում էլ, որ հանդիպի ճամփորդն իր ճանապարհին, նա մեկն է, ով իրավահավասար է իրեն, ով ևս ունի Աստծո պատկերը, ինչպես ինքը, ում պետք է սիրի այնպես, ինչպես իրեն է սիրում: Այսպիսին է քրիստոնյա ճամփորդի ուղին, քանի որ քրիստոնեական սերը չի ճանաչում սահմաններ, քանի որ Քրիստոսի սերն էլ չունի սահմաններ:

Դեկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Կիրակոսյան ընտանիքին և առավել մանրամասնորեն ծանոթացավ այն խնդիրների հետ, որ ունի ընտանիքը: Քառանդամ ընտանիքը բնակվում է Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի 39-րդ տանը, որ գտնվում է վթարային վիճակում: Ընտանիքի մայրը՝ Մերի Ավետիսյանը (33 տ.), նշեց, որ ամեն օր ապրում ենք այն մտավախությամբ, որ ամեն պահի հնարավոր է տան որևէ հատված քանդվի: Նա դիմել է համապատասխան մարմիններին տունն ամրացնելու համար անհրաժեշտ շինանյութի խնդրանքով, բայց մնացել է անարձագանք: Բացի այն, որ տունը վթարային վիճակում է գտնվում, այն նաև խոնավ է, ինչի հետևանքով ընտանիքի բոլոր անդամները տառապում են ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդությամբ, երեխաները մի քանի անգամ թոքաբորբով են հիվանդացել:

«Երեխաներս դպրոց են հաճախում կամ ցավազրկող դեղ խմելով, կամ էլ բացակայում են դասերից: Վերջին շրջանում հիվանդության պատճառով նրանք երկու ամիս չեն հաճախել դպրոց: Ես և երկու զավակներս նաև պարբերական հիվանդությունն ունենք: Այս ամենից բացի աղջկաս մոտ էլ վահանաձև գեղձի հետ կապված խնդիր է առաջ եկել: Ամուսինս շինարար է, ողնաշարային ճողվածք ունենալով, աշխատում է, որպեսզի կարողանանք առաջնայինը մեր բուժման հետ կապված ծախսերը մասամբ հոգալ, քանի որ դեղորայքներ կա, որ անմատչելի են մեզ համար և միայն արտերկրում են վաճառվում: Եթե հնարավոր լիներ ինչ որ կերպ բնակարանի խնդիրը լուծել, ապա մեր հիվանդություններն էլ մասամբ կմեղմանային»,- ասաց Մերին:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի աջակցությամբ գնված ամանորյա անհրաժեշտ սնունդ: Տեր Հայրը Նավասարդ Սրբազանի անունից ընտանիքին փոխանցեց Ամանորյա և Ս. Ծննդյան շնորհավորանքներ, իսկ ընտանիքի զավակներին՝ Դավիթին (6 տ.) և Գալինային (12 տ.), հանձնեց մանկական Աստվածաշնչեր:

Հին Կտակարանի Սիրաքի Իմաստության գրքում այս հորդորին ենք հանդիպում. «Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը: Մի՛ հապաղիր հիվանդին տեսության գնալ, և դա շնորհ կհամարվի քեզ համար» (Սիրաքի Իմաստություն 7:36, 39):

 

 

Կարինե Սուգիկյան

30.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․