Գրքեր

Քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ արժանիքը

Աշխարհի ստեղծագործության առաջին իսկ օրից կինն ունեցել է իր յուրահատուկ տեղն ու դերը՝ կարևոր դեր խաղալով նաև կրոնների պատմության մեջ:

Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է տարբեր կրոնների մեջ կնոջ մասին տարբեր ըմբռնումների, ընտանիքում նրա տեղի և դերի մասին:

Բուդդայական բարոյականության մեջ կնոջ նկատմամբ կա թշնամական վերաբերմունք: Բուդդայականությունը դատապարտում է կնոջը, որովհետև կինը խանգարում է ամուսնուն փրկվելու, հետևապես տղամարդը կարող է փրկվել, եթե լքում է իր ընտանիքը, այսինքն՝ ընդօրինակում է Բուդդային:

Ամուսնությունն իսլամում դիտվում է որպես յուրաքանչյուր մուսուլմանի կրոնական պարտականություն, թույլատրվում է ունենալ 4 կին, այդ թվում նաև՝ անչափահասների: Ամուսինը կարող է ամուսնությունը խզել՝ առանց պատճառները բացատրելու: Մահմեդը 11 օրինական կին է ունեցել, բացի դրանից՝ 30 այլ կանայք: Վերջին կինն Աբու Բեքրի դուստր Այշեն էր, որի հետ Մահմեդն ամուսնացավ, երբ վերջինս 6 տարեկան էր, իսկ ինքը՝ 50 տարեկան:

Կնոջ արժանապատվությունը նսեմացված է Ղուրանում, նրա օրենսդրական մասում՝ շարիաթում, կոնկրետորեն նշված է, որ կինը երկրորդական և օժանդակ էակ է: Համաձայն Ղուրանի՝ ժառանգությունը բաժանելիս ծնողների ունեցվածքի բաշխումն պիտի կատարվի այնպես, որ արու որդին ստանա այնքան, որքան երկու աղջիկները (ս. 4. ա. 175): Նշանակում է, «երկու աղջիկը» նոր միայն հավասար է մի տղամարդու (ս. 2, ա. 282-284): «Արուները,-ասում է Ղուրանը,-պիտի բարձր կանգնած լինեն իրենց կանանցից, որովհետև ալլահը, առաջիններին արտոնություններ տալով, տեր է կարգել երկրորդների վրա» և նորից այն պատճառով, որ նրանք իրենց ունեցվածքը ծախսում են կանանց վրա (ս. 4, ա. 3):

Ըստ Ղուրանի՝ կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին: Ղուրանը բացեիբաց սովորեցնում է տղամարդկանց, թե ինչ վերաբերմունք պիտի դրսևորեն դեպի իրենց կանայք՝ «կամակորությամբ վտանգավոր ձեր կանանց խելքի բերեցեք ծեծով ու ձեր անկողնուց վռնդելով» (ս. 16, ա. 81): Այսքանով հանդերձ՝ Ղուրանը կատարյալ է համարում երկու կնոջ, մեկը փարավոնի կին Ասիյան է, մյուսը՝ Հիսուսի մայրը՝ Մարիամը, հետագայում սուրբ կանանց շարքը դասեց Հադիջային, Այշեին և Մահմեդի դուստր Ֆաթիմային:

Հին Կտակարանում կնոջը տեսնում ենք արական սեռի տիրապետութեան տակ: Րաբբիները իրենց եբրայեցի կանանց արհամարհում էին: Թալմուտում ասվում է, թե ամեն օր պետք է շնորհակալ լինել Աստծուն երեք բանի համար. «Գոհանում եմ Քեզ, որ հեթանոս չես ստեղծել, կին չես ստեղծել, տգետ չես ստեղծել»: Հրեաների մոտ կինը հարգված էր միայն, երբ մայր էր: Բոլոր մյուս պարագաներում, ամուսինը կնոջ բացարձակ տերն էր:

Այս ամենին զուգահեռ Հին Կտակարանում հանդիպում ենք նաև կանանց, որոնք եբրայեցիների շրջանում կարևոր դեր են խաղացել. Մովսեսի քույրը՝ Մարիամը, Մակաբայեցիների մայրը, Հուդիթը, Դեբովրան, Հռութը և այլ կանայք:

Նոր Կտակարանում Հիսուսի գալուստով ժամանակը հեղաշրջվեց, մինչ այդ գոյություն ունեցող օրենքները նոր իմաստ և արժեք ստացան: Քրիստոնեությունն իգական սեռի արժանիքը բարձրացրեց: Քրիստոս Իր ուսուցումներով և կանանց հանդեպ վերաբերմունքով հարգանք և պատիվ ընձեռեց կնոջը:

Աստծո Որդին մարդեղացավ, ծնվեց Սբ. Կույս Մարիամ Աստվածածնից և այդուհետ կինն արժանացավ Աստծո մեծագույն շնորհին (Ղուկաս 1:26-38):

Աշակերտները զարմանք ապրեցին, երբ տեսան Հիսուս Քրիստոսին սամարացի կնոջ հետ զրուցելիս (Հովհաննես 4:7-26): Մեկ ուրիշ անգամ, երբ մեր Տերը Աստծո թագավորությունը բացատրել ուզեց, կնոջ կողմից պատրաստվող թթխմորի առակի օրինակ բերեց (Մատթեոս 13:33), իսկ ուրախության զգացումը բացատրելու համար՝ իր կորցրած դրամը գտնող կնոջ առակը պատմեց (Ղուկաս 15:8-11): Այս ամենն անսովոր էին այդ ժամանակի ունկնդիրների համար:

Հիսուսի առաքելության սկիզբը և Իր առաջին հրաշքն իրականացավ կնոջ՝ Իր մոր բարեխոսությամբ: Ղազարոսի քույր՝ Մարթան հայտարարեց, թե Հիսուս Մեսիան է, հարությունը և կյանքը: Մարիամ Մագդաղենացին միակն էր, որ Մարիամի և Հովհաննես առաքյալի հետ Հիսուսի խաչելության պահին Նրա մոտ էին: Հարության ավետիսն առաջինը ստացան կանայք:

Հիսուս Քրիստոսի կատարած այս հրաշալի բարեփոխությունը կանանց հանդեպ, շարունակվեց առաքելական շրջանում: Առաջին դարերից սկսյալ, երբ եկեղեցին ծնունդ առավ, կանայք ընդգրկված էին համայնական կյանքից ներս և առաքյալների գործակիցներն էին: Նրանք իրենց գործուն և կենդանի մասնակցությունն էին բերում եկեղեցական կյանքի տարբեր բնագավառներում և իրենց ծառայությունն էին մատուցում: Սուրբ Գրքի համաձայն՝ տղամարդը և կինը հավասար են Աստծո նմանության մեջ. «Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1:27):

Քրիստոս կանանց հանդեպ Իր անձնական վերաբերմունքով օրինակ ծառայեց, որ բոլոր կանայք պետք է հարգվեն որպես մայրեր ու քույրեր: Խաչելության պահին մեր Տերը Իր սիրելի աշակերտ Հովհաննեսին հանձնարարեց շարունակել խնամքն Իր մոր՝ Մարիամի հանդեպ (Հովհաննես 19: 26-27):

Սբ. Մարիամ Աստվածածինն աշխարհի բոլոր քրիստոնյաների համար խոնարհության գերագույն օրինակ է: Նա իր «այո»-ով ամբողջ մարդկության փրկությունը հնարավոր դարձրեց:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

04.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․