Գրքեր

Քրիստոնյայի նպատակակետը

Քրիստոնյան նպատակակետ ունի, հանուն որի նա ապրում է և գործում: Ս. Պողոս առաքյալն ասում է. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետ, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 3:14): Հանուն այդ նպատակակետի քրիստոնյան փորձում է ապրել ներկայով՝ արժևորելով իր կյանքի յուրաքանչյուր մի պահը: Կարճ է երկրային կյանքը, և Քրիստոսի հետևորդը չի կարող ետ վերադարձնել կամ հետաձգել աստվածապարգև իր կյանքը, նրա համար կարևոր է ապրել օրն այնպես, որ այն ուրախություն պատճառի թե՛ իրեն և թե՛ իր մերձավորներին: Զուր չէ Ս. Սիմեոն Աթոսացու հետևյալ հորդորը. «Մի՛ ապրիր հիշողություններով, նրանք սպանում են քո ապագան: Մի՛ ապրիր երազանքներով, նրանք սպանում են քո ներկան… կյանքը դա ոչ անցած օրն է և ոչ էլ գալիքը, այլ այն, ինչ մենք ապրում ենք հենց այս պահին»: Իսկ եկեղեցու հայրերից մեկ ուրիշի խոսքով. «Քո կյանքի գլխավոր պահն այն է, ինչ դու ապրում ես այժմ, իսկ գլխավոր հանդիպումը կայանում է այն մարդու հետ, ով այժմ քո առջև է»:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աստվածատուր ժամանակի ընձեռնած ամեն մի հնարավորություն ի փառս Աստծո գործածելով, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը:

Հերթական այդ հնարավորությունը համայնքն ունեցավ դեկտեմբերի 14-ին՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երբ այցելեց Մելքոնյան ընտանիքին, որ բնակվում է Թաիրով 1/3 հասցեում տեղակայված վագոն-տնակում: Ընտանիքը քսան տարի բնակվում է տարրական պայմաններից զուրկ երկու փոքր սենյակներից բաղկացած վագոն-տնակում: Ընտանիքի մայրը՝ 46-ամյա Ծովիկ Մելքոնյանը, վեց տարի է, ինչ միայնակ է խնամում իր երեք զավակներին:

«Ես և երեխաներիցս երկուսն առողջական խնդիրներ ունենք: Այժմ ի վիճակի չեմ աշխատելու, 18-ամյա դուստրս է աշխատում, քանի որ սովորելու հնարավորություն չի ունեցել, բայց նրա աշխատավարձը չի բավարարում չորս հոգուց բաղկացած մեր ընտանիքի կարիքները հոգալու համար»,- ասաց տիկին Ծովիկը:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (60 000 դրամ), որ տրամադրել էր By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանը:

Ծովիկ Մելքոնյանը շնորհակալ էր այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի, հոգևոր հովվի և աջակից անձի կողմից:

 

 

Կարինե Սուգիկյան

14.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․