Գրքեր

Քունն ուղարկեք նրանց, ովքեր չեն կարողանում քնել

- Հա՛յր, աղոթելիս ինչո՞ւ է հաճախ քունս տանում:

- Սառն ես ապրում: Թուլացել ես և այժմ պետք է հավաքվես: Մի՞թե կարող ես հանգիստ քնել, երբ հուզված ես և անհանգստանում ես որևէ բանի մասին: Ի նշան երախտագիտության մարդը կարող է գիշերը չքնել և աղոթել իր բարերարի համար: Իսկ այնուհետև նա պետք է մտածի. «Ինձ բարիք գործած մարդու համար գիշերը չքնեցի, իսկ մի՞թե Աստծու համար, Ով հանուն ինձ խաչվեց, արթուն չեմ մնա»:

- Հա՛յր, իսկ քնկոտությունը կարո՞ղ է ֆիզիկական թուլության հետևանքը լինել:

- Այո՛, քնկոտությունը երբեմն և՛ գերհոգնածությունից է լինում, և՛ արյան ցածր ճնշումից, և՛ ջերմիջեցումից և այլն: Պետք է պատճառը փնտրել և համապատասխանաբար գործել:

- Հա՛յր, իսկ ինչպե՞ս է պատահում, որ մարդը ջերմեռանդորեն աղոթում է, սակայն քունը նրան պատում է:

- Եթե մարդն իրականում շատ է անհանգստանում ինչ-որ բանի համար, ապա նրա մոտ քնկոտություն չի առաջանում: Բայց և ինքդ պետք է փոքր-ինչ հարկադրես քեզ: Եթե խցում ես աղոթում, ապա ջրով լվացվիր, որպեսզի քունը փախչի:

- Գիշերային հսկման ժամանակ սարսափելի ուզում եմ քնել, ի՞նչ անեմ:

- Պայքարի՛ր քնի հետ: Քանի որ մարդը եկեղեցում հոգեպես խաղաղվում է, իսկ մարմնով հոգնում, ապա քունն էլ տանում է: Սակայն եթե դրան չես տրվում, ապա քունը չի դիմանում և նահանջում է: Իհարկե մեկ-երկու ժամից կրկին սկսում է գրոհել. այդ քունն ավելի կպչուն է և դժվար է այն թոթափել, բայց եթե ջանք գործադրես, ապա այն նույնպես կնահանջի: Իսկ եթե այդ երկրորդ քարավանն էլ հեռացավ, ապա վերջ, քունն այլևս սարսափելի չէ քեզ համար:

- Հա՛յր, գիշերային հսկման ժամանակ կարող եմ անգամ երկու ժամ պայքարել քնի դեմ:

- Իսկ ինչո՞ւ քունը չուղարկես այնտեղ, որտեղ դրա կարիքը կա՝ հիվանդանոցներ, հոգեբուժարաններ: Ասա՛. «Տե՛ր, քունն ուղարկիր նրանց, ովքեր չեն կարողանում քնել կա՛մ ցավի, կա՛մ նյարդային գրգռվածության պատճառով»: Քունը սպեղանու վերածիր և աղոթքի միջոցով ուղարկիր նրանց, ովքեր չեն կարողանում քնել և տառապում են, իսկ ինքդ զօր ու գիշեր փառաբանիր Աստծուն:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

21.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․