Գրքեր

«Սերը անվախճան է»

Հունվարի 23-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ստեփանյան Մարիին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Մարին իր ամուսնու՝ Նազարյան Լեոի (59 տ.) հետ երկու տարի առաջ տեղափոխվել է Հայաստան՝ վարձակալությամբ բնակվելով Ա. Խաչատրյան 22ա բն.11 հասցեում:

«Մի քանի ամիս է, ինչ ամուսինս որպես կահույքագործ է աշխատում: Ես, մաթեմատիկայի մանկավարժ լինելով, չեմ կարողանում աշխատանքի անցնել, քանի որ Սիրիայում ստացած իմ վկայականի մեջ չի նշվում, որ մանկավարժական կրթություն ունեմ: Միայն ամուսնուս աշխատավարձը չի բավարարում, որ տան վարձը վճարենք և հոգանք մեր նվազագույն կարիքները: Անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին՝ սիրիահայ համայնքին մշտապես ուշադրության ներքո պահելու համար»,- ասաց Մարին:

«Արդ, դուք որ հնազանդվելով ճշմարտությանը՝ սրբեցիք ձեր անձերը, որպեսզի ապրեք անկեղծ եղբայրասիրությամբ, սիրեցե՛ք միմյանց սրտանց, մաքուր սրտով, որովհետև Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով դուք վերստին ծնվեցինք, իբրև զավակները ոչ թե մահկանացու մի ծնողի, այլ անմահի» (Ա Պետրոս 1:22-24):

Եկեղեցու հայրերը նշում են, որ Ս. Հոգով Ճշմարտությանը հնազանդվելը մաքրում է մարդու հոգին՝ մղելով նրան անկեղծ եղբայրասիրության: Սիրեցեք միմյանց մաքուր սրտով՝ որպես անփուտ սերմից՝ Աստծո կենդանարար և մշտնջենական խոսքից վերածնվածներ, քանի որ ամեն մարմին նման է խոտի, իսկ մարդկային փառք՝ խոտածաղկի, խոտը չորանում է, խոտածաղիկն էլ ընկնում է: Աստծո մշտնջենական խոսքի մասին Տերն Ինքն է վկայում. «Նույնիսկ, եթե երկինքն ու երկիրը անհետանան, Իմ խոսքերը չեն անհետանա» (Մատթ. 24:35): Ինչպես Տիրոջ խոսքը, այնպես էլ քրիստոնյաների միջև եղած փոխադարձ սերը պետք է հավիտյան լինի: «Սերը անվախճան է, մինչդեռ մարգարեական պատգամներն այս կյանքի հետ վերջ պիտի գտնեն, հրեշտակների լեզուներով խոսելը կդադարի, գիտությունն էլ վերջ կգտնի»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 13:8):

 

Կարինե Սուգիկյան

23.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․