Գրքեր

«Սովորեցեք բարի՛ք գործել»

Դեկտեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (42տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ռուսաստանաբնակ Գոհար Ամիրջանյանը: Ռուզաննան իր չորս զավակների հետ բնակվում է Արմավիր քաղաքի Շահումյան 11/1 43 բն. հասցեում: Երեխաներից մեկն է Ռուզաննայի զավակը, մյուս երեքը, որ ազգությամբ եզդի են և որոնց մայրը երեք տարի առաջ լքել է նրանց, Ռուզաննան է իր խնամքի տակ վերցրել: Ռուզաննայի դստեր ծնունդից հետո նրա ամուսինը լքել է ընտանիքը, և նա միայնակ է խնամել իր դստերը: Ինչպես նշեց ընտանիքի մայրը, նա նաև մեծ սիրով խնամում է արդեն իր չորս զավակներին՝ նշելով, որ իր համար նշանակություն չունի ազգությունը, բոլորն էլ երեխաներ են, որ սիրո, ուշադրության և խնամքի կարիք ունեն:

«Զավակներիցս փոքրը սրտի հետ կապված խնդիր ուներ, բուժում ստանալուց հետո կարգավորվեց իր վիճակը, բայց հետո ալերգիկ վիճակի մեջ ընկավ: Երեք տարի է, որ ինձ մոտ առողջական խնդիրներ են ծագել, ինչի պատճառով չեմ կարողանում աշխատել: Դժվարությամբ, բայց փորձում եմ մեր նվազագույն կարիքները հոգալ իմ հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարներով: Երեք երեխաների հայրը օգնում էր մեզ, բայց այժմ աշխատանք չունի, որպեսզի որևէ կերպ օգնի մեզ»,- ասաց Ռուզաննան և իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար: Նշենք, որ Ռուզաննայի 14-ամյա դուստրը բռնցքամարտիկ է, Հայաստանի կրկնակի չեմպիոն:

Աստվածային օրենքները հորդորում են ոչ միայն չարը չգործել, այլ բարին կատարել: «Սովորեցեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկեցե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն»,- ասում է Տերը Եսայի մարգարեի շուրթերով (Եսայի 1:17): Իրական ապաշխարությունը չի սահմանափակվում մեղսալից գործերից հեռու մնալով, այլ պահանջում է այդ մեղքերին հակադիր առաքինություններ: Եթե մարդը սովոր է չարիք գործելու առավել ևս մերձավորին, ապա պետք է սովորեցնի իրեն բարին գործելու՝ փորձելով օգնել զրկվածին, որբուն և այրուն: Քանի որ, ըստ եկեղեցու հայրերի, արդարության համար բավական չէ բնածին բարությունը: Եսայի մարգարեն հիշեցնում է. «Ով երկրի վրա արդարություն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի» (Եսայի 26:16): Ս. Կյուրեղ Ալեքսանդրացին ասում է, որ երբ Աստված դատապարտում է որևէ մոլություն, ապա չարը գովաբանում է այն և երբ Աստծո խոսքը կոչում է մարդուն սիրուն արժանի բարի գործ կատարել, չարը հրապուրում է նրան հակառակն անելու: Այդ դեպքում մարդու միտքը դառնում է դատավոր, և ով բարին է գովաբանում և այն առավելություն համարում, արդար դատ կվարի, իսկ ով թույլ է տալիս, որ մեղքը հաղթահարի, ապա այդպիսի մեկը դառնում է անընդունակ արդար դատի և արդարացիորեն կլսի՝ վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, որոնք դառնը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառն (Եսայի 5:20):

 

Կարինե Սուգիկյան

30.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․