Գրքեր

Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանաների շնորհաբաշխման արարողություն:

Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և Մայր Աթոռի կառույցներում և թեմերում սպասավորող 236 եկեղեցականներ:

Միասնական Տերունական աղոթքից հետո բացման խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Տոնի առիթով շնորհավորելով Նորին Սրբությանը և Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին` Սրբազան Հայրը նշեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը քահանայական ծառայության արժևորման, պանծացման և փառաբանության օր է: Սրբազանը նաև մաղթեց, որ կորովը, ներշնչանքն ու աստվածային շնորհներն անպակաս լինեն քահանայական դասից:

Մինչ պարգևաբաշխությունը «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարերար տիար Ասո Դավիդյանը քահանայից դասին տեղեկություններ փոխանցեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի վերաբերյալ: Տիար Ասո Դավիթյանը ներկայացրեց այս առնչությամբ կատարված աշխատանքները, պատասխանեց հոգևորականների հարցերին:

Այնուհետև տեղի ունեցավ շնորհաբաշխությունը: Տոնի առիթով Վեհափառ Հայրապետը մի շարք եկեղեցականներին շնորհեց քահանայական լանջախաչեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լանջախաչ կրելու իրավունքի արժանացան`

Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը (Մայր Աթոռ Ս. Էջմիածին),

Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը (Արարատյան Հայրապետական թեմ),

Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Պալգևորգյանը (Արարատյան Հայրապետական թեմ),

Արժանապատիվ Տ. Ղուկաս քահանա Բալայանը (Արարատյան թեմ),

Արժանապատիվ Տ. Ավետիք քահանա Մարտիրոսյանը (Սյունյաց թեմ),

Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը (Գուգարաց թեմ),

Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Ոսկանյանը (Գուգարաց թեմ),

Արժանապատիվ Տ. Սեդրակ քահանա Աղասյանը (Տավուշի թեմ),

Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ասրյանը (Արցախի թեմ):

 

Հավարտ պարգևաբաշխումների Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով շնորհավորեց և իր օրհնությունը բերեց արարողության մասնակիցներին` մաղթելով, որ Ս. Ղևոնդյանք մշտապես ոգեշնչեն եկեղեցականներին իրենց առաքելության մեջ:

Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին մեկ ու կես հազարամյակ նշում է այս տոնը` կարևորելով այն արժեքները, որոնք այն մատուցում է մեր ժողովրդին: Վեհափառ Հայրապետը դրանց շարքում մասնավորապես առանձնացրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին անձնազոհ նվիրումը, որն իրենց նահատակությամբ վկայեցին Ս. Ղևոնդյանք:

Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայությանը և հայոց ազգի հոգևոր կյանքին` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ իբրև Տիրոջ խոսքի քարոզիչներ, Տիրոջ այգու մշակներ ու տնտեսներ` եկեղեցականները պետք է այնպես խնամեն Տիրոջ այգեստանները, որպեսզի նրանք ծաղկուն վիճակի մեջ ու բարեբեր մնան, մշտարթուն ու աչալուրջ լինեն, որպեսզի չարը որոմներ չսերմանի, և ժամանակին կարողանան նկատել դրանք և արմատախիլ անել: Վեհափառ Հայրապետը հորդորեց հոգևոր դասին զգոն և նախանձախնդիր լինել հոգևոր սպասավորության մեջ, ազգի զավակներին սնել, կրթել ու դաստիարակել Քրիստոսի պատվիրաններով և պատգամներով, Աստվածաշնչի խոսքով` զգուշացնելով, որ այսօր չարը գործում է տարբեր ու ավելի բարեկիրթ անվանումների ներքո: Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց, որ աշխարհիկության անվան ներքո ներկա ժամանակներում անհավատություն և եկեղեցատյացություն է քարոզվում և տարածվում, փորձ է արվում խարխլել քրիստոնեական հոգևոր արժեհամակարգը, այն արժեքները, որոնցով դարեր շարունակ ապրել է ու հարատևել հայ ժողովուրդը, փորձ է արվում շփոթեցնել և շեղել նրան դարերով դավանած ճշմարիտ հավատքից և արժեքներից:

Հայոց Հայրապետը նշեց, որ այսօրվա եկեղեցականության սրբազան և նվիրական պարտականությունն է շարունակել հայրերի արթուն սպասավորությունը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին և քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Տիրոջ զորակցությունը և Սուրբ Հոգու շնորհները ամենքին` առավել պայծառացնելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցին և նրա զավակներին համախումբ պահելու Եկեղեցու կամարների ներքո: Գարեգին Բ Վեհափառը պատգամեց ժողովրդի հոգում միշտ սերմանել հավատի հունդերը, որպեսզի դրանք առատ պտղաբերեն հայրենաշեն և եկեղեցանվեր գործերով:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Աստված Իր Աջը հովանի դարձնի հայրենի երկրին ու ժողովրդին և Իր օրհնությամբ ու առատ շնորհներով զորացնի եկեղեցականներին` փառքով կատարելու իրենց ծառայությունը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի շինության համար:

06.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․